Դատարանը վերացրել է ՕԴՔԿ ՊՈԱԿ-ի տարածքում շինարարությունը կասեցնելու որոշումը
20:35 - 06 փետրվարի, 2023

Դատարանը վերացրել է ՕԴՔԿ ՊՈԱԿ-ի տարածքում շինարարությունը կասեցնելու որոշումը

ՀՀ վարչական դատարանը, դատավոր Արգիշտի Ղազարյանի նախագահությամբ, վերացրել է «Գիտությունների ազգային ակադեմիայի օրգանական եւ դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն» ՊՈԱԿ–ի տարածքում «Գրին Փրոփերթի Դիվելոփմենթ» ՓԲԸ–ի կողմից իրականացվող շինարարությունը կասեցնելու որոշումը։ 

Հիշեցնենք՝ Երեւանի քաղաքապետարանը 2022 թ․ հոկտեմբերի 10-ին «Գրին Փրոփերքի Դիվելոփմենթ» ՓԲԸ-ին թույլատրել էր «Աբուհայաթ» պատմական ջրանցքի մի մասը տեղափոխել ՊՈԱԿ–ի տարածք, քանի որ այն անցնում է բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի տարածքով, որը ՓԲԸ-ն նախատեսում է կառուցել։ ՊՈԱԿ–ի աշխատակիցները, սակայն, դեմ լինելով Քաղաքապետարանի այդ որոշմանը, այն բողոքարկել էին Վարչական դատարանում։ Նախքան բուն բողոքի քննությունը վերջիններս նաեւ միջնորդել էին կասեցնել շինթույլտվության որոշումը, ինչը դատարանի՝ նոյեմբերի 25-ի որոշմամբ բավարարվել էր, եւ շինարարական աշխատանքները անժամկետ դադարեցվել էին։

Նախնական դատական նիստի ժամանակ կառուցապատող ընկերությունը, որ գործով երրորդ անձ է ներգրավվել, միջնորդել էր վերացնել շինարարական աշխատանքների կասեցման որոշումը։ Նիստի ընթացքում ՓԲԸ-ի ներկայացուցիչ, փաստաբան Մարիամ Ղուլյանը նշել էր, որ շինաշխատաքների հիմնական մասն արդեն արվել է, հողը փորվել է, խողովակները՝ տեղադրվել, եւ եթե դա իրենից վտանգ ներկայացներ, հայցվորն արդեն պետք է ունենար որեւէ ապացույց, որ իրեն վնաս է պատճառվել, ինչը, սակայն, ըստ Ղուլյանի, առկա չէ։ Ղուլյանը պնդել էր, որ նախքան շինթույլտվությունը իրենք ստացել են պատկան բոլոր մարմինների համաձայնությունը՝ գործընթացն իրականացնելով օրենքով սահմանված կարգով։

Միջնորդության քննության ժամանակ դրա դեմ առարկել էր ՊՈԱԿ-ի ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Նաղդալյանը՝ պնդելով, որ շինարարության հետեւանքով գիտաշխատողների կյանքը եւ առողջությունը վտանգվել է, իսկ այդ աղմուկի տակ մտավոր գիտական աշխատանքի իրականացումը՝ դարձել անհնար։ Շինաշխատանքների վտանգավորության մասին իրենց մասնագիտական դիտարկումները ներկայացրել էին նաեւ գործով ներկայացուցիչ ներգրավված, ՊՈԱԿ-ի գիտությունների գծով փոխտնօրեն Ռոբերտ Հակոբյանը, սարքավորումների մասնագետ Ալեքսան Շախաթունին եւ կենսաբան Հրաչ Գասպարյանը՝ նշելով, որ այն անհամատեղելի է իրենց գործունեության հետ։

Թե ինչ պատճառաբանությամբ է դատարանը բավարարել կառուցապատող ընկերության միջնորդությունը, առայժմ պարզ չէ։ Դատական տեղեկատվական համակարգում հասանելի է որոշման միայն եզրափակիչ մասը։

Հավելենք, որ Վարչական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի համաձայն՝ միջանկյալ դատական ակտերն օրինական ուժի մեջ են մտնում դրանք ստանալուց 5 օր հետո: ՊՈԱԿ-ի ներկայացուցիչ Տիգրան Նաղդալյանը մեր հարցին ի պատասխան ասաց, որ որոշումը դեռեւս չեն ստացել, իսկ «Գրին Փրոփերքի Դիվելոփմենթ» ՓԲԸ-ի ներկայացուցիչ Մարիամ Ղուլյանը նշեց, որ իրենք ստացել են։

 

Միլենա Խաչիկյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել