Մարտական առաջադրանքի մեկնելիս քիմիկների զորքին զրահաբաճկոններ չեն հատկացվել․ դատարանում սկսվել է ապացույցների հետազոտումը
23:13 - 31 հունվարի, 2023

Մարտական առաջադրանքի մեկնելիս քիմիկների զորքին զրահաբաճկոններ չեն հատկացվել․ դատարանում սկսվել է ապացույցների հետազոտումը

#Կարճասած

  • Հակակոռուպցիոն դատարանում երեկ մեկնարկեց «Քիմիկների զորամաս»–ի անվանումը ստացած քրեական գործով ապացույցների հետազոտումը, որի ժամանակ դատավոր Սարգիս Դադոյանը, հրապարակելով գործում առկա գրավոր փաստաթղթերը, հայտնեց, որ 2020 թ․ հոկտեմբերի 21-ին ՀՀ զինված ուժերի՝ Զանգելանի հատվածում մարտական խնդիր կատարող զինծառայողներին զրահաբաճկոններ չեն հատկացվել, նրանք համալրված են եղել իրենց ամրակցված զենք–զինամթերքով եւ սաղավարտներով։ Ապացույցների հրապարակումից պարզ դարձավ նաեւ, որ ամբաստանյալներ, ԳՇ պետի նախկին տեղակալ Անդրանիկ Մակարյանն ու զորամասի հրամանատար Արսեն Աբգարյանը միմյանց հետ որպես կապի միջոց օգտագործել են բջջային հեռախոսներ։
  • Դատավորը որոշում կայացրեց 7 անձի տուժողի իրավահաջորդ եւ 25 զինծառայողի տուժող ճանաչելու մասին։ Այդ զինծառայողների մի մասին նախաքննության ժամանակ հնարավոր էր եղել նույնականացնել ադրբեջանական տելեգրամյան ալիքներում հայ գերիների մասնակցությամբ հրապարակված տեսանյութերից, բայց թե ինչու նրանք և նրանց հարազատները տուժող եւ տուժողի իրավահաջորդ չէին ճանաչվել այդ փուլում, դատարանում պարզ չդարձավ։
  • Նիստի ընթացքում ամբաստանյալ Էլլադա Հարությունյանը դատարանին ներկայացրեց բժշկական հաստատությունից ստացված տեղեկանք, որը փաստում է, որ նա հղի է, եւ փետրվարի 3-ից սկսած գրեթե 5 ամիս՝ 144 օր, նախածննդյան եւ հետծննդյան շրջանով պայմանավորված չի կարողանալու ներկայանալ դատարան։ Քանի որ Քրեական դատավարության օրենսգրքի համաձայն՝ ամբաստանյալների ներկայությունը դատական նիստերին պարտադիր է, իսկ նրանցից մեկի բացակայության պայմաններում նիստերը ենթակա են հետաձգման, առայժմ անհայտ է, թե ինչ ընթացք կստանա գործի քննությունը։

#Մանրամասն

44-օրյա պատերազմի ժամանակ՝ 2020 թ․ հոկտեմբերի 21-ին,  ՀՀ զինված ուժերի՝ Զանգելանի հատվածում մարտական խնդիր կատարող զինծառայողներին զրահաբաճկոններ չեն հատկացվել, նրանք համալրված են եղել իրենց ամրակցված զենք–զինամթերքով եւ սաղավարտներով։ Խոսքը վերաբերում է ՀՀ ԶՈՒ ռադիացիոն, քիմիական եւ կենսաբանական պաշտպանության (այսուհետ՝ ՌՔԿՊ) զորքերի զինծառայողներին։

Ինչպես հայտնի է, ՌՔԿՊ զորքերի 62 հոգանոց անձնակազմի 40 զինծառայողների շրջափակման մեջ ընկնելու հանգամանքները այժմ քննվում են Հակակոռուպցիոն դատարանում։ Դատավոր Սարգիս Դադոյանի նախագահությամբ երեկ մեկնարկեց ապացույցների հետազոտման փուլը, որի ժամանակ էլ դատավորը հրապարակեց վերոնշյալ տեղեկությունը։

Քրեական գործով, հիշեցնենք, ամբաստանյալի աթոռին են ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, գեներալ–լեյտենանտ Անդրանիկ Մակարյանը (պաշտոնից ազատվել է 2022 թ փետրվարի 24-ին), ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատար, փոխգնդապետ Արսեն Աբգարյանը, այդ ժամանակ նույն զորամասի շտաբի պետ, փոխգնդապետ Սարգիս Կուլակչյանը եւ զորամասի համալրման բաժանմունքի նախկին պետ, կապիտան Էլլադա Հարությունյանը։ Նրանք առաջադրված մեղադրանքները չեն ընդունում։

ԳՇ պետի նախկին տեղակալն ու զորամասի հրամանատարը միմյանց հետ որպես կապի միջոց օգտագործել են բջջային հեռախոսներ

Հետազոտելով գործում առկա գրավոր ապացույցները՝ դատավոր Սարգիս Դադոյանը հրապարակեց ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության կողմից 2021 թ․–ին իրականացված օպերատիվ–հետախուզական միջոցառումների արդյունքում պարզված մի շարք տեղեկություններ։

Համաձայն դրանց՝ 2020 թ հոկտեմբերի 21-ին Զանգելանի հատվածում տեղի ունեցած մարտական գործողություններին ՀՀ ՊՆ N զորամասից մասնակցել է 50 զինծառայող, որոնցից 25-ը՝ պահեստազորային։ Այդ հատվածում անձնակազմը պետք է կատարեր սանրման աշխատանքներ, հայտնաբերեր դիվերսիոն հետախուզական խմբերի, ոչնչացներ նրանց, այնուհետեւ անցներ պաշտպանության՝ թույլ չտալով թշնամու ներթափանցումը ՀՀ տարածք։ 

Նշենք, սակայն, որ ըստ մեղադրանքի՝ Արսեն Աբգարյանը, պարտավոր լինելով անձնակազմին Կովսականի շրջանի Կերեն գյուղի մոտակայքում գտնվող «Կիրի Հանք» անվանումով տեղանք հասցնել, անփույթ վերաբերմունք է դրսեւորել ծառայության նկատմամբ, հետամուտ չի եղել եւ ուղեկցողներից վերջնականապես չի պարզել անձնակազմին մատնանշված երթուղով վերջնակետ հասցնելու հանգամանքը, չի պահպանել ՀՀ պաշտպանության նախարարի համապատասխան հրամանով հաստատված մարտական կանոնադրության պահանջները, ինչի արդյունքում անձնակազմի մի մասն ընկել է շրջափակման մեջ եւ հակառակորդի հետ անհավասար մարտի բռնվել։ Նման պայմաններում, ըստ մեղադրանքի, Անդրանիկ Մակարյանը, հանդիսանալով տվյալ մարտական հատուկ առաջադրանքի իրականացման պատասխանատու, օգնության շտապելու փոխարեն իր եւ ենթակա անձնակազմի կյանքին սպառնացող անմիջական վտանգը չեզոքացնելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, ցուցաբերել է իշխանության անգործություն, անձնակազմին տվել «Նահանջ» հրաման եւ վերադարձել Կապան քաղաք։

Արդյունքում, 40 զինծառայողներից 5-ը գերեվարվել են, 12-ը՝ սպանվել, իսկ մնացած 23 զինծառայողների, ինչպես նաեւ ավտոբուսի 1 վարորդի գտնվելու վայրն անհայտ է մինչ օրս։

Շարունակելով ապացույցների հետազոտումը՝ դատավորը հայտնեց՝ ՕՀՄ–ների արդյունքում պարզվել է նաեւ, որ Աբգարյանն ու Մակարյանը միմյանց հետ որպես կապի միջոց օգտագործել են բջջային հեռախոսներ։ Այս հանգամանքին վերաբերելի փաստաթուղթը ուսումնասիրելիս Մակարյանի պաշտպան Ամրամ Մակինյանը դատարանի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքին, որ փաստաթղթի 6-րդ կետում Մակարյանի հեռախոսահամարը լրացված է ձեռագիր նշումով՝ ընդգծելով, որ պարզ չէ, թե լրացումը ում կողմից է կատարվել։ Հանրային մեղադրող (դատախազ) Արշակ Մարտիրոսյանի կարծիքով, սակայն, այդ հանգամանքը որեւէ կասկած չի հարուցում։ 

Լուսանկարում՝ ամբաստանյալներն ու պաշտպանները

Դատարանում չքննարկվեց եւ պարզ չդարձավ, թե ինչու են Աբգարյանն ու Մակարյանը միմյանց հետ կապ պահել բջջային հեռախոսներով, այլ ոչ թե ռադիոկապով։ Նշվեց միայն, որ ՕՀՄ–ների արդյունքում պարզվել է նաեւ, որ զինծառայողների մոտ առկա է եղել ներքին կապի միջոց, որի օգտագործման հեռավորությունը եղել է 600-700 մետր։

Դատավորը հրապարակեց ենթասպա Գեւորգ Նշանյանի կողմից գրված զեկուցագիրը

Ուսումնասիրված ապացույցների թվում էր ՀՀ ՊՆ N զորամասի դասակի հրամանատար, ենթասպա Գեւորգ Նշանյանի կողմից 2020 թ․ հոկտեմբերի 11–ին գրված զեկուցագիրը։ Հիշեցնենք՝ վերջինս ՌՔԿՊ զորքերի պետ-վարչության պետ  Վարդան Նշանյանի որդին է, որի ծառայությունից խուսափելու հանգամանքը կոծկելու մեջ էլ մեղադրվում են Էլլադա Հարությունյանն ու Հայկ Կուլակչյանը։

Ըստ զեկուցագրի՝ Գեւորգ Նշանյանը դիմել է նույն զորամասի ՀՄ վաշտի հրամանատար, կապիտան Կ․ Մալխասյանին՝ խնդրելով վերջինիս միջնորդությունը վերադաս հրամանաատարության առջեւ, որպեսզի 11․10․2020 թ․–ից իրեն ազատեն ծառայողական պարտականությունների կատարումից՝ ընտանեկան պայմաններից ելնելով հորեղբոր որդու մահվան եւ նրա դիի որոնողական աշխատանքներին մասնակցելու նպատակով։ Փաստաթղթի վրա առկա էին Նշանյանի եւ Մալխասյանի ստորագրությունները, վերջինինս՝ թույլատրել մակագրությամբ։

Ապացույցի հրապարակումից հետո ամբաստանյալ Էլլադա Հարությունյանը հայտարարեց, որ առկա է գործավարական ընթացքի կարգի խախտում․ «Այդ փաստաթուղթը չի հասել շարային մասի պետին, հասկացանք՝ հրամանատարը թույլատրել է, բայց թող գործավարը գա, պատասխան տա՝ եթե հերթականությամբ մուտքագրվել է, ինչո՞ւ կարգը պատշաճ կերպով չի շարունակվել, ինչո՞ւ շարայինի պետը չի տեղեկացվել, էնտեղից շտամպ պետք է լիներ, մուտք անելիս գործավարը զորամասի շտամպը պետք է դներ իմ սեղանին, բայց նման բան չի եղել, դրա համար է մութ այս ամենը»։

Փաստաթղթի վերաբերյալ հայտարարություն արեց նաեւ անհետ կորած մայոր Արմեն Բադեյանի կինը՝ Հասմիկ Ղուկասյանը։ Նա նշեց, որ ավագ սպա է, ծառայում է համալրման բաժանմունքում եւ շատ լավ պատկերացնում է, թե ինչ ընթացակարգով է այդ ամենը արվում․ «Ստացվում է, որ որեւէ մեկը կարող է մեկ ուրիշ զորամասից գալ որեւէ զորամաս, էդտեղ զեկուցագիր գրվի, մուտք արվի, մատյաններում լրացումներ կատարվեն, բայց որեւէ կնիք, հաստատող փաստ չլինի, որ եկել է այդ զորամասից, ինձ հետաքրքիր է՝ այդ զեկուցագրի վրա կա՞ որեւէ կնիք, որ էդ զեկուցագիրը եկել է էնտեղից»,– ասաց Ղուկասյանը՝ ցանկություն հայտնելով տեսնել զեկուցագիրը։

Լուսանկարում՝ դատավոր Սարգիս Դադոյանը

Նախքան նրա բարձրացրած հարցին անդրադառնալը դատավոր Սարգիս Դադոյանը ճշտեց՝ Ղուկասյանը ի՞նչ կարգավիճակ ունի։ Պարզվեց, որ նա նախաքննությանը մասնակցել է որպես վկա, եւ տուժողի իրավահաջորդի կարգավիճակ չունի։

Քրեական դատավարության օրենսգիրքը սահմանում է, որ վկայի կարգավիճակ ունեցող անձինք մինչեւ իրենց հարցաքննությունը չպետք է նիստերի դահլիճում գտնվեն։ Այս հանգամանքը վկայակոչելով՝ դատավորը հորդորեց Հասմիկ Ղուկասյանին լքել նիստերի դահլիճը։

–Որպես վկա եմ էս պահին, բայց ուզում եմ լինել որպես իրավահաջորդ,– ասաց Ղուկասյանը։

-Եթե ցանկանում եք նման կարգավիճակ ունենալ, դիմումով հանդես եկեք,  դատարանը այն կքննարկի, կորոշի համապատասխան կարգավիճակ տալ–չտալը,– պարզաբանեց դատավորը՝ հորդորելով լքել նիստերի դահլիճը։

Դատավորի հորդորը զայրացրեց զոհված եւ անհետ կորած զինծառայողների՝ դահլիճում գտնվող հարազատներին․

–Ինչի՞ համար լքի, ամեն ինչ տենց օրենքով ա՞, դուք նրան վիրավորեցիք, – բղավեցին նրանք։

Նիստն ընդմիջվեց։

Դատարանը որոշում կայացրեց մի շարք զինծառայողների տուժող, իսկ նրանց հարազատներին՝ տուժողի իրավահաջորդ ճանաչելու մասին

Նիստի ընդմիջմանը պարզ դարձավ, որ դահլիճում գտնվում են վեց այլ ծնողներ, որոնք եւս տուժողի իրավահաջորդի կարգավիճակ չունեն։ Վերջիններս տեղում դիմում հասցեագրեցին դատարան՝ տեղեկացնելով, որ իրենք վկա են, սակայն հաշվի առնելով, որ իրենց զավակները համարվում են անհետ կորած՝ ցանկանում են ներգրավվել որպես տուժողի իրավահաջորդ։

Լսելով կողմերին՝ դատարանը որոշեց տուժողի իրավահաջորդ ճանաչել դիմումներ ներկայացրած Հ․ Ղուկասյանին, Ն Մելքոնյանին, Գ Մելքոնյանին, Բ․ Ավդալյանին, Հ․ Ալեքսանյանին, Ռ․ Հայրապետյանին, Ա․ Հակոբյանին։ 

Լուսանկարում՝ տուժողների իրավահաջորդները

Միեւնույն ժամանակ դատարանը տուժող ճանաչեց զինծառայողներ Արմեն Բադեյանին, Էրիկ Ներսիսյանին, Սամվել Փիլոյանին, Հայրապետ Գեւորգյան, Գեւորգ Կարապետյանին, Հարություն Հակոբյանին, Էդգար Նահապետյանին, Ռուդիկ Ալեքսանյանին, Ալեքսանդր Եղիազարյանին, Նորիկ Առաքելյան,Արսեն Նահապետյան, Կարեն  Հովհաննիսյանին, Յուրիկ Գասպարյանին, Կարապետ Հարությունյան, Գարիկ Հարությունյանին, Արգիշտի Գաբրիելյանին, Շավարշ Ավդալյանին, Ալբերտ Մելքոնյանին, Գարիկ Մելքոնյանին, Դավիթ Սարգսյանին, Գրիգոր Ռոստոմյանին, Արթուր Ալոյան, Գեւորգ Բալայան, Լյուդվիգ Հայրապետյանին, Մաքսիմ Սարգսյանին։ Հիշյալ 25 զինծառայողների մի մասին նախաքննության ժամանակ հնարավոր է եղել նույնականացնել ադրբեջանական տելեգրամյան ալիքներում հայ գերիների մասնակցությամբ հրապարակված տեսանյութերից, բայց թե ինչու նրանք կամ նրանց հարազատները տուժող եւ տուժողի իրավահաջորդ չեն ճանաչվել այդ փուլում, դատարանում այդպես էլ պարզ չդարձավ։

Ամբաստանյալ Էլլադա Հարությունյանը 144 օր չի կարողանալու ներկայանալ դատարան

Նիստի ընթացքում ամբաստանյալ Էլլադա Հարությունյանը դատարանին ներկայացրեց բժշկական հաստատությունից ստացված տեղեկանք, որը փաստում է, որ նա հղի է, եւ փետրվարի 3-ից սկսած գրեթե 5 ամիս՝ 144 օր, նախածննդյան եւ հետծննդյան շրջանով պայմանավորված չի կարողանալու ներկայանալ դատարան։ Դատավոր Սարգիս Դադոյանը հետաքրքրվեց, թե կողմերն ինչ դիրքորոշում ունեն ստեղծված իրավիճակում քրեական գործի հետագա քննության վերաբերյալ։ Բանն այն է, որ Քրեական դատավարության օրենսգրքի համաձայն՝ ամբաստանյալների ներկայությունը դատական նիստերին պարտադիր է, իսկ նրանցից մեկի բացակայության պայմաններում նիստերը ենթակա են հետաձգման։

Լուսանկարում՝ Գլխավոր դատախազության՝ զինվորական ծառայության դեմ ուղղված հատկապես կարեւոր գործերով քննության հսկողության բաժնի պետ Արշակ Մարտիրոսյանը

Հանրային մեղադրող Արշակ Մարտիրոսյանը կարծիք հայտնեց, որ Էլլադա Հարությունյանի մեղադրանքը առնչվում է Արսեն Աբգարյանի մեղադրանքին, ինչի պայմաններում տարանջատված քննությունը հնարավոր չէ․  «Եվ հաշվի առնելով, որ ուղղակի պահանջ է ամբաստանյալի մասնակցությունը դատական նիստերին, ես չունեմ իրավական այլընտրանք, քան հետաձգումն է»,– ասաց Մարտիրոսյանը։ Նա նաեւ նշեց, որ եթե տեսականորեն Էլլադա Հարությունյանի վերաբերյալ մաս անջատվի, գործերից մեկով առավել արագ քննություն իրականացվի, եւ կայացվի դատավճիռ, ապա իրավական առումով կաշկանդվածություն  է ստեղծվելու գործի մյուս մասը քննող դատավորի համար, քանի որ կայացված դատական ակտի հիմքում ընկած են լինելու փաստական տվյալներ, որոնք դեռ հետազոտվելու են դատարանում։

Պաշտպանական կողմը ամբողջությամբ համաձայնեց մեղադրողի դիրքորոշմանը։

Լսելով կողմերին՝ դատավոր Սարգիս Դադոյանը տեղեկանքը կցեց գործի նյութերին եւ նշեց միայն, որ հաջորդ դատական նիստի մասին կողմերը լրացուցիչ կծանուցվեն։

Հավելենք, որ չնայած նախնական դատալսումների փուլում կողմերն առարկել էին նիստի տեսա եւ լուսանկարահանման դեմ, դատաքննության փուլում նրանց դիրքորոշումը փոխվեց, ուստի դատարանը, լսելով կողմերի կարծիքը, թույլատրեց նիստի տեսա եւ լուսանկարահանումը՝ բացառությամբ Հայկ Կուլակչյանի, որը դարձյալ դեմ արտահայտվեց։

 

Միլենա Խաչիկյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել