Մշակութային միջոցառումն ինքնին հիմք չէ մեկ անձից գնում իրականացնելու համար․ Սուրեն Գրիգորյանը սխալվում է
20:23 - 10 հունվարի, 2023

Մշակութային միջոցառումն ինքնին հիմք չէ մեկ անձից գնում իրականացնելու համար․ Սուրեն Գրիգորյանը սխալվում է

2022 թվականի տարեվերջին Երեւան քաղաքի ամանորյա լուսավորությունը ամենաքննարկվող թեմաներից էր․ միայն դրա կազմակերպման վրա քաղաքային բյուջեից ծախսվել է շուրջ 191 միլիոն ՀՀ դրամ (ըստ գնումների մասին պաշտոնական՝ armeps.am կայքի)։ Ոմանք ողջունում էին քաղաքին սովորականից ավելի տոնական տեսք տալու որոշումը՝ հաշվի առնելով նաեւ Եվրատեսիլ միջազգային մրցույթի շրջանակում սպասվող միջոցառումները, ոմանք էլ քննադատում էին այն՝ հետպատերազմյան երկրի համար նման ծախսը չարդարացված շռայլություն համարելով։

Քննադատությունները ծավալվում էին նաեւ այն համատեքստում, որ լուսավորության կազմակերպման համար գնումը Քաղաքապետարանը մեկ անձից՝ «Սինեմարտ» ՍՊԸ-ից է իրականացրել (ըստ Fip.am-ի՝ ընկերության միակ բաժնետերն ու տնօրենը Հանրային հեռուստաընկերության ռազմավարական ծրագրերի պատասխանատու Ռուբեն Շահինյանն է), այսինքն՝ առանց մրցույթ հայտարարելու։ Թեեւ օրենսդրորեն հստակ սահմանված է, թե պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները որ դեպքում եւ երբ են իրավասու գնում իրականացնել մեկ անձից՝ առանց մրցույթ հայտարարելու, սակայն այդ իրավակարգավորումները երբեմն խեղաթյուրված են ներկայացվում։

Ի՞նչ է սահմանում «Գնումների մասին» օրենքը

«Գնումների մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածը սահմանում է գնում կատարելու ընթացակարգերը, որոնց թվում է մեկ անձից գնումը։ Նույն օրենքի 23-րդ հոդվածով արդեն ամրագրված են մեկ անձից գնման ընթացակարգի պայմանները։ Ըստ այդմ, գնումը կարող է կատարվել մեկ անձից, եթե` 

1) գնման ենթակա ապրանքը, աշխատանքը կամ ծառայությունը հնարավոր է ձեռք բերել միայն մեկ անձից, որը պայմանավորված է նրա հեղինակային եւ հարակից իրավունքներով, հատուկ կամ բացառիկ իրավունքի առկայությամբ. 

2) արտակարգ կամ չնախատեսված այլ իրավիճակի առաջացման հետեւանքով ծագել է գնման անհետաձգելի պահանջ եւ, արտակարգ կամ չնախատեսված այլ իրավիճակից ելնելով, գնման այլ ձեւերի կիրառումը ժամկետի առումով անհնար է, պայմանով, որ նման պահանջը հնարավոր չէր օբյեկտիվորեն կանխատեսել. 

3) պատվիրատուն, որեւէ անձից կատարելով ապրանքների գնում, որոշում է սկզբնական պայմանագրում չներառված, սակայն օբյեկտիվորեն չնախատեսված հանգամանքներից ելնելով` սկզբնական պայմանագրի կատարման համար անհրաժեշտ դարձած ապրանքների լրացուցիչ գնում կատարել նույն անձից, պայմանով, որ` 

ա. լրացուցիչ ապրանքների պայմանագիրը հնարավոր չէ տեխնիկապես կամ տնտեսապես առանձնացնել սկզբնական պայմանագրից` առանց պատվիրատուի համար նշանակալի դժվարություն ստեղծելու, եւ 

բ. դրա գինը չգերազանցի սկզբնական պայմանագրի ընդհանուր գնի 10 տոկոսը: Ընդ որում, միեւնույն անձից սույն կետի կիրառմամբ լրացուցիչ գնում կարող է կատարվել մեկ անգամ, իսկ լրացուցիչ ապրանքների գինը չի կարող սահմանվել ավելի, քան նախատեսված է պայմանագրով. 

4) գնման գինը չի գերազանցում գնումների բազային միավորը (մինչեւ 1 միլիոն ՀՀ դրամ)

5) գնումն իրականացվում է ՀՀ տարածքից դուրս:

Այսինքն՝ օրենքով սահմանված է 5 պայման, որոնց առկայության դեպքում պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները կարող են որեւէ ապրանք կամ ծառայություն պատվիրել առանց մրցույթ հայտարարելու՝ մեկ անձից գնման ընթացակարգով։ Ի հավելումն այս օրենքի՝ առկա է նաեւ գնումների գործընթացի կազմակերպման կարգի վերաբերյալ Կառավարության որոշում, որի մասին՝ հաջորդիվ։

Ո՞ր պայմանով է առաջնորդվել Երեւանի քաղաքապետարանը

2022 թվականի տարեվերջյան ասուլիսի ժամանակ Երեւանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, անդրադառնալով հնչող քննադատություններին, ասել է․ «Ասում են՝ էդ չգիտեի՞ն, որ Նոր տարի է գալու։ Գիտեինք, ժողովո՛ւրդ ջան, բայց մեր օրենսդրությունը մեկ անձից գնման ընթացակարգով հիմքեր նախատեսում է ոչ միայն հրատապության դեպքում, որը էս դեպքում մի փոքր, այնուամենայնիվ, եղել է, որովհետեւ կոնկրետ պահի մենք հասկացանք, որ անհրաժեշտություն կա՝ հաշվի առնելով Եվրատեսիլի միջոցառումը, որպեսզի այս երկու իրադարձությունները համընկնեն, բայց ինքնին մշակութային միջոցառման իրականացման համար նախատեսված է համապատասխան հիմք, որը իրավունք է տալիս մեկ անձից կատարել գնում»։

Հիմքը, որի մասին նշել է փոխքաղաքապետը, սահմանված է ՀՀ կառավարության 2017 թվականի N 526-Ն որոշմամբ։

Մասնավորապես, որոշման 23-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված են այն գնումները, որոնք կարող են կատարվել «Գնումների մասին» օրենքի հիշյալ 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիման վրա՝ հատուկ կամ բացառիկ իրավունքի առկայության հիմքով։ 

Ցանկի 33-րդ կետը սահմանում է, որ այդ գնումների թվում է մշակութային եւ (կամ) գեղարվեստաստեղծագործական միջոցառումների (բեմադրությունների, ցուցադրությունների, ցուցահանդեսների, համերգների, փառատոնների, կինոարտադրության, հեռուստահաղորդումների, ռադիոհաղորդումների արտադրության) կազմակերպման շրջանակում ապրանքների, աշխատանքների եւ ծառայությունների ձեռքբերումը (բացառությամբ շինարարական աշխատանքների):

Ինչպես նկատում ենք, մշակութային միջոցառումների շրջանակում ծառայությունների ձեռքբերումը թե՛ օրենսդիրը, թե՛ գործադիրը պայմանավորել են հատուկ կամ բացառիկ իրավունքի առկայության հիմքով, ուստի անհրաժեշտ է հասկանալ, թե որոնք են այդ իրավունքները։

Հատուկ կամ բացառիկ իրավունքները կապված են հեղինակային եւ հարակից իրավունքների հետ։ Բացառիկ իրավունքը հեղինակային գույքային իրավունք է, որի էությունն այն է, որ հեղինակը կարող է ցանկացած ձեւով եւ եղանակով օգտագործել իր ստեղծագործությունը, ինչպես նաեւ թույլատրել կամ արգելել երրորդ անձանց դրանց օգտագործումը, օրինակ՝ վերարտադրումը, տարածումը, թարգմանությունը եւ այլն։ Այսինքն՝ մտավոր սեփականության օբյեկտի օգտագործումը եւ/կամ օգտագործման թույլտվությունը կամ արգելքը տալը հեղինակի բացառիկ իրավունքն է (Հեղինակային եւ հարակից իրավունքների մասին ՀՀ օրենք, հոդված 13, Քաղաքացիական օրենսգիրք, հովված 1124)։

Հատուկ իրավունքը վերաբերում է կերպարվեստի ստեղծագործություններին․ որեւէ հեղինակ իրավունք ունի ստեղծագործության բնօրինակի կամ օրինակի սեփականատիրոջից պահանջելու վերարտադրման կամ վերամշակման իր իրավունքն իրագործելու հնարավորություն ընձեռել իրեն, եթե դրանով չեն վնասվում սեփականատիրոջ օրինական շահերը (ՀՀ քաղաքացիական օրենսգիրք,, հոդված 1126) Այսինքն՝ կերպարվեստի ստեղծագործության բնօրինակի (կամ օրինակի) հեղինակը կարող է հատուկ իրավունք ընձեռել մեկ այլ հեղինակի, որպեսզի վերջինս վերարտադրի կամ վերամշակի իր տվյալ ստեղծագործությունը, եթե դա չի վնասում իր օրինական շահերը։

Հասկանալի է, որ ամանորյա լուսավորության կազմակերպման գործընթացը այնպիսի ծառայություն չէ, որը կարող էր իրականացնել միայն մեկ ընկերություն՝ պայմանավորված իր հատուկ կամ բացառիկ իրավունքով (ինչպես, օրինակ, գազի մատակարարման կամ փոստային կապի ծառայության դեպքում է)։ Սա հիմնավորվում է նաեւ նրանով, որ ասուլիսի ընթացքում փոխքաղաքապետը հայտնել է, որ  իրենք այլ ընկերությունների հետ եւս բանակցել են, սակայն ընտրվել է «Սինեմարտ»-ը, քանի որ այն նշել է, որ ներգրավելու է մասնագետներ այլ երկրներից, մասնավորապես՝ Վրաստանից, որտեղ տարիներ շարունակ այդ մասշտաբի լուսավորություն իրականացվում է: Այսինքն՝ այդ մտավոր գործունեության արդյունքը (ամանորյա լուսավորությունը) հնարավոր էր ստանալ նաեւ այլ ընկերություններից, սակայն, ըստ փոխքաղաքապետի, ընտրվել է «Սինեմարտ»-ը, քանի որ իրենց համար կարեւոր է եղել, որ դա լինի ոչ միայն գեղեցիկ, այլ նաեւ անվտանգ:

Այսպիսով, մեկ անձից գնման ենթակա ծառայությունների ցանկում մշակութային միջոցառումների կազմակերպումը իսկապես ներառված է, սակայն իրականում դա ոչ թե ինքնին հիմք է գնումը մեկ անձից իրականացնելու համար, ինչպես փոխքաղաքապետն է նշել, այլ այդ ծառայությունը պետք է հնարավոր լինի ձեռք բերել միայն մեկ անձից՝ պայմանավորված վերջինիս հատուկ կամ բացառիկ իրավունքով, որն էլ տվյալ դեպքում առկա չէ։

Քաղաքապետարանը չի պատասխանել մեր գրավոր հարցմանը

Հաշվի առնելով վերոգրյալը՝ նախորդ տարեվերջին՝ դեկտեմբերի 7-ին, մենք գրավոր հարցմամբ դիմել ենք Երեւանի քաղաքապետարան՝ փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանին խնդրելով հայտնել՝ ՀՀ օրենսդրության, մասնավորապես, ո՞ր իրավական ակտի ո՞ր մասի ո՞ր կետով է սահմանված, որ մշակութային միջոցառման իրականացումը ինքնին հիմք է մեկ անձից գնման ընթացակարգի համար։ Եթե խոսքը ՀՀ կառավարության՝ մեր կողմից հիշատակված որոշման եւ դրա համապատասխան կետի մասին է,  խնդրել ենք հայտնել՝ ինչո՞վ է պայմանավորված եղել տվյալ ծառայությունը այլ անձից ձեռք բերելու անհնարինությունը («Գնումների մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետ)։ Միեւնույն ժամանակ խնդրել ենք հայտնել՝ տվյալ դեպքում ինչպե՞ս է արտահայտվում մեկ անձի («Սինեմարտ» ՍՊԸ-ի) հատուկ կամ բացառիկ իրավունքը, որի առկայությունը թե՛ «Գնումների մասին» օրենքով, թե՛ Կառավարության հիշյալ որոշմամբ նախատեսված է։

«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ  օրենքի 9-րդ հոդվածը սահմանում է, որ գրավոր հարցման պատասխանը տրվում է այն ստանալուց հետո՝ 5-օրյա ժամկետում, իսկ եթե տեղեկությունը տրամադրելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք, ապա այն դիմողին է տրվում դիմումը ստանալուց հետո՝ 30-օրյա ժամկետում, որի մասին դիմողին գրավոր տեղեկացնում են նույն 5-օրյա ժամկետում՝ նշելով հետաձգման պատճառները եւ տեղեկությունը տրամադրելու վերջնական ժամկետը։

Դեկտեմբերի 13-ին մեզ հետ կապ է հաստատել Քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Լեւոն Սարդարյանը՝ տեղեկացնելով, որ Սուրեն Գրիգորյանը վատառողջ է, եւ մի քանի օրվա ընթացքում կպատասխանի հարցմանը։ Մեկ շաբաթվա ընթացքում պատասխան չստանալով՝ դեկտեմբերի 20-ին զանգահարել ենք Սարդարյանին, որը հայտնել է, որ մենք կտեղեկացվենք հարցմանը մեկամսյա ժամկետում պատասխանելու մասին։ Այդպիսի գրավոր ծանուցում այդպես էլ չստանալով՝  սպասել ենք մեկամսյա ժամկետի ավարտին, սակայն պատասխան կրկին չենք ստացել։ 

Երեկ՝ հունվարի 9-ին, դարձյալ զանգահարել ենք Լեւոն Սարդարյանին՝ տեղեկացնելով, որ պատրաստվում ենք առաջիկա երկու օրվա ընթացքում հոդվածը հրապարակել։ Սարդարյանը խոստացել է կապ հաստատել փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանի հետ, սակայն մինչ այս պահը մենք այդպես էլ փոխքաղաքապետից որեւէ պատասխան չենք ստացել։

 

Միլենա Խաչիկյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել