Ավագանին հաստատել է Երևանի 2023թ. բյուջեն և զարգացման ծրագիրը
21:02 - 27 դեկտեմբերի, 2022

Ավագանին հաստատել է Երևանի 2023թ. բյուջեն և զարգացման ծրագիրը

Երևանի ավագանին դեկտեմբերի 27-ին հավանություն է տվել Երևանի զարգացման 2023թ. ծրագրի հաստատման մասին որոշման նախագծին:

Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից, քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը տեղեկացրել է, որ հաջորդ տարի ծավալուն ծրագրեր կիրականացվեն մանկապարտեզների, պոլիկլինիկաների, համայնքային թատրոնների հիմնանորոգման, ոռոգման համակարգի ընդլայնման, բակերի ու այգիների բարեկարգման, վերելակների փոխարինման ուղղությամբ:

«Համայնքը կշարունակի նոր շարժակազմով համալրել ավտոբուսային պարկը, կկառուցվի նոր հավաքակայան, կհիմնվի տրանսպորտի կառավարման կենտրոն, կտեղադրվեն նոր կանգառասրահներ ու կփոխարինվեն լուսացույցները: Համայնքը 2023թ. նախանշում է սկսել նաև Արշակունյաց-Իսակովի պողոտա նոր ճանապարհի կառուցումը:  

Օրակարգի մեկ այլ հարցով ավագանին քննարկել և քվեարկությամբ հաստատել է Երևանի 2023թ. բյուջեն: Հաջորդ տարի զգալի միջոցներ կհատկացվեն քաղաքային մի շարք ծրագրերի իրականացման համար: Մասնավորապես, 6 մլրդ 630 մլն դրամ նախատեսված է 24 մանկապարտեզի հիմնանորոգման, վեց մանկապարտեզի բակային տարածքների բարեկարգման ու 2022թ.-ից մեկնարկած 9 մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքներն ավարտելու նպատակով»,- ասվում է հաղորդագրության մեջ:  

Ըստ աղբյուրի՝ 69 բակային տարածքների հիմնանորոգման, խաղասարքերի տեղադրման, 17 ֆուտբոլի դաշտերի վերակառուցման, ինչպես նաև նախորդ տարիներին շահագործման հանձնված բակերի ընթացիկ նորոգման ու պահպանման նպատակով բյուջեից 3 մլրդ 21 մլն դրամ կհատկացվի: 

Վերելակների փոխարինման համար նախնական 1 մլրդ դրամ է նախատեսված, որով  ձեռք կբերվի շուրջ 100 նոր վերելակ, սակայն հաջորդ տարի համայնքը նախանշում է ավելացնել միջոցներն ու փոխարինել շուրջ 700 վերելակ: 

Այգիների կառուցման ու պահպանման համար բյուջեից կհատկացվի 720 մլն 644 հազար դրամ, որով կհիմնանորոգվի 14 հանգստի գոտի, կիրականացվեն ընթացիկ նորոգման աշխատանքներ: 

Մայրուղիների և փողոցների վերակառուցման և հիմնանորոգման համար կհատկացվի 404 մլն 73 հազար դրամ, իսկ ասֆալտբետոնե ծածկի վերանորոգման ու հիմնանորոգման համար՝ 3 մլրդ 494 մլն դրամ: 

Հաջորդ տարի 11.48%-ով կբարձրացվի համայնքային ենթակայության նախադպրոցական ու արտադպրոցական հաստատությունների աշխատավարձային ֆոնդը:  

Ըստ հատկացումների 2023թ. նախանշված մյուս ծրագրերը՝ հղմամբ.

Նշվում է, որ բյուջեի որոշման նախագիծը ներկայացնող Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ քաղաքային իշխանությունները շարունակելու են աշխատանքը վճարային համակարգերի թվայնացման ուղղությամբ, ինչը նպաստելու է քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը։ Նա նաև նկատել է, որ կարճ ժամանակում համայնքը կարողացել է ճկուն լինել ու հարմարվել անկանխիկ եղանակով վճարումներ կատարելու փոփոխությանը, ինչի մասին է վկայում նաև արդեն իսկ շուրջ 100 %-ով ընթացիկ տարվա եկամուտների հավաքագրման ապահովումը:
     
«Ավագանու որոշմամբ սահմանվել է անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցի գույքահարկի արտոնություններ սահմանելու կարգը: Կարգի համաձայն՝ Արցախյան և Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների, հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության, հատուկ առաջադրանքներ կատարելու կամ հակառակորդի նախահարձակ գործողությունների հետևանքով զոհված, վիրավորված և ստացած վնասվածքներից հաջորդող տարիների ընթացքում մահացածների ընտանիքները, գերեվարված, անհայտ կորած կամ մահացած ճանաչված (կամ նրանց ընտանիքի անդամները), ինչպես նաև 1-ին և 2-րդ խմբի զինհաշմանդամներն այսուհետ կարող են օգտվել այդ արտոնությունից՝ քաղաքապետի անունով ներկայացնելով դիմում՝ կցելով նշված խմբի ներկայացուցիչ լինելու փաստը հավաստող փաստաթղթերի պատճենները: 

Արտոնություններ են սահմանվել նաև 2023թ. տեղական որոշ վճարների համար: Ավագանու որոշմամբ՝ զոհված զինծառայողների և զոհված ազատամարտիկների երեխաները Երևանի արտադպրոցական դաստիարակության հաստատություններում (երաժշտական և արվեստի դպրոցներ և այլն) կսովորեն անվճար, իսկ 1-ին կամ 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցող ծնողների երեխաների համար վճարը կկազմի 4000 դրամ»,- հայտնում են Երևանի քաղաքապետարանից՝ հավելելով՝ որ մանկապարտեզները կշարունակեն անվճար լինել այն երեխաների համար, որոնց ծնողները, օրինական ներկայացուցիչները կամ նրանցից մեկը մշտապես կամ փաստացի հաշվառված է Երևան քաղաքում: Արտոնությունը տարածվում է նաև ազատամարտիկների, զոհված ազատամարտիկների, նրանց ընտանիքի անդամների, ԶՈՒ պարտադիր ժամկետային, պայմանագրային և այլ զորքերում ծառայողների, զոհված զինծառայողների, երկկողմանի ծնողազուրկ, 1-ին կամ 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցող ծնողների երեխաների, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող երեխաների համար: Բացի այդ, արտոնություն կարող են ստանալ նաև տեղահանված անձի,  փախստականի կամ ՀՀ-ում ապաստան հայցողի կարգավիճակ ունեցողների երեխաները: 

Տեղեկացվում է, որ տեղաշարժվելու դժվարություն ունեցող, հաշմանդամություն ունեցող անձանց կամ նրանց փոխադրող տրանսպորտային միջոցների, ինչպես նաև բացառապես էլեկտրաէներգիա օգտագործող և բացառապես էլեկտրական շարժիչով աշխատող ավտոտրանսպորտային միջոցների (էլեկտրամոբիլ) սեփականատերերի համար կգործի ավտոկայանատեղի տեղական վճարի արտոնություն: Նշված արտոնությունից օգտվելու համար սեփականատերը քաղաքապետի անունով պետք է ներկայացնի դիմում՝ կցելով նշված խմբի ներկայացուցիչ լինելու փաստը հավաստող փաստաթղթերի պատճենները: 

Ավագանու մեկ այլ որոշմամբ սահմանվել են նաև տեղական տուրքերի և վճարների 2023թ. դրույքաչափերը: Հավելվածները՝ հղմամբ

Ավագանին հավանություն է տվել նաև «Տեղական բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության շրջանակում Երևանի 2023-2024թթ. գործողությունների ծրագրին: 

Երևանի ավագանու որոշմամբ՝ Զաքիյան, Բեյրութի և Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոցներով պարփակված Մանկական զբոսայգու տարածքում կտեղադրվի 2008թ. մարտի 1-ին Երևանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ զոհվածների հիշատակին նվիրված հուշարձան: 

Երևանի ավագանու հաջորդ նիստը կգումարվի 2023թ. փետրվարի 14-ին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել