Այս տարվա հունվարի 10-ի ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով լրագրողներից մեկի՝ անհետ կորած անձանց վերաբերյալ հարցին, ասաց․ «Անհետ կորածների հետ կապված որոնողական աշխատանքներ են տեղի ունենում իրականում․․․ Այո, ոչ բոլոր նահատակների մարմիններն են հայտնաբերվել, բայց նաեւ ուզում եմ մեզ բոլորիս հիշեցնել, որ սեպտեմբերի 13-ից հետո մեր 17 ռազմագերիները վերադարձվել են Հայաստան, եւ մենք շարունակում ենք ջանքեր գործադրել․․․ Իմիջիայլոց, ասեմ՝ անհետ կորածներ միայն սեպտեմբերից չունենք (նկատի ունի՝ 2022 թ․ սեպտեմբերի 13-ից 14-ը Ադրբեջանի կողմից ՀՀ-ի դեմ իրականացված ռազմական ագրեսիան), ցավոք սրտի, 44-օրյայից էլ շուրջ 200 անհետ կորածներ ունենք, եւ հիմա Գերիների եւ անհետ կորածների հարցերով հանձնաժողովը, էսպես ասած, վերակազմավորվել է ԱԱԾ տնօրենի գլխավորությամբ, եւ աշխատում են»։
Ասուլիսի հաջորդ օրը Ազգային ժողովի պատգամավոր, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանը չի տիրապետում իրավիճակին․ «Նիկոլ Փաշինյանը երեկ հրավիրած իր ասուլիսի ժամանակ հայտարարեց՝ 2022թ.-ի սեպտեմբերի 13-ի ադրբեջանական վերջին սադրանքի եւ 2020թ.-ի 44-օրյա պատերազմի հետեւանքով անհետ կորած համարվող անձանց վայրը պարզելու համար որոնողական աշխատանքները շարունակվում են: Ցավում եմ, որ երկրի վարչապետը չի տիրապետում նման կարեւոր տեղեկության կամ իմիտացիա է անում, թե ամեն հարցով զբաղվում է: Իրականում 44-օրյա պատերազմի հետեւանքով անհետ կորած համարվող մոտ 200 անձանց որոնողական աշխատանքները դադարեցվել են դեռեւս 2022 թվականի հունվար ամսից: Դադարեցվել է Ադրբեջանի միակողմանի որոշմամբ: Այս հարցը բազմիցս քննարկել եմ նաեւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի իմ գործընկերների հետ, ինչպես նաեւ տասնյակ ահազանգեր եմ ուղարկել աշխարհի տարբեր կառույցների եւ կենտրոնների, որոնք զբաղվում են մարդու իրավունքների հարցերով: Առ այսօր որեւէ դրական տեղաշարժ չկա: Լավ կլիներ, որ ասուլիսին պատրաստվելուց առաջ համապատասխան տեղեկությունները ճշտեր երկրի թիվ մեկ պաշտոնյան. անլուրջ է այս ամենը»,- ասված է գրառման մեջ։
Infocom-ը փորձել է հասկանալ, թե պաշտոնատար անձանցից ով է ճիշտ, եւ իրականում ինչ փուլում են 2020 թ․ 44-օրյա պատերազմի եւ 2022 թ․ սեպտեմբերյան ագրեսիայի հետեւանքով անհայտ կորած անձանց վերաբերյալ որոնողական աշխատանքները։
Հարցումներ ՀՀ ՊՆ-ին, ԱԱԾ-ին, ՔԿ-ին, Արցախի ԱԻՊԾ-ին
Հիմք ընդունելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2022 թվականի հոկտեմբերի 20-ին N 1236- Ա որոշման հավելված 2-ի 5-րդ մասը, համաձայն որի՝ Գերիների, պատանդների եւ անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի (այսուհետ՝ նաեւ Հանձնաժողով) նախագահը ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենն է՝ հունվարի 13-ին գրավոր հարցմամբ դիմել ենք ՀՀ ԱԱԾ-ին՝ խնդրելով հայտնել, թե ինչ փուլում են 2020 թ․ 44-օրյա պատերազմի եւ 2022 թ․ սեպտեմբերյան ագրեսիայի հետեւանքով անհայտ կորած անձանց որոնողական աշխատանքները։ Եթե դրանք դադարեցվել են, ապա խնդրել ենք հայտնել, թե երբ, ինչ պատճառաբանությամբ եւ ինչ ժամկետով (եթե սահմանվել է այդպիսի ժամկետ)։ Ի հավելումն՝ խնդրել ենք հայտնել, թե վերջին տվյալներով 44-օրյա պատերազմի եւ սեպտեմբերյան ագրեսիայի մասնակից քանի անձ է համարվում անհայտ կորած, քանիսը՝ գերեվարված։
Նույնաբովանդակ հարցումներ հունվարի 13-ին ուղարկել ենք նաեւ ՀՀ պաշտպանության նախարարությանն ու Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությանը (Արցախի ԱԻՊԾ-ին՝ 44-օրյա պատերազմի մասով միայն), ավելի ուշ՝ նաեւ ՀՀ քննչական կոմիտեին։
ՊՆ-ն հորդորում է դիմել Գերիների հարցերով զբաղվող հանձնաժողովին, Հանձնաժողովը՝ ՔԿ-ին
Հունվարի 17-ին Պաշտպանության նախարարությունը պատասխան գրությամբ տեղեկացել է, որ հայցվող տեղեկությունները տրամադրելու համար լրացուցիչ ուսումնասիրության անհրաժեշտություն կա․ «Ըստ այդմ` հարցման պատասխանը կտրամադրվի ՀՀ օրենսդրությամբ սահմանված ժամկետներում»,- ասված է գրության մեջ: Նշենք, որ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքով սահմանված է, որ գրավոր հարցման պատասխանը տրվում է 5-օրյա ժամկետում, բացառությամբ եթե կա լրացուցիչ աշխատանքի անհրաժեշտություն։ Այդ դեպքում էլ, ըստ օրենքի, տեղեկությունը դիմողին է տրվում դիմումը ստանալուց հետո՝ 30-օրյա ժամկետում, որի մասին հարցումը ստանալուց հետո՝ դարձյալ 5-օրյա ժամկետում, գրավոր տեղեկացվում է դիմողին՝ նշելով հետաձգման պատճառները եւ տեղեկությունը տրամադրելու վերջնական ժամկետը։ ՊՆ-ն, սակայն, իր սովորության համաձայն, վերջնական որեւէ ժամկետ չի նշել։
Նույն օրը Գերիների, պատանդների եւ անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի քարտուղար Գ․ Գասպարյանը, հարցմանն ի պատասխան, մեջբերել է «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասի պահանջները՝ նշելով․ «Եթե տեղեկության տնօրինողը չունի փնտրվող տեղեկությունը կամ դրա տրամադրումն իր լիազորությունների շրջանակից դուրս է, ապա նա տվյալ գրավոր հարցումը ստանալուց հետո՝ 5-օրյա ժամկետում, պարտավոր է այդ մասին գրավոր տեղեկացնել դիմողին, իսկ հնարավորության դեպքում նրան տրամադրել նաեւ այդ տեղեկությունը տնօրինողի (այդ թվում՝ արխիվի) գտնվելու վայրը: Նկատի ունենալով, որ պահանջվող տեղեկությանը տնօրինում է նախաքննական մարմինը՝ անհրաժեշտ է հարցումը հասցեագրել ՀՀ քննչական կոմիտե»,- ասված է պատասխանում։
Հաջորդ օրը՝ հունվարի 18-ին, ՀՀ ՊՆ-ն, որն ընդամենը մեկ օր առաջ լրացուցիչ ժամանակ էր խնդրել, նախարարի քարտուղար Հ․ Բատիկյանի կողմից ուղարկել է գրություն՝ հետեւյալ բովանդակությամբ․ «ՀՀ պաշտպանության նախարարին ուղղված Ձեր հարցման առնչությամբ տեղեկացնում եմ, որ ՀՀ վարչապետի 20.10.2022թ.-ի N11236-Ա որոշմամբ ստեղծվել է Գերիների, պատանդների եւ անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողով, որը զբաղվում է Ձեր կողմից առաջադրված հարցերով»։
Այսինքն՝ ՊՆ-ն հորդորում է դիմել այն նույն Հանձնաժողովին, որը մեկ օր առաջ արդեն իսկ խուսափել է մեզ բովանդակային պատասխան տալ՝ իր հերթին հորդորելով դիմել Քննչական կոմիտեին։ Թեեւ տարակուսելի է, թե ոլորտի պատասխանատու գերատեսչությունը եւ իրավասու Հանձնաժողովը ինչպես կարող են չտիրապետել այդ տեղեկություններին, հատկապես, որ Հանձնաժողովը ստեղծվել է հենց այդ անձանց առնչվող հարցերով զբաղվելու համար, այնուհանդերձ, հունվարի 18-ին դիմել ենք նաեւ Քննչական կոմիտեին՝ տեղեկացնելով Հանձնաժողովի գրության մասին եւ խնդրելով պատասխանել վերոնշյալ հարցերին։
ՀՀ քննչական կոմիտեն հարցմանը պատասխանել է օրենքով սահմանված առավելագույն ժամկետի խախտմամբ
Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունը (այսուհետ՝ ՔԿ ԶՔԳՎ) հունվարի 18-ին ուղարկված գրավոր հարցմանը պատասխանել է օրենքով սահմանված առավելագույն ժամկետի խախտմամբ՝ փետրվարի 28-ին միայն։ Ինչպես արդեն նշեցինք, օրենքով սահմանված առավելագույն ժամկետը մեկ ամիսն է, որի անհրաժեշտության դեպքում պետական կառույցը պետք է գրավոր տեղեկացնի դիմողին՝ նշելով պատասխանն ուղարկելու վերջնական ժամկետը։ Մենք, սակայն, անգամ այդ մեկամսյա ժամկետի մասին չենք ծանուցվել։ Ընդ որում, ուշացման հանգամանքը, ըստ ամենայնի, քողարկելու համար ՔԿ-ն հարցման պատասխանը մակագրել է հունվարի 23-ով, մինչդեռ օրենքով սահմանված նվազագույն՝ հնգօրյա ժամկետի ավարտից հետո, երբ պատասխան չենք ստացել, հունվարի 26-ին կապ ենք հաստատել ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանի հետ, որը տեղեկացրել է, որ պաշտոնատար անձը, որ պետք է պատասխանի հարցմանը, վատառողջ է, աշխատանքի չի գալիս, ուստի իրավիճակից բխող լուծում կընտրվի։ Այսինքն՝ հունվարի 23-ին այդ պատասխանը չէր էլ կարող մեզ ուղարկված լինել։ Հետագայում Աբրահամյանը ուշացումը պայմանավորել է տեխնիկական խնդրով։
Հարցման պատասխանում ՔԿ ԶՔԳՎ հատկապես կարեւոր գործերի քննության վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը տեղեկացրել է, որ 2020 թ․ 44-օրյա պատերազմի եւ 2022 թ․ սեպտեմբերյան ագրեսիայի հետեւանքով անհայտ կորած անձանց որոնողական աշխատանքների ընթացքի վերաբերյալ հարցադրումները դուրս են ՔԿ իրավասության շրջանակներից։ Վարդանյանը տրամադրել է ՔԿ-ի՝ որպես նախաքննական մարմնի տիրույթում գտնվող տեղեկությունները, որոնք կներկայացնենք հաջորդիվ։
Երկրորդ հարցումից հետո Հանձնաժողովը, այնուհանդերձ, որոշ տեղեկություններ տրամադրել է
Հաշվի առնելով վերոգրյալը՝ մարտի 1-ին երկրորդ հարցումն ենք ուղարկել ՀՀ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին՝ հայտնելով ՔԿ-ից եւ ՊՆ-ից ստացված պատասխանները եւ եւս մեկ անգամ խնդրելով որպես իրավասու Հանձնաժողովի ղեկավար տրամադրել տեղեկություններ որոնողական աշխատանքների ընթացքի մասին։
Այս անգամ պատասխանը ստացել ենք ԱԱԾ աշխատակազմի ղեկավար Ն․ Մարգարյանից, որը նշել է, որ Գերիների, պատանդների եւ անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովը հայցվող տեղեկության տնօրինող չի համարվում․ «Այդ պատճառով տրամադրվում է որոնողական աշխատանքների վերաբերյալ ԱԱԾ տեղեկատվությունը»,- ասված է պատասխանում։
Ըստ այդ պատասխանի՝ 44-օրյա պատերազմի եւ հետպատերազմական իրադարձությունների արդյունքում ՀՀ վերադարձվել են 422 զոհված հայ զինծառայողների դիեր (դիակ-մասունք), որոնցից 225-ը զոհվել են 2022թ. սեպտեմբերյան մարտական գործողությունների ժամանակ։
Անդրադառնալով 2022թ սեպտեմբերի 13-ից 14-ը տեղի ունեցած մարտական գործողություններին՝ ԱԱԾ-ից հայտնել են, որ դրանց հետեւանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքից՝ հակառակորդի խոր թիկունքից, դուրս են բերվել Ջերմուկի զորամասի 1 սպա եւ 1 ժամկետային զինծառայող։
Ըստ ԱԱԾ-ի՝ 2022 թ․ սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ զոհված 2 զինծառայողների դիերի դուրսբերման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են: Նշենք, որ անհասկանալի է, թե Հանձնաժողովը, որ գործում է նույն ԱԱԾ տնօրենի գլխավորությամբ եւ զբաղվում նույն անհայտ կորած անձանց հարցերով, ինչպես կարող էր այս տեղեկության տնօրինողը չլինել եւ առաջին հարցման ժամանակ չտրամադրել այն։
Արցախի ԱԻՊԾ-ն անպատասխան է թողել մեր հարցումը
Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությանը հարցումն ուղարկելուց հինգ օր անց պատասխան չստանալով՝ հունվարի 23-ին կապ ենք հաստատել Արցախի ԱԻՊԾ մամուլի խոսնակ Հունան Թադեւոսյանի հետ, որը տեղեկացրել է, որ հարցումը չեն ստացել։ Նույն օրը՝ հունվարի 23-ին, այն երկրորդ անգամ ենք ուղարկել՝ հավաստիանալով, որ ստացել են։
Չնայած այդ հանգամանքին՝ մենք ո՛չ ծանուցվել ենք հարցմանը օրենքով սահմանված առավելագույն ժամկետում պատասխանելու մասին, ո՛չ էլ այդ ընթացքում կամ դրանից հետո պաշտոնական պատասխան ենք ստացել։ Փաստացի, Արցախի ԱԻՊԾ-ն անպատասխան է թողել մեր հարցումը՝ խախտելով «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի պահանջները (ՀՀ-ի եւ Արցախի օրենքները նույնն են)։
Ինչ է հայտնի 44-օրյա պատերազմի հետեւանքով անհետ կորած անձանց որոնողական աշխատանքների մասին
Ըստ Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության պաշտոնական հաղորդագրությունների՝ 2020 թ․ 44-օրյա պատերազմից հետո ռազմական գործողությունների վայրերում որոնողափրկարարական աշխատանքներ սկսել են իրականացվել նույն թվականի նոյեմբերի 13-ից։
Այդ օրվանից սկսած՝ ԱԻՊԾ-ն պարբերաբար հաղորդում էր, թե տվյալ օրը Ադրբեջանի վերահսկողության տակ անցած որ շրջաններում են իրականացվել որոնողական աշխատանքներ, եւ դրանց արդյունքում քանի աճյուն է հայտնաբերվել։
Մանրամասն ուսումնասիրելով ԱԻՊԾ ֆեյսբուքյան պաշտոնական էջը (որում տեղադրվում են պաշտոնական կայքի հայտարարությունները)՝ կարող ենք փաստել, որ ըստ դրա՝ վերջին անգամ որոնողական աշխատանքների իրականացման մասին հաղորդվել է 2022 թ․ փետրվարի 23-ին, որի արդյունքում հայտնաբերվել է մեկ աճյուն։ Ըստ նույն հաղորդագրության՝ 2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչ 2022 թ․ փետրվարի 23-ը որոնողական աշխատանքների եւ ադրբեջանական կողմի հետ դիերի փոխանակման արդյունքում հաստատվել է ընդհանուր 1711 աճյուն:
Նույն հաղորդագրությամբ ԱԻՊԾ-ն նշել է, որ որոնողական աշխատանքների առաջիկա ուղղությունների եւ արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն: Դրանից հետո, սակայն, որեւէ տեղեկություն այլեւս չի տրամադրվել։ Ընդ որում, մինչ այդ վերջին հաղորդագրությունը՝ 2022 թ․ տարեսկզբին, ԱԻՊԾ–ն բազմաթիվ անգամներ հայտնել է, որ իրականացված որոնողական աշխատանքները արդյունք չեն տվել, աճյուն կամ մասունք չի հայտնաբերվել (1, 2, 3, 4, 5)։
Հավելենք, որ որոնողական աշխատանքների արդյունքում նաեւ ողջ քաղաքացիներ են հայտնաբերվել։ Օրինակ՝ 2020 թ․ դեկտեմբերի 20-ին թշնամու վերահսկողության տակ անցած տարածքներում իրականացվող որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվեցին 70 օր անհայտության մեջ գտնվող ժամկետային 6 զինծառայողներ։ Նրանք այժմ տուժող են Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի հրամանատար, մայոր Իշխան Վահանյանի վերաբերյալ դատարանում քննվող քրեական գործով։
Մեկ օր անց՝ դեկտեմբերի 21-ին էլ հայտնաբերվել են 61 օր անհայտության մեջ գտնվող 2 քաղաքացի՝ հայր եւ որդի։
2022 թ․ նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ 44-օրյա պատերազմի հետեւանքով հայկական կողմի անհետ կորածների թիվը 203 է։
Քննչական կոմիտեից 2023 թ․ փետրվարի 28-ին մեր ստացած պատասխանի համաձայն՝ 44-օրյա պատերազմի վերաբերյալ քրեական վարույթի շրջանակում անհայտ է 196 անձի գտնվելու վայրը, որոնցից 176-ը զինծառայող են, 20-ը՝ քաղաքացիական անձ։
Ինչ է հայտնի 2022 թ․ սեպտեմբերյան ագրեսիայի հետեւանքով անհետ կորած անձանց մասին
2022 թ․ հոկտեմբերի 19-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվիթերյան իր էջում գրել էր, որ սեպտեմբերի 13-ին Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի հետեւանքով անհետ կորած է համարվում 29 մարդ։
Օրեր անց՝ հոկտեմբերի 22-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Էդուարդ Ասրյանը հայտնել էր, որ այդ պահի դրությամբ՝ հայկական կողմը ունի 25 անհետ կորած (այս թիվը ենթակա էր նվազման՝ հաշվի առնելով ընթացքի մեջ գտնվող ԴՆԹ փորձաքննությունները)․ «Ադրբեջանական կողմը դեռեւս համապատասխան թույլտվություն, որպեսզի մեր համապատասխան ստորաբաժանումները մտնեն եւ որոնեն դիերի գտնվելու վայրերը․․․ Չկա այդպիսի թույլտվություն, իսկ ինչ վերաբերում է, որ դիտարկվում է, այո, փաստը կա, եղել է այդպիսի դեպք, որ Կուտականի ուղղությամբ մենք ունենք դիտարկվող մեկ դիակ, մեր անօդաչու թռչող սարքով դիտարկել ենք, դա գտնվում է հակառակորդի դիրքի մատույցներում, եւ այդտեղ մտնելու թույլտվություն դեռեւս չունենք»,– նշել էր Ասրյանը։
Նոյեմբերի 10-ի դրությամբ, ըստ Փաշինյանի, անհետ կորածների թիվը հասել է 16-ի․ «Եվ այդ տղաների մարմինները գտնվում են Ադրբեջանի տիրապետության ներքո հայտնված տարածքներում, ու Ադրբեջանը բոլոր հնարավոր մեթոդներով ձգձգում է նրանց վերադարձը Հայաստան»,– ասել էր վարչապետը։
Քննչական կոմիտեից 2023 թ․ փետրվարի 28-ին մեր ստացած պատասխանի համաձայն՝ 2022 թ․ սեպտեմբերյան ագրեսիայի վերաբերյալ քրեական վարույթի շրջանակում անհայտ է 2 զինծառայողի գտնվելու վայր։ Ենթադրվում է, որ խոսքը ԱԱԾ-ի հայտնած նույն 2 զինծառայողների մասին է։
Ի հավելումն նշենք, որ գերությունում պահվող ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց՝ Ադրբեջանի իշխանությունների կողմից հաստատված թիվը, ըստ ՔԿ-ի, 33 է։
Այսպիսով, բաց աղբյուրներում եղած պաշտոնական տեղեկությունների հիման վրա կարող ենք փաստել, որ 44-օրյա պատերազմի հետեւանքով անհայտ կորած անձանց որոնողական աշխատանքները առնվազն մինչ 2022 թ․ փետրվարը իրականացվել են (Թագուհի Թովմասյանը նշել էր 2022 թ․ հունվարը)։ Փաստերի համադրումից կարող ենք ենթադրել, որ դրանից հետո այդ աշխատանքները դադարեցվել են, սակայն չենք կարող պնդել՝ Ադրբեջանի խոչընդոտմա՞ն թե՞ հայկական կողմի որոշման արդյունքում, քանի որ այդ մասին ո՛չ պաշտոնական հաղորդագրություն է եղել, ո՛չ մեր հարցմանն է պատասխան տրվել։ Ինչ վերաբերում է 2022թ․ սեպտեմբերյան ագրեսիայի հետեւանքով անհայտ կորած համարվող 2 զինծառայողներին, ապա, ըստ ԱԱԾ-ի, նրանց դիերի դուրսբերման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։ Հետեւաբար, ԱԱԾ-ի պատասխանը հիմք ընդունելու դեպքում Փաշինյանի հայտարարությունը կարող ենք համարել իրականությանը համապատասխանող միայն այն դեպքում, եթե նա, «շարունակվում են» ասելով, նկատի է ունեցել միայն սեպտեմբերյան պատերազմի հետեւանքով անհայտ կորած անձանց որոնողական աշխատանքները։
Միլենա Խաչիկյան
comment.count (0)