Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Շիոֆրա Օ՛Լիրիի հրավերով հունվարի 26-27-ը Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանն աշխատանքային այցով մեկնել է Ստրասբուրգ՝ մասնակցելու ՄԻԵԴ դատական տարվա բացման հանդիսավոր նիստին և «Մարդու իրավունքների պաշտպանության միջոցով ժողովրդավարությունը պահպանող դատավորները» խորագրով բարձր մակարդակի դատական սեմինարի աշխատանքներին:
Այցի շրջանակներում տեղի է ունեցել Բարձր դատարանի նախագահի երկկողմ հանդիպումը ՄԻԵԴ նախագահ Շիոֆրա Օ՛Լիրիի հետ։ Արման Դիլանյանը շնորհավորել է եվրոպացի գործընկերոջը՝ բարձր պաշտոնում ընտրվելու կապակցությամբ՝ հույս հայտնելով, որ Սահմանադրական դատարանի և ՄԻԵԴ-ի միջև արդյունավետ համագործակցությունը կշարունակի անշեղորեն զարգանալ։ ՍԴ նախագահն ընդգծել է նմանօրինակ միջոցառումների կարևորությունը՝ ազգային բարձր դատարանների և ՄԻԵԴ-ի միջև համագործակցության խթանման, եվրոպական մայրցամաքում իրավունքի գերակայության, հիմնարար իրավունքների ու ազատությունների պաշտպանության ավելի բարձր մակարդակի հաստատման գործում։
ՄԻԵԴ նախագահը կարևորել է հայազգայի գործընկերոջ հետ նման ձևաչափերով աշխատանքային հանդիպումները և ներկայացրել է անդամ պետությունների ազգային դատարանների հետ ՄԻԵԴ-ի երկխոսության և համագործակցության զարգացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները:
Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել է գործընկերության զարգացումը Եվրոպայի բարձր դատարանների միասնական ցանցի շրջանակներում։ Անդրադարձ է կատարվել նաև Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին ԵԽ կոնվենցիայի 16-րդ լրացուցիչ արձանագրության շրջանակներում ազգային բարձր դատարանների և ՄԻԵԴ-ի միջև իրականացվող համագործակցությանը։
Սահմանադրական դատարանի նախագահն աշխատանքային քննարկում է ունեցել նաև Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի քարտուղար Սիմոնա Գրանատա-Մենգինիի հետ։ Արման Դիլանյանը ներկայացրել է Սահմանադրական դատարանում իրականացվող ինստիտուցիոնալ բարեփոխումների ընթացքը և առկա ծրագրերը։ Սիմոնա Գրանատա-Մենգինին վերահաստատել է ԵԽ Վենետիկի հանձնաժողովի լիարժեք հանձնառությունը՝ աջակցելու Բարձր դատարանում ընթացող բարեփոխումներին, ընդգծել է երկկողմ համագործակցության դրական ավանդույթներն ավելի բարելավելու պատրաստակամությունը։
comment.count (0)