Լաչինի միջանցքի տարածք են ժամանել Ադրբեջանի ՆԳՆ ներքին զորքերի զինծառայողներ և ոստիկանական ուժեր
17:59 - 13 դեկտեմբերի, 2022

Լաչինի միջանցքի տարածք են ժամանել Ադրբեջանի ՆԳՆ ներքին զորքերի զինծառայողներ և ոստիկանական ուժեր

Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդում են, որ Լաչինի միջանցքի տարածք են ժամանել Ադրբեջանի ՆԳՆ ներքին զորքերի զինծառայողներ և ոստիկանական ուժեր՝ «ապահովելու բողոքի ակցիայի մասնակիցների անվտանգությունը»։

Միևնույն ժամանակ այսօր արտաքին հարաբերությունների գծով Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը Բաքվում դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ հանդիպմանը անդրադարձել է Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակին։ Հաջիևը հայտնել է, որ կապի մեջ են ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության հետ՝ նշելով, որ ադրբեջանական կողմը նամակներ է փոխանցել հրամանատարությանը։

Ադրբեջանական լրատվամիջոցները նաև տարածում են տեսանյութեր, որտեղ երևում է, որ ռուս խաղաղապահները փակված ճանապարհի մոտ վրաններ են տեղադրել, սակայն առայժմ հայտնի չէ, թե ինչ նպատակներով։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 3-ին Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել էին Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Ադրբեջանական կողմի հետ ավելի քան երեք ժամ տևած բանակցություններից հետո ի վերջո ճանապարհը բացվել էր։ 

Արցախի բնապահպանության կոմիտեն հայտարարություն տարածեց՝ ընդգծելով, որ Արցախում ընդերքից օգտվելու սկզբունքները, կարգը, ինչպես նաև ընդերքօգտագործման հետ կապված հարաբերությունները սահմանվում են Արցախի՝ ընդերքի մասին օրենսգրքով, և որ Արցախի Հանրապետությունը պատրաստ է նույնիսկ միջազգային փորձագիտական խումբ հրավիրել՝ բնապահպանական ռիսկերը լրացուցիչ գնահատելու և համակարգը բարելավելու նպատակով։ 

Դեկտեմբերի 12-ին ադրբեջանցի «էկոակտիվիստներ»-ը կրկին փակել են Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը, որը Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհն է։ 

Գլխավոր լուսանկարը՝ ադրբեջանական Report.az-ի


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել