Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները քննարկել են համատեղ զորավարժությունները

 |armenpress.am|
15:44 - 02 փետրվարի, 2023

Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները քննարկել են համատեղ զորավարժությունները |armenpress.am|

armenpress.am: Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեն Թուրքիայի և Ադրբեջանի իր գործընկերների հետ Թուրքիայի Կարս քաղաքում տեղի ունեցած հանդիպմանը քննարկել է համագործակցության եռակողմ ձևաչափը, ինչպես նաև համատեղ զորավարժությունների անցկացումը: Այդ մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից:

«Ջուանշեր Բուրչուլաձեն, Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը և Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը քննարկել են տարածաշրջանային զարգացման և պաշտպանության ոլորտում համագործակցության հարցեր։

Ուշադրություն է հատկացվել համատեղ զորավարժությունների անցկացման կարևորությանը, ինչն է՛լ ավելի է մոտեցնում երեք երկրների զինվորականներին և ամրապնդում նրանց միջև հարաբերությունները»,-  այսօր հաղորդել է Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Բուրչուլաձեն, Աքարը և Հասանովը ևս մեկ անգամ ընդգծել են եռակողմ ձևաչափով համագործակցության կարևորությունը, որը ծառայում է տարածաշրջանում անվտանգությանն ու կայունությանը, հավելել են գերատեսչությունում։

Վրաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը Թուրքիայում է գտնվում որպես բազմազգ «Ձմեռային զորավարժություններ-2023»-ի պատվավոր հյուր: Կարսի նահանգում անցկացվող զորավարժություններին մասնակցում են 17 երկրներից, այդ թվում՝ Ադրբեջանից, Մեծ Բրիտանիայից, Վրաստանից, Իտալիայից ժամանած զինվորականներ։ Վարժանքների նպատակն է ամրապնդել մարտական ​​հմտությունները ձմեռային պայմաններում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել