Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել դատավոր Բորիս Բախշիյանին արդարացնելու դատավճիռը
 |factor.am|
13:34 - 07 փետրվարի, 2023

Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել դատավոր Բորիս Բախշիյանին արդարացնելու դատավճիռը |factor.am|

factor.am: Վերաքննիչ քրեական դատարանն անփոփոխ է թողել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանին արդարացնելու դատավճիռը։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց Բախշիյանի պաշտպան Երեմ Սարգսյանը։

Նա նշեց, որ դեռևս չի ստացել Վերաքննիչ դատարանի դատական ակտը, ուստի մանրամասներին կանդրադառնա դրան ծանոթանալուց հետո։

Հիշեցնենք, որ դատավոր Բախշիյանը մեղադրվում էր Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի գործով ամբաստանյալներից մեկին՝ Նվեր Մկրտչյանին ակնհայտ ապօրինի կալանավորելու համար։ Մկրտչյանը չի ներկայացել այս գործով նշանակված դատական նիստերից մեկին, թեև պատշաճ ծանուցված է եղել։ Նրա պաշտպան Յուրա Ավայանը դատարանին հայտնել է, թե անհետաձգելի քննչական գործողության մասնակցելու պատճառով նիստին ներկայանալ չի կարող, իսկ Մկրտչյանն առանց պաշտպան չի ցանկանում ներկայանալ։ Նիստին ներկայանալն ամբաստանյալի պարտականությունն է, ուստի դատավոր Բախշիյանը որոշել է Մկրտչյանի նկատմամբ ավելի խիստ խափանման միջոց կիրառել ու կալանավորել նրան։

Դատարանի այս որոշումը Դատախազությունը համարել է ակնհայտ ապօրինի, որի համար քրեական հետապնդում է սկսվել Բախշիյանի նկատմամբ։ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Լուսինե Սեփխանյանի, քննելով Բախշիյանի վերաբերյալ գործը՝ սեպտեմբերի 28-ին որոշել է նրան արդարացնել արարքում հանցակազմի բացակայության հիմքով, ինչի հետ Դատախազությունը համաձայն չէ։

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի անունից ներկայացված վերաքննիչ բողոքով պահանջվում է բեկանել Բախշիյանին արդարացնելու վերաբերյալ դատավճիռը, նրան մեղավոր ճանաչել ու որպես պատիժ նշանակել հանրային ծառայության պաշտոններ և հանրային պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելը՝ 5 տարի ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 79-րդ հոդվածի համաձայն՝ մեղմացնել նշանակված պատիժը և վերջնական պատիժ սահմանել հանրային պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկելը՝ 4 տարի ժամկետով։

Գլխավոր դատախազի բողոքը, փաստորեն, մերժվել է։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել