Մարտին կայանալիք «Դիջիթեքին» կներկայացվի Հայաստանի տեխնոլոգիական նոր բրենդինգը․ ԱՏՁՄ-ն ամփոփեց 2022-ն ու նշեց 2023-ին իրականացվելիք ծրագրերը
16:17 - 25 հունվարի, 2023

Մարտին կայանալիք «Դիջիթեքին» կներկայացվի Հայաստանի տեխնոլոգիական նոր բրենդինգը․ ԱՏՁՄ-ն ամփոփեց 2022-ն ու նշեց 2023-ին իրականացվելիք ծրագրերը

Հետաձգված «Դիջիթեք 2022» ցուցահանդեսի անցկացում, նոր «Արմաթ» լաբորատորիաների բացում և արտահանում և այլ ծրագրեր․ այսօր տեղի ունեցած ասուլիսի ընթացքում Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) նախագահն ու գործադիր տնօրենը ներկայացրին 2023-ին սպասվող ծրագրերն, ինչպես նաև 2022-ին իրականացրած քայլերը։

 

«Դիջիթեք 2022»

«Դիջիթեք» ցուցահանդես վերջին անգամ անցկացվել էր 2021-ին, իսկ 2022-ի սեպտեմբերին նախատեսված ցուցահանդեսը հետաձգվել էր՝ պայմանավորված ադրբեջանական կողմի հարձակման հետևանքով ստեղծված իրավիճակով։

Հետաձգված ցուցահանդեսը կանցկացվի այս տարվա մարտի 10-12-ը։ ԱՏՁՄ գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանն ասուլիսի ընթացքում նշեց, որ «Դիջիթեք 2022»-ի ընթացքում, բացի ցուցահանդեսից, տեղի կունենա համանուն համաժողովը, որի ընթացքում կանցկացվի 5 պանելային քննարկում, և կմասնակցի շուրջ 40 խոսնակ։ Ցուցահանդեսն անցկացվելու է 17-րդ անգամ․ առաջին «Դիջիթեքը» տեղի է ունեցել 2005-ին։ 

«Այս տարի կլինի ամենամեծ ցուցահանդեսը․ այս պահին մենք ունենք 2000 քառ մետրից ավելի մակերես ընդգրկվածություն Մարզահամերգային համալիրում։ Առաջին անգամ կլինեն առանձին բաժիններ ստարտափների և կրթական հաստատությունների համար, որոնք տեխնոլոգիական կրթական ծրագրեր են իրականացնում։ Իսկ «Դիջիթեք» համաժողովի թեման է․ «Ինչպե՞ս է կենսունակ հասարակությունը խթանում տեխնոլոգիական նորարարությունը և արժեքների ստեղծումը»»,- իր խոսքում նշեց Հայկ Չոբանյանը։

Նա նաև հիշեցրեց, որ այս տարի ԱՏՁՄ-ն 2 «Դիջիթեք» ցուցահանդես է անցկացնելու․ հոկտեմբերին էլ սպասվում է «Դիջիթեք 2023»-ը, որի հիմնական միջոցառումը կլինի «Դիջիթեք վեհաժողովը» (Digitec Summit)։

«Այս տարվանից «Դիջիթեքը» կանցկացվի Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ և կդիտարկվի որպես երևանյան կարևոր իրադարձություն»,- նշեց Հայկ Չոբանյանը։ 

ԱՏՁՄ-ի գործադիր տնօրենի խոսքով իրենք 2022 թ․ լայնածավալ աշխատանք են սկսել տեխնոլոգիական ոլորտի բրենդինգի աշխատանքների մասով․ «Նախորդ աշխատանքները իրականացվել են 2017 թ․։ Պատկերացնո՞ւմ եք՝ 2017-ից մինչև 2022 թվականը բավականին մեծ փոփոխություններ են կատարվել ոլորտում, և մենք կարիք ունեինք նոր բրենդինգի, նոր ձևով աշխարհին ներկայանալու։ Պատրաստվել է փաստաթուղթը, անցել է ձևավորման, հաստատման փուլերով և առաջիկայում՝ մարտին կայանալիք «Դիջիթեքին», տեղի կունենա Հայաստանի տեխնոլոգիական նոր բրենդինգի ներկայացումը, որից հետո մենք կսկսենք լայն ծավալի հանրային իրազեկման աշխատանքներ՝ միջազգային տարբեր հարթակներում ներկայացման, թրեյնինգների, վորքշոփների տեսքով, որպեսզի ոլորտի մարդիկ, քաղաքականություն մշակող, որոշում կայացնող մարդիկ ընդհանուր մոտեցում ունենան Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի վերաբերյալ»,- ասաց Հայկ Չոբանյանը։

 

«Արմաթ» լաբորատորիաներ

ԱՏՁՄ գործադիր տնօրենն ու նախագահն ասուլիսի ընթացքում անդրադարձան նաև «Արմաթ» լաբորատորիաներին։ 2011-ից ԱՏՁՄ-ն իրականացնում է «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ներդրման կրթական ծրագիրը: «Արմաթ» լաբորատորիաներում 10-18 տարեկան երեխաներն ուսումնասիրում են ծրագրավորում, խաղերի և անիմացիաների ստեղծում, ռոբոտաշինություն, եռաչափ մոդելավորում և տպագրություն, համակարգչային փայտամշակում և լազերային փորագրություն։

Հայկ Չոբանյանը նշեց, որ 2022-ին ներդրել են 32 նոր «Արմաթ» լաբորատորիաներ, ստեղծվել են 12 «Արմաթն օդում» կրթական ծրագրեր, որոնք «Արմաթի» ավելի խորացված  ուսուցումն են օդային ռոբոտաշինության ոլորտում։ Այս ծրագիրն իրականացվել է Արցախում և ՀՀ հիմնականում սահմանամերձ բնակավայրերում։ 

«Անցած տարի մենք 15-ից ավելի միջոցառումներ ենք կազմակերպել «Արմաթ» ծրագրի շրջանակներում՝ ծրագրավորման, ռոբոտշինության, 3D մոդելավորման»,- ասաց Հայկ Չոբանյանը։ 

ԱՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանն էլ նշեց, որ «Արմաթը» մեծ հաջողություններ ունի ոչ միայն Հայաստանում, այլ նաև Հայաստանից դուրս․ «Մենք անցած տարի բավականին մեծ ջանքերով սկսեցինք աշխատել հենց «Արմաթի»՝ միջազգային շուկա դուրս գալու ուղղությամբ։ ․․․․ Նախատեսում ենք այցեր տարբեր երկրներ, որտեղ հայ համայնքին առավել մանրամասն կներկայացնենք «Արմաթ» ծրագիրը և հնարավորությունները»։

Հայկ Չոբանյանը մանրամասնեց, որ նախատեսում են առնվազն 50 նոր «Արմաթ» լաբորատորիաներ բացել Հայաստանում և 50 լաբորատորիաներ վաճառել արտերկրում։ 

«Մենք այսօր «Արմաթ» լաբորատորիաներ ունենք Ֆրանսիայում, Քուվեյթում, Գերմանիայում»,- նշեց նա՝ շեշտելով, որ «Արմաթի» արտահանման կարևոր բաղադրիչներից է ծրագրի արտահանումը դեպի արտասահմանի հայկական համայնքներ։

«Մյուս կարևոր ծրագիրը Ամերիկայում «Արմաթ» ծրագրի առաջխաղացումն է և սփյուռքի մասնակցության խթանումը։ Մարտի 18-ին Գլենդելում տեղի կունենա «Արմաթ» լաբորատորիայի պաշտոնական բացումը»,- ասաց նա։ 

Ալեքսանդր Եսայանն էլ հավելեց, որ այժմ մշակում են «Արմաթի» նոր ուղղություն՝ «Արմաթ 2»-ը, որով ավելի խորը գիտելիքներ կփոխանցեն սովորող երեխաներին։

 

Այլ ուղղություններ

Հայկ Չոբանյանը գիտահետազոտական ուղղությամբ իրականացված քայլերի մասով կարևորեց «Հայաստանի տեխնոլոգիական ապագա» հարթակի ստեղծումը։ Հարթակի համահիմնադիրներն են 5 համասարաններ, որոնց հետ ԱՏՁՄ-ն մշակում է արհեստական բանականության, առաջնորդության, STEM (գիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն և մաթեմատիկա) կրթության, ինովացիաների և ռեգիոնալ զարգացման տարբեր ծրագրեր և իրականացնում համատեղ միջոցառումներ։ 

Ռազմարդյունաբերության ուղղությամբ Հայկ Չոբանյանն առանձնացրեց Հայաստանի անվտանգության համակարգի ընդհանուր կոնցեպտը․ «Ես շատ կարևորում եմ անցած տարի սկիզբ առած «Հայաստանի համապարփակ պաշտպանության և անվտանգության համակարգի ծրագիրը», որն ի սկզբանե ԱՏՁՄ նախաձեռնությունն էր, և մենք այդ նախաձեռնությամբ գործընթացը սկսեցինք դեռևս 2021 թ․ վերջին Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ միասին»։

Նրա խոսքով անցած տարի այս ծրագիրը ձևակերպել են և 2023 թ․ շարունակելու են աշխատել այն ուղղությամբ, որ այն՝ որպես հատուկ ծրագիր, ընդունվի պետության կողմից։

Ալեքսանդր Եսայանը նշեց, որ ԱՏՁՄ-ին անդամակցում է 130 ընկերություն, և անցած տարի այդ ընկերությունների մասնակցությունն ավելի է մեծացել։

Հայկ Չոբանյանն էլ ընդգծեց, որ անցած տարվա առանձնահատկություններից մեկը ռելոկացիան էր՝ պայմանավորված ռուս-ուկրաինական պատերազմով։

«Մենք փորձել ենք առավելագույնս օգտակար լինել այն ձեռնարկություններին, որոնք որոշել են իրենց գործունեությունը ծավալել Հայաստանում։ ․․․․ Մեզ համար կարևոր է, որ Հայաստանը, ըստ էության, անցած տարվա իրադարձություններով դարձավ համաշխարհային ռելոկացիոն հարթակներից մեկը»։

ԱՏՁՄ գործադիր տնօրենի խոսքով 2023-ին իրենց առաջնահերթություններից է լինելու Արցախը․ «Պատերազմը շարունակվում է հիբրիդային տեսքով, և մեր ոլորտը՝ որպես տեխնոլոգիական ոլորտ, պետք է շատ ավելի ջանք թափի այս գործընթացում դերակատարություն ունենալու առումով։ Անցած տարի մենք նախաձեռնեցինք կրթական ծրագիր Արցախում, մի քանի ԱԹՍ լաբորատորիաներ ենք բացել Արցախում և այս տարի ևս մեր ծրագրերն Արցախում առավելագույնի կփորձենք հասցնել»։

 

Գլխավոր լուսանկարը՝ «Դիջիթեք 2021»-ից

Աննա Սահակյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել