Դնեպրում բնակելի շենքի հրթիռակոծության հետևանքով զոհերի թիվը հասել է 35-ի |hetq.am|

hetq.am: Ուկրաինայի Դնեպր քաղաքում բազմահարկ բնակելի շենքի հրթիռակոծության հետևանքով զոհերի թիվը հասել է 35-ի, ներառյալ 2 երեխա։ Այդ մասին հայտնել է Դնեպրոպետրովսկի մարզային վարչակազմի ղեկավար Վալենտին Ռեզնիչենկոն։

«Ներկայում թշնամական հարձակումը խլել է շենքի 35 բնակչի կյանք։ Դրանց թվում 2 երեխա կա։ 39 մարդ փրկվել է, 75-ը՝ վիրավորվել։ Վիրավորներից 14-ը երեխաներ են։ Շենքի ևս 35 բնակչի ճակատագիրն անհայտ է։ Փլատակների տակ մարդկանց որոնումները շարունակվում են»,- գրել է նա։

Ռեզնիչենկոյի խոսքով՝ Դնեպրում որոնողափրկարարական գործողությունն ընթանում է արդեն ավելի քան 40 ժամ։ Գիշերը փրկարարները փլատակների տակից հանել են ևս մի քանի դիակ։

Հունվարի 15-ի երեկոյան Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ռուսերենով դիմել էր ռուսաստանցիներին։

«Ուզում եմ ասել բոլոր նրանց Ռուսաստանում և Ռուսաստանից, որոնք նույնիսկ հիմա չեն կարողանում արտահայտել մի քանի բառ՝ դատապարտելու այդ տեռորը, չնայած ամեն ինչ հիանալի տեսնում են ու գիտեն։ Ձեր վախկոտ լռությունը, տեղի ունեցածին սպասելու փորձը կավարտվի միայն նրանով, որ մի օր այդ նույն ահաբեկիչները կգան նաև ձեր հետևից։ Չարը խիստ զգայուն է վախկոտության նկատմամբ, չարը միշտ հիշում է նրանց, որոնք վախենում են իրենից և փորձում սակարկել։ Եվ երբ այն գա ձեր հետևից, ոչ ոք չի լինի ձեզ պաշտպանելու համար»,- ասել է Ուկրաինայի նախագահը։

Այս խոսքերից հետո նա ընդգծել է, որ ճիշտ է համարում «ռուսաստանցիների դեմ պատժամիջոցների ընդլայնումը, որոնք օգնում են տեռորին»։

Ավելի մանրամասն` hetq.am-ում։ 

 

Լուսանկարը` AP-ի։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն