Խոսքը միայն նրան չի վերաբերում, որ զորամաս է վաճառվել, այլ թե ինչ պայմաններում, ում եւ ինչ գնով է վաճառվել․ Ալեն Սիմոնյանը՝ Սեյրան Օհանյանի վերաբերյալ միջնորդագրերի մասին |factor.am|
15:12 - 07 փետրվարի, 2023

Խոսքը միայն նրան չի վերաբերում, որ զորամաս է վաճառվել, այլ թե ինչ պայմաններում, ում եւ ինչ գնով է վաճառվել․ Ալեն Սիմոնյանը՝ Սեյրան Օհանյանի վերաբերյալ միջնորդագրերի մասին |factor.am|

factor.am: «Ցավում եմ, որ Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու 2-րդ միջնորդության քննարկումը փակ էր, որովհետև այն, ինչի մասին մենք խոսում էինք, և՛ պատերազմի ժամանակ, և՛ պատերազմից հետո հնչած թեմաները շատ հետաքրքիր պատասխաններ գտան», – փակ նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ընդդիմության քննադատություններին, թե Սեյրան Օհանյանի նկատմամբ գործընթաց սկսելով՝ իշխանությունը ցանկանում է շեղել հասարակությանը տարատեսակ խնդիրներից:

Սիմոնյանի խոսքով՝ ընդդիմության որևէ գործողություն վերջին ակցիաներից հետո չի կարող Հայաստանի ժողովրդին որևիցե բանից շեղել:

«Իրենք գերագնահատում են իրենց դերը հայաստանյան քաղաքական դաշտում ու իրենց քաղաքական գործունեությունը հենված է զուտ սահմանին տեղի ունեցող հարձակումների ու թշնամու կողմից արված քայլերի վրա դիվիդենտներ ու օրակարգեր ձևավորելու վրա: Կարող եմ իրենց հանգստացնել՝ եթե իրենց բոլորին էլ ձերբակալեն, որևէ ձևով հիմնական խնդիրներից Հայաստանի ժողովուրդը չի շեղվի, թող իրենց չգերագնահատեն», – հայտարարեց ԱԺ նախագահը:

Անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ Սուրեն Պապիկյանի նկատմամբ գործ չի հարուցվում` չէ՞ որ նա էլ է զորամաս օտարել, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Եթե հանցակազմ լինի որևէ մեկի վրա, լինի դա Սուրեն Պապիկյանը, թե Ալեն Սիմոնյանը, քրեական գործ կհարուցվի»։ Նա հավելեց, որ այդ հարցը ճիշտ մարդու չեն ուղղում, քանի որ ԱԺ նախագահը իրավունք չունի հանցակազմ գտնելու ու քրեական գործ հարուցելու։ Սիմոնյանն ընդգծեց, որ օրենքի առաջ հավասար են բոլորը, անգամ՝ ուսադիր կրողները: «Եթե ինչ-որ մեկն ուսադիր ունի կամ իր փայատերերը, կամ իրեն հրաման տվողները իրեն տարբեր կոչումներ են տվել, դա չի նշանակում, որ իրենք օրենքի առաջ հավասար չեն. բոլորս հավասար ենք օրենքի առաջ», – նշեց Սիմոնյանը՝ անդրադառնալով Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին միջնորդագրերի քննարկմանը:

Ինչ վերաբերում է Օհանյանին «հայրենիքի հերոս» համարելուն՝ ԱԺ նախագահն ասաց, թե այդ գնահատկանը պետք է ժողովուրդը տա․ «Դա ժամանակի հարց է, իսկ մնացածը հաճախ ուռճացված ու կենացների մակարդակի հասցված իրականություն է», – ընդգծեց Սիմոնյանը:

ԱԺ նախագահը հայտարարեց, թե եկել է ժամանակը Սեյրան Օհանյանին «Ազգային հերոս»-ի կոչումից զրկելու ժամանակը․ «Կարծում եմ՝ եկել է ժամանակն իրեն զրկելու ու վերանայելու «Ազգային հերոս» տալու ինստիտուտը, ու հասկանանք՝ արդյո՞ք այն մարդիկ, որոնց վերաբերյալ հետագայում դատավճիռ կլինի, կշարունակեն մնալ «Ազգային հերոս»։ Ես կարծում եմ՝ երբ օրինական ուժի մեջ մտած դատավճիռ լինի, իրենք չպետք է կոչումը ունենան»։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն այսօր լրագրողներին հետ զրույցում փաստաթուղթ էր ներկայացրել՝ նշելով․ «Սա Նիկոլ Փաշինյանի ստորագրությամբ փաստաթուղթ է, ՊՆ-ի՝ թվով 71 գույք է փոխանցվել Պետական գույքի կառավարման կոմիտեին, որ հետո օտարվի: Այստեղ 71 զորամասի հասցե է՝ «Ստալիչնի պոլկն» էլ մեջը»։ Անդրադառնալով այս դիտարկմանը և հարցին, թե արդյոք երկաթե մանդատ պետք է կիրառել նաև Նիկոլ Փաշինյանի և Սուրեն Պապիկյանի նկատմամբ՝ Ալեն Սիմանյանը նշեց․ «Խոսքը չի վերաբերում միայն նրան, որ զորամաս է վաճառվել, այլ նրան, թե ինչ պայմաններով է վաճառվել, ում և ինչ գնով է վաճառվել, հետո այդ գումարն ինչ է արվել։ Գիտեք ինչ՝ պետությունը, հիմա մենք էլ կարող է հին գույք ունենանք, ուղարկենք ինչ-որ գյուղ կամ վաճառենք, օտարենք, բայց այլ հարց է, երբ զորամասը վաճառում ես իքս ցածր գնով, հետո շատ թանկ գնով գրավ ես դնում ու այդ գումարներն ուղղում ես անձնական ինչ որ բաների։ Եկեք տարանջատենք․ 71 զորամաս, է հա, կարող է շատ ուրիշ բաներ էլ մենք օտարենք, որոնք էլ բանի պիտանի չեն․․․»։

Ալեն Սիմոնյանը Սեյրան Օհանյանի առնչությամբ անդրադարձավ նաև հայտարարություններին, թե Փաշինյանի ստորագրությամբ ՊՆ-ի թվով 71 գույք հանվում է աճուռդի։ Նա նշեց՝ խոսքը միայն նրան չի վերաբերում, որ զորամաս է վաճառվել, այլ թե ինչ պայմաններում է վաճառվել, ում է վաճառվել, ինչ գնով է վաճառվել,  եւ հետո այդ գումարն ինչ է արվել․ «Պետությունը, հիմա մենք էլ կարող է ինչ-որ հին գույք ունենանք, ուղարկենք ինչ-որ գյուղ կամ օտարենք, վաճառենք, բայց այլ հարց ա, եթե դու զորամասը վաճառում ես իքս ցածր գնով, հետո շատ ավելի թանկ գնով տանում ես գրավադրում ես բանկում եւ այդ գումարներն ուղղում ես անձնական ինչ-որ բաների։ Եկեք տարանջատենք հա․ 71 զորամաս, է, հա, կարող ա շատ ավելի ուրիշ բաներ էլ մենք օտարենք, որոնք էլ բանի պիտանի չեն»։

Առավել մանրամասն՝ այստեղ

Լուսանկարը՝ ԱԺ մամուլի ծառայության


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել