Ըստ Փաշինյանի՝ Բաքուն ակնկալում է, որ ԼՂ հայերը զանգվածաբար կլքեն իրենց տները միջանցքը բացելուց հետո
11:19 - 26 հունվարի, 2023

Ըստ Փաշինյանի՝ Բաքուն ակնկալում է, որ ԼՂ հայերը զանգվածաբար կլքեն իրենց տները միջանցքը բացելուց հետո

Ըստ Փաշինյանի՝ Բաքուն ակնկալում է, որ ԼՂ հայերը զանգվածաբար կլքեն իրենց տները միջանցքը բացելուց հետո: Այս մասին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց այսօրվա՝ հունվարի 26-ի կառավարության նիստում։ 

«Մեր ունեցած տեղեկություններով Բաքվի պլանը հետևյալն է․ ԼՂ-ում տնտեսական, հոգեբանական ճնշումը հասցնել ինչ-որ մի կուլմինացիոն կետի, դրանից հետո մի քանի օրով բացել միջանցքը ակնկալիքով, որ ԼՂ հայերը զանգվածաբար կլքեն իրենց տները, կրկին փակել միջանցքը և հետո կրկին մի քանի օրով բացել։ Եվ այսպես այնքան, մինչև վերջին հայը կլքի ԼՂ-ն։

Սա, իհարկե, էթնիկ զտման բացահայտ քաղաքականություն է»,- ասաց վարչապետը։ 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի սկզբին  նաև տվյալներ ներկայացրեց Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրադրության վերաբերյալ։

Նա մասնավորապես անդրադարձավ դպրոցների, մանկապարտեզների փակ լինելուն։ ՀՀ վարչապետի խոսքով նման իրավիճակ ստեղծվել էր 44-օրյա պատերազմի օրերին կամ կորոնավիրուսի համավարակի ժամանակ։

Նիկոլ Փաշինյանը նաև խոսեց սննդի պակասի, Ադրբեջանի կողմից էլեկտրամատակարարման ու գազամատակարարման ընդհատումների մասին։

2022թ․ դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախը ՀՀ-ին կապող Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով շրջափակման մեջ է Արցախի 120 000 բնակիչ, այդ թվում՝ 30 000 երեխա։ 1100 քաղաքացիական անձ, այդ թվում՝ 270 անչափահաս, չի կարողանում ՀՀ-ից վերադառնալ Արցախ․ 19 երեխա Գորիս-Ստեփանակերտ ճանապարհով վերադարձել է տուն։ 

ՀՀ-ից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախ։

12 երեխա նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում է, 11 բուժառու՝ վերակենդանացման բաժանմունքում, 4-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում։ Այս ընթացքում շտապ բուժօգնության կարիք ունեցող 46 հայ և 4 օտարերկրացի է Կարմիր խաչի միջնորդությամբ տեղափոխվել ՀՀ։ Արցախում հիվանդներից մեկը մահացել է:

Էլեկտրաէներգիայի հովհարային անջատումներն իրականացվում են օրական 3 անգամ՝ 2 ժամ տևողությամբ։ Գործում է սննդամթերքի կտրոնային համակարգ։ Գազամատակարարումը մասնակի վերականգնվել է։

Արցախը շրջափակման մեջ է։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել