Արցախի ՆԳՆ-ն զգուշացնում է՝ վառարանների տեղադրումը ռիսկային է, եթե չպահպանվեն անվտանգության կանոնները
13:03 - 25 հունվարի, 2023

Արցախի ՆԳՆ-ն զգուշացնում է՝ վառարանների տեղադրումը ռիսկային է, եթե չպահպանվեն անվտանգության կանոնները

Արցախի ՆԳՆ-ից զգուշացնում են՝ հրդեհային անվտանգության տեսանկյունից վառարանների տեղադրումը ռիսկային է, եթե չպահպանվեն անվտանգության կանոնները։

«2022 թվականի դեկտեմբերի 12-ից բնապահպանական կեղծ պատճառաբանությամբ, Ադրբեջանն առ այսօր փակ է պահում Ստեփանակերտ-Գորիս միջպետական մայրուղին:

Արցախն աշխարհին կապող կյանքի ճանապարհի փակ լինելու, գազամատակարարման բացակայության և էլեկտրաէներգիայի հաճախակի տատանումների պատճառով, Արցախում անցել են հին ավանդական ջեռուցման համակարգին: Բնակարանների մեծ մասում տեղադրվել են վառաններ: Հրդեհային անվտանգության տեսանկյունից, այն ռիսկային է, եթե չպահպանվեն անվտանգության կանոնները:

Ադրբեջանի չդադարող ագրեսիվ գործողությունների պայմաններում, հումանիտար խնդիրներին հաճախ ավելանում է նաև արտակարգ պատահարները: ԱԻ ծառայությունը հիշեցնում է. Հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջներին չհամապատասխանող մետաղյա վառարանների տեղադրում չի թույլատրվում:

Վառարաններից մինչև գույքը և այլ սարքավորումներն ընկած հեռավորությունը պետք է լինի 0.7 մետրից ոչ պակաս, իսկ ծխատար խողովակի բարձրությունը պետք է լինի շինության տանիքից ոչ պակաս քան 0.5 մ, ինչպես նաև 2մ բարձր, 10մ շառավղով առկա ամենաբարձր շենքի տանիքից:

Փայտով ջեռուցվող վառարանի տակ պարտադիր է տեղադրել 50-ով 40 սմ մետաղյա թիթեղ: Արգելվում է դյուրավառ վառելիքով վառել փայտով ջեռուցվող վառարանը:

Ծառայությունը միաժամանակ հորդորում է Էլեկտրաջեռուցման, փայտե վառարանների կամ այլընտրանքային՝ գազի բալոնների օգտագործաման ժամանակ խստիվ պահպանել հրդեհային անվտանգության կանոնները:

Պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը հետևողական աշխատանք կիրականացնի անվտանգության կանոնների պահպանման ուղղությամբ»,- նշված է հաղորդագրության մեջ։ 

2022թ․ դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախը ՀՀ-ին կապող Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով շրջափակման մեջ է Արցախի 120 000 բնակիչ, այդ թվում՝ 30 000 երեխա։ 1100 քաղաքացիական անձ, այդ թվում՝ 270 անչափահաս, չի կարողանում ՀՀ-ից վերադառնալ Արցախ․ 19 երեխա Գորիս-Ստեփանակերտ ճանապարհով վերադարձել է տուն։ 

ՀՀ-ից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախ։

12 երեխա նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում է, 11 բուժառու՝ վերակենդանացման բաժանմունքում, 4-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում։ Այս ընթացքում շտապ բուժօգնության կարիք ունեցող 46 հայ և 4 օտարերկրացի է Կարմիր խաչի միջնորդությամբ տեղափոխվել ՀՀ։ Արցախում հիվանդներից մեկը մահացել է:

Էլեկտրաէներգիայի հովհարային անջատումներն իրականացվում են օրական 3 անգամ՝ 2 ժամ տևողությամբ։ Գործում է սննդամթերքի կտրոնային համակարգ։

Արցախը շրջափակման մեջ է։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել