Պատրաստվում ենք շարունակել ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության գործընթացը. ԱՄՆ Պետդեպ |news.am|
10:51 - 14 հունվարի, 2023

Պատրաստվում ենք շարունակել ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության գործընթացը. ԱՄՆ Պետդեպ |news.am|

news.am: Մենք անհամբեր սպասում ենք Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին, և մենք պատրաստվում ենք շարունակել գործընթացը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի քարտուղարի տեղակալ Վեդան Փաթելը։

«Ընդամենը մի քանի օր առաջ Թուրքիայի նախագահի խրտվիլակը կախվել է Շվեդիայի մայրաքաղաքի քաղաքապետարանի առջև։ Նույնիսկ Շվեդիայի վարչապետն ասաց, որ դա չափազանց լուրջ է և ՆԱՏՕ-ին իրենց դիմումի սաբոտաժ է: Երեկ նույն ամբիոնից մեր գործընկեր Նեդ Փրայսը հայտարարեց, որ Շվեդիան պատրաստ է անդամակցել ՆԱՏՕ-ին։ Բայց չե՞ք կարծում, որ հաշվի առնելով վերջին իրադարձությունները՝ Շվեդիան դեռ որոշակի ճանապարհ ունի անցնելու, երբ խոսքը վերաբերում է իր տարածքում ահաբեկչությունն արմատախիլ անելուն»,- ասել է Փաթելը։

Նա նշել է, որ Թուրքիան բախվում է «անվտանգության շատ բարդ միջավայրի»։

«Եվ ինչպես մենք արդեն ասել ենք ավելի վաղ, Թուրքիան ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցներից մեկն է, որը բախվում է ամենամեծ թվով ահաբեկչական հարձակումների։ Ինչ վերաբերում է այս կոնկրետ միջադեպին, ապա ես ծանոթ չեմ դրան, ուստի թույլ կտամ ինձ նկատել, որ այն խորը տագնապ է առաջացնում։ Բայց ես կցանկանայի կրկնել Փրայսի խոսքերն այն մասին, որ մենք, իհարկե, անհամբերությամբ սպասում ենք Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին և պատրաստվում ենք շարունակել գործընթացը»,- հավելել է նա։ 

Հիշեցնենք, որ Ֆինլանդիան և Շվեդիան Թուրքիայի հետ եռակողմ համաձայնագիր են ստորագրել 2022 թվականին, որի նպատակն է հաղթահարել Անկարայի առարկությունները Հյուսիսատլանտյան դաշինքին իրենց անդամակցության վերաբերյալ։

Մայիսին նրանք դիմել են ՆԱՏՕ-ին անդամակցելու համար, սակայն Թուրքիան դեմ է արտահայտվել և մեղադրել է երկրներին «ահաբեկիչներին» ապաստանելու մեջ։ Խնդիրն այն մարդկանց արտահանձնումն է, ում Թուրքիան համարում է ահաբեկիչներ։ Անկարան հիասթափություն է հայտնել անցյալ տարվա վերջին շվեդական դատարանի որոշման առնչությամբ՝ դադարեցնելու լրագրողի արտահանձնման հարցումը, ով կասկածվում է իսլամական հասարակական գործիչ Ֆեթուլլահ Գյուլենի հետ կապեր ունենալու մեջ, ում Թուրքիան մեղադրում է հեղաշրջման փորձի մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել