«Եթե չլիներ այդ դժբախտ դեպքը, ՊՆ-ն այդ տնակների մասին առավոտից գիշեր չէր խոսի»․ Գեղամ Մանուկյան

 |aravot.am|
17:09 - 23 հունվարի, 2023

«Եթե չլիներ այդ դժբախտ դեպքը, ՊՆ-ն այդ տնակների մասին առավոտից գիշեր չէր խոսի»․ Գեղամ Մանուկյան |aravot.am|

aravot.am: ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն այսօր խորհրդարանում կազմակերպել էր դռնփակ աշխատանքային քննարկում՝ ՀՀ զինված ուժերի ներկա վիճակի, բանակում առկա խնդիրների, դրանց լուծման ընթացքի և ուղիների վերաբերյալ, սակայն պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը գրություն էր ուղարկել, որ նպատակահարմար չի գտնում մասնակցել կամ ներկայացուցիչ ուղարկել։

Հրավերին արձագանքել եւ ներկայացուցիչ էր ուղարկել միայն ֆինանսների նախարարությունը։ Քննարկման բաց հատվածում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, անդրադառնալով Գեղարքունիքի մարզում 15 զինվորի մահվան դեպքին, հայտարարեց․ «Բոլորի աչքի առաջ դժբախտ դեպքին նախորդել է Անդրանիկ Քոչարյանի մի հայտարարություն, որ նոր տարուց առաջ ընդդիմադիր պատգամավորները եղել են առաջնագծի տարբեր հատվածներում եւ դրանից հետո «սակավախոս դարձել»։ Նա ակնարկել էր, թե մենք այնպիսի լավ վիճակ ենք տեսել, որ խուսափում ենք բարձրաձայնել։ Տեղի ունեցավ այդ դժբախտ դեպքը, եւ այսօր էլ իշխանությունը շարունակում է ոչ թե խնդիրներ լուծել, առաջնագիծ կահավորել, այլ սեփական հեղինակությունը փրկելով է զբաղված։ Վերջին աղմկոտ օրինակն իտալական մոդուլային տնակներն են։ Եթե չլիներ այդ դժբախտ դեպքը, ՊՆ-ն դրա մասին թերեւս առավոտից գիշեր չէր խոսի»։

Գեղամ Մանուկյանի խոսքով՝ ովքեր որ ծանոթ են առաջնագծի պայմաններին, գիտեն, որ նման մոդուլային տնակներ վաղուց արտադրվում են ՀՀ-ում եւ տեղավորվում որոշ հատվածներում․ «Դրանք, ցավոք, ժամանակավոր են, ոչ թե ամրակայված կացարաններ են։ Փոխարենն իշխանությունն այս օրերին պարեկների շնորհանդեսներով է զբաղված, Իջեւանում ճոխ խնջույք է անում։ Պարեկային ծառայությունը խայտառակ վիճակում է․ Երեւանի ծառայության համար նոր գնված թանկարժեք մեքենաների պարկի 23%-ը խափանված կանգնած է»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել