Գերմանիան Լեհաստանին չի խոչընդոտի Կիևին գերմանական տանկեր մատակարարելու հարցում |armenpress.am|
12:32 - 23 հունվարի, 2023

Գերմանիան Լեհաստանին չի խոչընդոտի Կիևին գերմանական տանկեր մատակարարելու հարցում |armenpress.am|

armenpress.am: Եթե Լեհաստանը դիմի գերմանական Leopard-2 տանկեր Ուկրաինային մատակարարելու թույլտվության համար, ապա կստանա այն, հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոքը։ Այդ մասին տեղեկանում ենք «Интерфакс» գործակալությունից:

«Նման հարցում չի ստացվել: Եթե լիներ, մենք որևէ խոչընդոտ չէինք հարուցի»,- ասել է Բերբոքը ֆրանսիական LCI հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Գերմանական օրենսդրության համաձայն՝ այն երկրները, որոնց սպառազինության մեջ գերմանական արտադրության զենք կա, իրավունք չունեն դրանք վերաարտահանել մարտական գործողությունների գոտի՝ առանց Գերմանիայի կառավարության համաձայնության։

Ավելի վաղ Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին հայտարարել էր, որ Վարշավան պարզապես կարող է անտեսել գերմանական արտադրության տանկերի վերաարտահանման վերաբերյալ գերմանական ցանկացած սահմանափակում։

«Համաձայնությունը երկրորդական հարց է: Կա՛մ մենք կստանանք այդ համաձայնությունը, կա՛մ մենք ինքներս կանենք այն, ինչ պետք է արվի», - ասել է Մորավիեցկին:

Միևնույն ժամանակ, Գերմանիայի պաշտպանության նոր նախարար Բորիս Պիստորիուսն անցյալ շաբաթ հայտարարել էր, թե չի կարելի բացառել, որ Գերմանիան ինքը կմատակարարի Leopard տանկեր կամ դրանք Ուկրաինա վերաարտահանելու թույլտվություն կտա այն երկրներին, որոնք զինված են այդ տանկերով։

Սակայն, ինչպես հաղորդվում է, Բեռլինը դեռ որոշում չի ընդունել տանկերի մատակարարման շուրջ և դրանք վերաարտահանելու թույլտվություն չի տվել։

ԶԼՄ-ների հաղորդագրությունների համաձայն՝ Գերմանիան պատրաստ է գնալ այդ քայլին այն պայմանով, որ ԱՄՆ-ն Ուկրաինային տրամադրի իր M1 Abrams տանկերը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել