Մոդուլային զորամասերի ուշացած պատվերը
18:15 - 24 հունվարի, 2023

Մոդուլային զորամասերի ուշացած պատվերը

Հունվարի 19-ին ՊՆ զորամասերից մեկի ինժեներասակրավորային վաշտի՝ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված կացարանում հրդեհ էր բռնկվել, որի հետևանքով զոհվել էր 15 զինծառայող։ Ըստ Քննչական կմիտեի՝ նախնական տվյալներով հրդեհը բռնկվել է վառարանը ավտոբենզինով վառելու պատճառով։ Հրդեհի բռնկման վերաբերյալ տարբեր վարկածներ կան, սակայն զինդատախազության ներկայացուցչի խոսքով այս պահին այս կամ այն վարկածի հաստատված լինելու մասին խոսելը դեռևս վաղաժամ է։

 

ՊՆ-ն նշում է, որ մոդուլային նոր զորամասեր է պատվիրել

Դեպքից հետո լրատվամիջոցները տարածեցին այրված կացարանի լուսանկարները, և հանրության շրջանում սկսեց քննարկվել այն հարցը, թե ինչու էին զինծառայողները տեղակայված նման վատ պայմաններով կացարանում։ 


Ազատ գյուղի այրված կացարանը, լուսանկարը՝ Գևորգ Թոսունյանի (CivilNet)

Պաշտպանության նախարարության խոսնակ Արամ Թորոսյանն, ի պատասխան հնչող մտահոգությունների, Հանրային հեռուստաընկերությանը հայտնել էր, որ ինժեներասակրավորային վաշտի կացարանը, որում տեղակայված էին զինծառայողները, եղել է ժամանակավոր, և «զինվորներն այդտեղ էին տեղակայվել մինչև ժամանակակից չափորոշիչներին համապատասխան մշտական տեղակայման վայրի կառուցման ավարտը»:

«Դեռևս ամիսներ առաջ ՊՆ-ն ձեռք է բերել իտալական արտադրության մոդուլային զորանոցներ, որոնց առաջին խմբաքանակն արդեն Հայաստանում է. այս պահին ընթանում են տարածքի բարեկարգման, ինժեներական ցանցերի անցկացման աշխատանքներ, որից հետո կմոնտաժվեն»,- նշել էր ՊՆ խոսնակն ու հավելել, որ աշխատանքների վերջնաժամկետ է սահմանված 2023-ի տարեվերջը:

Արամ Թորոսյանը Հանրայինին և fip.am-ին նաև մոդուլային շինությունների լուսանկարներ էր փոխանցել։ Մի քանի լուսանկարներում երևում են արդեն Հայաստան հասած շինությունները, մյուսներում էլ երևում է, թե ինչ տեսք են ունենալու զորամասերը աշխատանքների ավարտից հետո։


Հայաստան հասած մոդուլային շինությունները, լուսնկարը՝ fip.am-ից

 

Ե՞րբ է կառավարությունը պատվիրել զորամասերը

Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը Հանրային ՀԸ եթերում հայտարարել էր․ «Սեպտեմբերի 13-ի հարձակումից հետո, երբ որ զորամասը պայթեցվել էր, զորամասի փոխարեն կառավարությունը պատվիրել էր իտալական մոդուլային զորամասեր։ Այն ընկերությունը, որ պետք է դա մատակարարեր, անգամ առաջարկել էր, որ Աֆղանստանում օգտագործված մոդուլային զորամասերը բերեն, կառավարությունը չի համաձայնել և պահանջել է ամբողջությամբ նորը»։ 

Էդմոն Մարուքյանի խոսքից պարզ է դառնում, որ կառավարությունը մոդուլային զորամասերը պատվիրել է 2022-ի սեպտեմբերի 13-ին Սոթքի զորամասի հրդեհից հետո։ Հրդեհը, հիշեցնենք, բռնկվել էր, երբ ադրբեջանական կողմը զորամասին հրթիռահրետանային հարվածներ էր հասցրել։ 

Սակայն ՊՆ խոսնակն էլ fip.am-ի հետ զրույցում ավելի ուշ հայտնել էր, որ այդ ստորաբաժանման տեղակայման համար շինությունը՝ որպես ժամանակավոր կացարան, նախատեսվել է 2020 թվականից, և այն ավելի մեծ հաճախականությամբ զբաղեցվել է 2021 թվականից։

Ստացվում է, որ 2020-ից Ազատ գյուղի տարածքում տեղակայված, վատ պայմաններով շինությունը նախատեսվել է որպես զինվորական ստորաբաժանման տեղակայման վայր, սակայն միայն 2022-ի սեպտեմբերից հետո է ՊՆ-ն մոդուլային զորամասեր պատվիրել։ Իսկ նոր զորամասերի մոնտաժման աշխատանքները նախատեսված է ավարտել միայն 2023-ի վերջին, քանի որ, ըստ Պն խոսնակի, այս պահին ընթանում են տարածքի բարեկարգման, ինժեներական ցանցերի անցկացման աշխատանքներ։

Մենք փոձեցինք ՊՆ խոսնակից ճշտել, թե կոնկրետ երբ է կառավարությունը պատվիրել մոդուլային զորամասերը, և երբ է առաջին խմբաքանակը հասել Հայաստան։ ՊՆ խոսնակը նշեց, որ ժամկետներ հայտնել չի կարող։ Ի պատասխան մեր դիտարկմանը, որ Էդմոն Մարուքյանը նշել է, թե մոդուլային զորամասերը պատվիրել են 2022-ի սեպտեմբերի 13-ից հետո, Արամ Թորոսյանը միայն կրկնեց լրատվամիջոցներին ավելի վաղ տված մեկնաբանությունը․ ՊՆ-ն մոդուլային զորամասերը ձեռք է բերել ամիսներ առաջ։ Միակ նորությունն այն էր, որ կառավարությունը մոդուլային զորամասեր է պատվիրել ոչ միայն Իտալիայից, այլ նաև այլ երկրներից։ Այսպիսով, եթե հաշվի առնենք, որ ՊՆ խոսնակն ըստ էության չպատասխանեց մեր այն հարցին, թե կոնկրետ երբ են պատվիրել զորամասերը, մենք կհիմնվենք Էդմոն Մարուքյանի հայտնած ամսաթվի վրա, այսինքն՝ 2022-ի սեպտեմբերից հետո։

 

Ո՞ր կազմակերպությունն է ՀՀ ՊՆ-ին մատակարարում մոդուլային զորամասերը

ՊՆ խոսնակը Հանրային ՀԸ-ին տրամադրել էր մոդուլային զորամասերի լուսանկարները, որոնք պետք է մոնտաժվեն Հայաստանում։ Այս լուսանկարներից մի քանիսն արդեն Հայաստան հասած շինություններինն են, իսկ մյուս լուսանկարները վերցված են իտալական Edilsider կազմակերպության կայքից։ Edilsider-ը մուդուլային շինություններ արտադրող ընկերություն է, որն, ի թիվս այլնի, նաև ռազմական մոդուլային շինություններ է արտադրում ու մատակարարում։

Edilsider-ի մոդուլային շինությունները տարբեր են՝ կախված նրանից, թե դրանք ինչ խնդիրներ են լուծում։ Ռազմական կառույցների համար Edilsider-ը, ի թիվս իր այլ արտադրանքների, առաջարկում է «1001» ապաստարանների շարքը։ Դատելով ՀՀ Պն-ի տրամադրած լուսանկարներից՝ մեր կառավարությունը զորամասերի կառուցման համար պատվիրել է հենց այս շարքի ապաստարաններից, քանի որ ՊՆ-ի և Edilsider-ի կայքի լուսանկարները համընկնում են։

Շարժելով սպիտակ շրջանը՝ կարող եք տեսնել ՊՆ-ի՝ լրատվամիջոցներին փոխանցած և իտալական կազմակերպության կայքում հրապարակված լուսանկարները․ ակնհայտ է, որ բոլոր երեք լուսանկարները համընկնում են։

Այսպիսով, կարող ենք պնդել, որ մոդուլային զորամասերի առնվազն մի խմբաքանակը՝ «1001» շարքի ապաստարանները, ՀՀ կառավարությունը պատվիրել է իտալական Edilsider-ից։

Edilsider-ը նշում է, որ «1001» շարքի ապաստարանների հավաքումը չի պահանջում հմուտ աշխատուժ․ «Հիմքը և տանիքն ամբողջությամբ նախապես հավաքված են, էլեկտրական սարքավորումները նախապես լարված և փորձարկված են գործարանում»:

Կազմակերպությունը նաև հայտնում է, որ ապաստարանների տանիքն ունի  ինքնաօդափոխման համակարգ, որը պաշտպանում է ինտենսիվ շոգից և կանխում խոնավության խտացումը ցուրտ եղանակին:

 

Ի՞նչ ժամկետներում է մոդուլային շինություններ մոնտաժում Edilsider-ը

«1001» շարքի ապաստարանների նկարագրության մեջ չկան մանրամասներ, թե ինչ ժամկետներում են դրանք արտադրվում և մոնտաժվում, սակայն մոտավոր ժամկետները  հնարավոր է հասկանալ Edilsider-ի այլ կառույցների օրինակներով։

2013-ին, օրինակ, կազմակերպությունը Միլանում 600 հոգանոց ճամբարի համար հավաքովի շինություններ է մատակարարել։ Ավելի քան 15 000 քառ․ մետր (161 500 քառ․ ֆուտ) ընդհանուր մակերեսով շինությունների մատակարարումն իրականացվել է 68 օրվա ընթացքում։ Նշենք, որ սա անհամեմատ ավելի բարդ նախագիծ է, քան ՊՆ-ի համար մատակարարվող մոդուլային զորամասերը։

Մեկ այլ օրինակ է Մոնտերոտոնդոյում 30 դասասենյակից կազմված դպրոցի շենքը, որը կազմակերպությունը նախագծել, արտադրել և հավաքել է 1 տարում։ 

Իհարկե, կարևոր է նշել, որ նշված երկու նախագծերն իրականացվել են Իտալիայում։ Հայաստանի դեպքում պետք է հաշվի առնել նաև գնման գործընթացի և մատակարարման համար ծախսվող ժամանակը։

 

Այլ կազմակերպությունների օրինակներ 

Աշխարհում բազմաթիվ են կազմակերպությունները, որոնք մոդուլային շինություններ են արտադրում և մատակարարում։ Շատ հաճախ նրանց հաճախորդներն են տարբեր երկրների կառավարությունները, որոնք մոդուլային շինություններ են պատվիրում նաև իրենց բանակների համար։ Փորձել ենք մի քանի օրինակով հասկանալ, թե ինչ ժամկետներում են մոնտաժվում նմանատիպ շինությունները։

Modular Genius ամերիկյան ընկերությունն, օրինակ, նշում է, որ Միացյալ Նահանգների Ծովային հետևակի կորպուսի հաղորդակցման դպրոցի համար 401 քառ․ մետր (4320 քառ․ ֆուտ) մակերեսով մոդուլային դասասենյակ է կառուցել, մատակարարել և մոնտաժել 2 ամսում։ Կազմակերպությունը նույն Ծովային հետևակի կորպուսի բազայի համար 330 քառ․ մետր (3600 քառ․ ֆուտ) մակերեսով մոդուլային գրասենյակ է կառուցել, մատակարարել և մոնտաժել կրկին 2 ամսում։

Ամերիկյան մեկ այլ կազմակերպություն՝ VESTA modular-ը, նշում է, որ Միացյալ նահանգների Ծովային հետևակի կորպուսի ճամբարներից մեկի համար 1300 քառ․ մետր (14 000 քառ․ ֆուտ) ընդհանուր տարածքով շինություններ է տեղադրել 2 ամսում։

 

2023-ի տարեվերջը խելամի՞տ վերջնաժամկետ է

Այսպիսով, Եթե ՀՀ ՊՆ-ն նշում է, որ պատվիրված մոդուլային զորամասերի մի խմբաքանակը Հայաստանում էր ամիսներ առաջ, ապա հարց է առաջանում, թե ինչու է աշխատանքների ավարտը սահմանված 2023-ի տարեվերջը։

Վերը բերված օրինակներից մեր ՊՆ օրինակը տարբերվում է միայն նրանով, որ պետք է հաշվի առնել նաև գնման գործընթացի և մատակարարման համար ծախսված ժամանակը, բայց անգամ այդ դեպքում, նմանատիպ այլ նախագծերի հետ համեմատած, մինչև 2023-ի տարեվերջը բավականին երկար ժամանակահատված է։ 

Ստացվում է, որ ՊՆ-ն առնվազն 2 տարի (2021 և 2022 թվականներ) ուներ մոդուլային զորամասերը պատվիրելու և դրանց մոնտաժման վայրերում նախապատրաստական աշխատանքներ տանելու համար, սակայն զորամասերի առաջին խմբաքանակը Հայաստան է հասել միայն ամիսեր առաջ՝ դատելով Էդմոն Մարուքյանի խոսքերից՝ 2022-ի սեպտեմբերից հետո։  Ընդ որում՝ մոդուլային զորամասերի տարածքի բարեկարգման, ինժեներական ցանցերի անցկացման աշխատանքները կարող էին իրականացվել դեռ այն ժամանակ, երբ մոդուլային զորամասերը արտադրման և մատակարարման փուլում էին։

Մենք ՊՆ խոսնակից նաև հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք Հայաստան հասած զորամասերը սկսելու են մոնտաժվել, մինչև նոր խմբաքանակները Հայաստան կհասնեն։ Այս դեպքում ևս ՊՆ խոսնակը կոնկրետ ժամկետներ չնշեց՝ կրկնելով ավելի վաղ հայտնած տեղեկությունը․ աշխատանքների ավարտը նախատեսված է 2023-ի տարեվերջին։ Ի պատասխան մեր ճշտող հարցի՝ այդ ժամկետը վերաբերում է մոդուլային բոլո՞ր զորամասերին, Արամ Թորոսյանը նշեց՝ այո։

 

Գլխավոր լուսանկարը՝ Edilsider-ի կայքից

Աննա Սահակյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել