Ռուբեն Վարդանյանի ղեկավարությամբ տեղի ունեցած նիստում քննարկվել են Արցախում կտրոնային համակարգի ներդրման մեխանիզմները
14:02 - 09 հունվարի, 2023

Ռուբեն Վարդանյանի ղեկավարությամբ տեղի ունեցած նիստում քննարկվել են Արցախում կտրոնային համակարգի ներդրման մեխանիզմները

Արցախի Հանրապետության պետական նախարար, Օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանի ղեկավարությամբ հունվարի 9-ին տեղի ունեցած շտաբի նիստում քննարկվել են Ադրբեջանի կողմից Արցախի շարունակվող շրջափակման պայմաններում բնակչության առաջնային կարիքների ապահովմանը վերաբերող մի շարք հրատապ հարցեր:

Ինչպես հայտնում են Արցախի պետական նախարարի աշխատակազմից, այս համատեքստում կարևորվել է կտրոնային համակարգի ներդրումը, ինչը հնարավորություն կտա առավելագույնս համաչափ բաշխել առկա պարենային ապրանքները: Նշվել է, որ արդեն մշակվել են համակարգի ներդրման մեխանիզմները: Սկզբնական շրջանում այն նախատեսվում է կիրառել առաջնային նշանակության մի քանի ապրանքատեսակների համար: Ներկայում իրականացվում են տեխնիկական և կազմակերպչական աշխատանքներ՝ առաջիկա օրերի ընթացքում կտրոնային համակարգի անցնելու համար:

Նիստի ընթացքում տեղեկություններ են ներկայացվել օպերատիվ շտաբի անդամների՝ շրջաններ կատարած այցերի և բնակչության հետ ունեցած հանդիպումների մասին: Նշվել է, որ բարձրացված հիմնական հարցերից մեկը վերաբերել է հենց կտրոնային համակարգի ներդրմանը:

Պետնախարարը հանձնարարել է ամփոփել հանդիպումների ընթացքում բնակչության կողմից բարձրացված հարցերը, տարբերակել խնդիրները և քննարկել դրանց լուծման հնարավորությունները.

«Այս հանդիպումները ցույց են տվել, որ շրջափակման դժվարությունները չեն կոտրել մարդկանց ոգին: Բարձրացվել են երեք խումբ հարցեր՝ կոնկրետ բնակավայրին վերաբերող տեղական խնդիրներ, ընդհանուր խնդիրներ, որոնք համակարգային լուծումներ են պահանջելու, և բողոք-դժգոհություններ: Կան նաև հրատապ խնդիրներ, որոնց պետք է առաջնային կարգով լուծումներ տրվեն»:

 Պետնախարարին ներկայացվել է նաև ճանապարհների իրավիճակը, ձյան մաքրման աշխատանքների կազմակերպման ընթացքը: Զեկուցվել է, որ ադրբեջանական «էկոակտիվիստների» կողմից Ստեփանակերտ-Գորիս մայրուղու արգելափակման հետևանքով հնարավոր չէ իրականացնել մայրուղու ամբողջական մաքրումը, և մի մեծ հատված մնում է չմաքրված՝ վնասելով ճանապարհի որակը:

Նիստի ընթացքում անդրադարձ է եղել նաև Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջոցով ծանր հիվանդների տեղափոխման, ինչպես նաև անչափահաս երեխաներ ունեցող՝ կիսված ընտանիքների միավորման հնարավորություններին: Կարևորվել է այս ուղղություններով Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հետ համագործակցված աշխատանքը:

Անդրադարձ է եղել նաև կանխիկի դրամաշրջանառության հետ կապված խնդիրներին: Պետնախարարը հանձնարարել է քայլեր ձեռնարկել՝ առկա հնարավորությունների շրջանակում իրավիճակը կարգավորելու առումով: Կարևորվել է բնակչության շրջանում իրազեկման աշխատանքների իրականացումը, որպեսզի մարդիկ խուսափեն մեծ ծավալի գումարի կանխիկացումից և կանխիկը պահելուց:

Զեկուցվել է նաև պարենային ապրանքների, դեղորայքի, բենզինի և դիզելային վառելիքի շուկաներում ընթացիկ իրավիճակը: Ներկայացվել են էներգամատակարարման, ջրամատակարարման և ենթակառուցվածքների անխափան աշխատանքն ապահովելու ուղղությամբ իրականացվող քայլերը:

2022 թվականի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախը Հայաստանին կապող Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով շրջափակման մեջ է հայտնվել Արցախի 120 000 բնակիչ, այդ թվում՝ 30 000 երեխա։ 1100 քաղաքացիական անձ, այդ թվում՝ 270 անչափահաս, չի կարողանում Հայաստանից վերադառնալ Արցախ։

Շրջափակման պատճառով Հայաստանից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախ, ինչի հետևանքով առկա է սննդի, դեղորայքի պակաս:

350 հիվանդ չի կարողանում բուժում ստանալ Հայաստանում: 13 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում, 13 բուժառու՝ վերակենդանացման բաժանմունքում․ 6-ը ծայրահեղ ծանր վիճակում են։ Այս օրերի ընթացքում շտապ բուժօգնության կարիք ունեցող 13 հայ և 4 օտարերկրացի է միայն Կարմիր խաչի միջնորդությամբ տեղափոխվել Հայաստան, իսկ Արցախում բուժօգնության կարիք ունեցող և ծանր վիճակում գտնվող հիվանդներից մեկը մահացել է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել