Վլադիմիր Գասպարյանի ներկայացուցիչն ապօրինի ծագման գործով պահանջում է հայցային վաղեմություն կիրառել |hetq.am|
18:01 - 03 փետրվարի, 2023

Վլադիմիր Գասպարյանի ներկայացուցիչն ապօրինի ծագման գործով պահանջում է հայցային վաղեմություն կիրառել |hetq.am|

hetq.am: Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի, նրա կնոջ, որդու, դստեր և զոքանչի ունեցվածքը հօգուտ Հայաստանի բռնագանձելու պահանջով դատախազության հայցադիմումը քննվում է Հակակոռուպցիոն դատարանում։

Այսօր՝ փետրվարի 3-ին, դատարանը շարունակեց քննել Գասպարյանի ներկայացուցչի միջնորդությունը, որով դատարանին խնդրել են գործով անցնող գույքերից մեկի մասով հայցային վաղեմություն կիրառել։ 

Խոսքը ոստիկանապետի կնոջ Սուսաննա Գասպարյանին պատկանող Երևան քաղաքի Թումանյան փողոցում գտնվող բնակարանի մասին է։ Ըստ Գասպարյանի ներկայացուցուցիչ Վարազդատ Ասատրյանի՝ 2008 թ-ին գնված բնակարանը բռնագանձելու պահանջ ներկայացնելու համար դատախազությունը բաց է թողել դատարան դիմելու օրենքով սահմանված ժամկետը։ Գտնում են, որ գույքի ձեռքբերման մասին պետությունն իմացել է ավելի վաղ, քանի դրա վերաբերյալ դատախազությունում կուսումնասիրվեր Գասպարյանի ունեցվածքը:

Դատավոր Նարինե Ավագյանը որոշեց, որ դատախազությունը պետք է ապացուցի, որ այդ գույքի ձեռքբերման մասին տեղեկացել է ապօրինի ծագում ունեցող գույքի ուսումնասիրության շրջանակում, իսկ ոստիկանապետի ներկայացուցիչը պետք է ապացուցի, որ պետությունը նշված գույքը Գասպարյանի կնոջ կողմից ձեռքբերելու մասին իմացել է դեռևս 2008 թ-ին։

Այսօրվա նիստը հետաձգվեց, որպեսզի Վլադիմիր Գասպարյանի ներկայացուցիչը միջնորդության քննության համար հավելյալ ապացույցներ ներկայացնի դատարան։

Գլխավոր դատախազությունը դատարանից պահանջում է Գասպարյանից և նրա ընտանիքի անդամներից հօգուտ պետության բռնագանձել Երևան քաղաքում գտնվող 4 անշարժ գույք (1 տուն, 2 բնակարան, 1 ավտոտոնակ), Կոտայքի և Գեղարքունի մարզերում գտնվող 3 անշարժ գույք, ինչպես նաև 3 ավտոմեքենա։ Այս ամենից բացի՝ դատախազությունը պահանջում է ոստիկանապետի ընտանիքից բռնագանձել նաև 169 միլիոն դրամ և 5 միլիոն ռուբլի (հանդիսանում է ավանդ)։

2011 թ-ից 2018 թ.-ն ոստիկանապետի պաշտոնը զբաղեցնող Վլադիմիր Գասպարյանն ու նրա ընտանիքի անդամները անցնում են նաև մի քանի քրեական գործով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել