Այսօր՝ Արցախի շրջափակման 14-րդ օրը, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հավաքվել էին տասնյակ հազարավոր արցախցիներ։ Հանրահավաքին ներկա էին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, նախկին նախագահ Բակո Սահակյանն ու պետնախարար Ռուբեն Վարդանյանը։
Հանրահավաքը սկսվեց տերունական աղոթքով, որը հնչեցրեց Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։
Նա հանրահավաքի մասնակիցներին փոխանցեց Հայոց կաթողիկոսի օրհնությունն ու Հայ առաքելական եկեղեցու աջակցությունը, այնուհետև նշեց․ «Այսօր Կաթոլիկ եկեղեցին տոնում է Սուրբ ծննդյան տոնը։ Ուստի այս առիթով նաև մեր կոչն ենք հղում համայն քրիստոնյա աշխարհին՝ վեր կանգնելու քաղաքական շարժառիթներից և, քրիստոնեական սիրուց մղված, անդրադառնալու Արցախում ապրող իրենց հավատակից քույրերի ու եղբայրների մարդկային տարրական իրավունքների պահպանության հիմնախնդրին, որպեսզի մենք էլ հնարավորությւն ունենանք լիարժեք և խաղաղ պայմաններում տոնելու Սուրբ ծննդյան հրաշափառ տոնը»։
Հանրահավաքի մասնակիցները 1 րոպե լռությամբ հարգեցին պատերազմում զոհվածների հիշատակը։ Այնուհետև ելույթ ունեցան Արցախի տարբեր բնակավայրերի բնակիչներ։ Արցախի երիտասարդները ելույթ ունեցան նաև անգլերենով, ֆրանսերենով ու ռուսերենով։
Արցախյան երրորդ պատերազմում զոհված և անհայտ կորած զիծառայողների հարազատների միության նախագահ Արմեն Ասրյանը Արդբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության ուշադրությունը հրավիրեց բազմամարդ հավաքին․ «Հոկտեմբերի 30-ին ասում էիք՝ Հայաստանից են մարդիկ եկել։ Հիմա՞ որտեղից են եկել։ Տեսե՛ք, որ Արցախը կա՛, լինելո՛ւ է Արցախը, և Արցախցին պայքարելո՛ւ է այստեղ ապրելու համար»։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 30-ին Վերածննդի հրապարակում հանրահավաք էր տեղի ունեցել։
Այսօրվա հանրահավաքի ընթացքում ելույթ ունեցավ նաև Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը։ Նա նշեց, որ մյուս տարվա սկզբին՝ փետրվարի 23-ին, կլրանա Արցախի պայքարի 35 տարին․ «Այս բլոկադան 14 օր չէ․ այս պայքարը շարունակվում է 35 տարի»։
Ռուբեն Վարդանյանի խոսքով՝ իրենք ամեն օր՝ առավոտվա ժամը 7-ից մինչև գիշերվա ժամը 2-ը, աշխատում են դժվարությունները հաղթահարելու համար․ «Հավատացե՛ք, որ մենք հասկանում ենք ձեր բոլոր դժվարությունները։ Մենք գիտենք այն, ինչ որ եղել է՝ և՛ անարդարության հետ կապված, և՛ այն խնդիրները, որ կանգնած են ձեր առջև, մեր բոլորի առջև, որ մենք պետք է ստեղծենք նոր իրավիճակ, որ մենք բոլորս հավատանք, որ արդար երկրում ենք ապրում, և սա դառնա օրինակ ուրիշ երկրներին, նույն մեր հարևան երկրին, որ ուղարկել են էկոակտիվիստներին (նկատի ունի Ադրբեջանին,- խմբ․)։ Իրենք մեզանից պիտի օրինակ վերցնեն։ Մենք ենք իրենց սովորեցնելու՝ ոնց պիտի ապրեն, ոչ թե իրենք մեզ պիտի ասեն՝ էկոլոգիական ստանդարտները ոնց ենք պահում»։
Ռուբեն Վարդանյանը նաև մարդկանց կոչ արեց միմյանց հավատալ և հարգել պետությունը․ «Սա է մեր ուժը, որ մենք ոչ թե ուղղակի անկախ ենք, այլ մենք իսկապես դարձել ենք հասարակություն, որը գիտի՝ ինչ է նշանակում ժողովրդավարությունը, ինչ են նշանակում մարդու իրավունքները, ինչ է նշանակում մարդուն հարգելը։ Մի օրենք կա․ երբ քեզ սեղմում են, կա՛մ դու ուժեղանում ես ու հետ ես հրում, կա՛մ փախչում ես։ Մենք իրավունք չունենք փախչելու․ մենք պետք է ընդդիմանանք, մենք պետք է, այդ ուժը մեր մեջ տեսնելով, դեմ տանք մեր ուժն իրենց դիմաց»։
Արցախի պետնախարարը նշեց, որ ինչպես ռուսական հեքիաթներում, Արցախն այժմ ունի երեք ճանապարհ․ «Մեկը՝ ենթարկվում ենք ուշ թե շուտ, կամաց-կամաց ինտեգրացվում ենք Ադրբեջանին։ Երկրորդը՝ այստեղից դուրս ենք գալիս։ Երրորդը՝ պայքարում ենք։ Ես իմ որոշումը կայացրել եմ սեպտեմբերի 2-ին․ ես այստե՛ղ եմ, ես պայքարո՛ւմ եմ, ու ես այստեղից չեմ գնալու, ու ես չե՛մ ենթարկվելու Ադրբեջանի պայմաններին»։
Նա նաև խոսեց սպասվող դժվարություններից՝ նշելով, որ ճանապարհը հեշտ չի լինելու․ «Ե՛վ քրտինք է լինելու, և՛ արյուն է թափվելու, և՛ շատ աշխատանք է պահանջվելու։ Բայց եթե մենք մեր մեջ այդ ուժը զգանք, որ մենք իրար հավատում ենք, որ մենք գիտենք մեր նպատակը, որ մեր անկախ Արցախը մեզ համար ամենակարևորն է, և մեր հողի վրա ապրելն է իմաստը մեր կյանքի, ես վստահ եմ՝ ոչ թե մենակ մենք ենք դա զգալու, աշխարհն է դա զգալու, ոչ թե մենակ աշխարհն է մեզ օգնելու, մե՛նք ենք աշխարհին օգնելու։ Մենք չպետք է մենակ ասենք՝ մենք զոհ ենք, մեզ օգնե՛ք։ Մենք ենք օգնում աշխարհին՝ լինելով այսպես ուժեղ, այպես անկախ, այսպես պատրաստ պայքարելու»։
Հանրահավաքի վերջին հատվածում հնչեցվեց Արցախի ժողովրդի կոչը՝ ուղղված աշխարհին և հայությանը։ Իր կոչում Արցախի հայ ժողովուրդը հայտարարեց, որ Արցախը արտաքին աշխարհին կապող հաղորդակցությունը պետք է առանց նախապայմանների ու անհապաղ վերականգնվի, և պայմաններ ստեղծվեն դրա հետագա անխափան գործունեությունն ապահովելու համար։
Կոչում նաև նշվում է․ «Արցախի Հանրապետությունը շարունակելու է ջանքեր գործադրել իր ժողովրդի անվտանգությունն ու պաշտպանունակությունը ամրապնդելու համար` համադրելով սեփական կարողություններն ու Ռուսաստանի Դաշնության Խաղաղապահ առաքելության հնարավորությունները»։
Հանրահավաքի ավարտին հնչեց Արցախի Հանրապետության օրհներգը։
Վերածննդի հրապարակում ընթացող հանրահավաքին զուգահեռ Երևանում ակցիա էին կազմակերպել արցախցի երիտասարդները։ «Բացե՛ք կյանքի ճանապարհը», «Արցախ» վանկարկումներով ակցիայի մասնակիցները քայլերթ իրականացրին դեպի Հանրապետության հրապարակ և կատարեցին Արցախի օրհներգը։
Գլխավոր լուսանկարը՝ Սուրեն Ստեփանյանի ֆեյսբուքյան էջից
Աննա Սահակյան
comment.count (0)