Լավրովը կարծում է, որ Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված ճգնաժամը մոտ ժամանակներում կլուծվի
15:12 - 18 հունվարի, 2023

Լավրովը կարծում է, որ Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված ճգնաժամը մոտ ժամանակներում կլուծվի

Սերգեյ Լավրովը կարծիք է հայտնել, որ Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված ճգնաժամը մոտ ժամանակներում կլուծվի։ Այս մասին ՌԴ ԱԳ նախարարն ասել է 2022 թվականն ամփոփող ասուլիսի ժամանակ։

Լավրովի խոսքով՝ ըստ 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության՝ Լաչինի միջանցքը պետք է բաց լինի բեռների, քաղաքացիների և տրանսպորտային միջոցների համար․ «Բնականաբար առանձին պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ որևէ տեսակի ռազմական բեռներ չպետք է անցնել»։

ՌԴ ԱԳ նախարարը հայտնել է, որ ադրբեջանցիները տվյալներ են փոխանցել իրենց, թե հայկական կողմը ականներ է տեղափոխել միջանցքով, և հետո դրանք օգտագործվել են ականապատելու ադրբեջանական դիրքերի մոտ գտնվող հատվածները։ Այս տվյալները, ըստ Լավրովի, ռուսական կողմը ստուգում է։

Նա նշել է, որ ռուսական խաղաղապահ զորախումբը պետք է վերահսկի Լաչինի միջանցքով երթևեկութունը ու ունի բոլոր իրավունքները ստուգելու անցնող տրանսպորտային միջոցները և բացառելու չթույլատրված, ոչ հումանիտար առարկաների անցումը։ 

Լավրովը հայտնել է նաև, որ ռուս խաղաղապահների մասնակցությամբ հանդիպում է տեղի ունեցել Ադրբեջանի ու Արցախի ներկայացուցիչների միջև, և կարծիք հայտնել, որ առաջիկայում հարցը կհանգուցալուծվի։

2022թ․ դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախը ՀՀ-ին կապող Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով շրջափակման մեջ է Արցախի 120 000 բնակիչ, այդ թվում՝ 30 000 երեխա։ 1100 քաղաքացիական անձ, այդ թվում՝ 270 անչափահաս, չի կարողանում ՀՀ-ից վերադառնալ Արցախ։ Հունվարի 17-ին 19 երեխա ռուսական խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ Գորիս-Ստեփանակերտ ճանապարհով վերադարձել է տուն։ 

Շրջափակման պատճառով ՀՀ-ից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախ․ առկա է սննդի, դեղորայքի պակաս:

13 երեխա նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում է, 9 բուժառու՝ վերակենդանացման բաժանմունքում․ 5-ը ծայրահեղ ծանր վիճակում են։ Այս օրերի ընթացքում շտապ բուժօգնության կարիք ունեցող 28 հայ և 4 օտարերկրացի է միայն Կարմիր խաչի միջնորդությամբ տեղափոխվել ՀՀ, իսկ Արցախում հիվանդներից մեկը մահացել է:

Հունվարի 10-ից վթարի պատճառով Արցախում էլեկտրամատակարարումը կատարվում է հովհարային անջատումների չորսժամյա գրաֆիկով։

 Ադրբեջանը հունվարի 18-ի առավոտից կրկին խափանել է Հայաստանից Արցախը սնուցող միակ գազատարի աշխատանքը: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել