ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունները Սահմանադրական դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանի կողմից առերեւույթ խախտում թույլ տալու առնչությամբ իրավական գործընթաց կնախաձեռնեն։
Հիշեցնենք՝ ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանը հանրային ծառայության անցնելուց հետո որպես ներկայացուցիչ վերաքննիչ բողոք է մուտք արել դատարան, ինչի իրավունքը արդեն չուներ։ Միեւնույն ժամանակ նա սահմանված ժամկետում հաշվառումից չի հանել իր անհատ ձեռնարկությունը, ինչի արդյունքում առերեւույթ խախտվել են դատավորի վարքագծի եւ անհամատեղելիության՝ օրենքով սահմանված պահանջները։
Դատավորի վարքագծի կանոնները խախտելը դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք է, ինչի համար համախատասխան դիմում կարող է ներկայացնել ՍԴ առնվազն 3 դատավոր։ «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի համաձայն՝ այդ նպատակով վարույթը կարող է հարուցվել ենթադրյալ խախտումը հայտնաբերելուց հետո` եռամսյա ժամկետում, բայց ոչ ուշ, քան այդ հիմքը ծագելուց մեկ տարի հետո։
Անհամատեղելիության պահանջը խախտելը լիազորությունների դադարեցման հիմք է, որի նպատակով ՍԴ իրավասու է դիմել Ազգային ժողովը՝ պատգամավորների թվի առնվազն երեք հինգերորդի կողմից ընդունված որոշմամբ։ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքը սահմանում է, որ ՍԴ դատավորի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու մասին ԱԺ որոշման նախագիծ ներկայացնելու իրավունք ունի խմբակցությունը:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ Infocom-ը փետրվարի 14-ին գրավոր հարցումներ է ուղարկել Աժ երեք խմբակցություններին՝ հետաքրքրվելով՝ արդյո՞ք քննարկել են Սեդա Սաֆարյանին վերաբերող հիշյալ դեպքը, ի՞նչ դիրքորոշում ունեն դրա վերաբերյալ, եւ պատրաստվո՞ւմ են ներկայացնել համապատասխան որոշման նախագիծ․ եթե այո, ապա ե՞րբ, եթե ոչ, ապա ի՞նչ պատճառաբանությամբ։
Փետրվարի 21-ին ԱԺ խմբակցություններին դիմել են նաեւ փաստաբաններ Սոս Հակոբյանն ու Արսեն Բաբայանը՝ ներկայացնելով Սեդա Սաֆարյանի կողմից ՀՀ Սահմանադրությամբ եւ օրենքներով ՍԴ դատավորի համար սահմանված անհամատեղելիության պահանջների առերևույթ խախտման վերաբերյալ իրենց միջնորդությունը եւ առաջարկելով կազմակերպել ՍԴ դիմելու գործընթացը։
Մեր գրավոր հարցմանն ի պատասխան «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը այսօր տեղեկացրել է, որ ստացել են փաստաբանների համատեղ դիմումը, այժմ ընթանում են «Սահմանադրական դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին» Ազգային ժողովի որոշման նախագծի մշակման աշխատանքները:
«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը եւս տեղեկացրել է, որ իրենք ստացել են փաստաբանների գրությունը, այս պահին «Հայաստան» դաշինքի հետ քննարկում են, թե ինչ ընթացակարգով են շարժվելու․ «Փաստաբանների վեր հանած խնդիրները խիստ տրամաբանական են եւ համապատասխանում են ՍԴ դատավորի աշխատանքի անհամատեղելիության խնդրին, եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունը տարբերակներից մեկով կսատարի այդ գործընթացին»,- մեր զրույցում ասել է Մամիջանյանը։
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը մեր հարցմանը չի պատասխանել։ Նրա օգնական Սյուզի Սարգսյանը փոխանցել է, որ դրանում նշված հարցերը հարցազրույցի բնույթ են կրում։ Դրանից բացի, «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը, ըստ Սարգսյանի, տարածվում է գործադիր իշխանության վրա, իսկ պատգամավորներին չի վերաբերում։ Նշենք, սակայն, որ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի համաձայն՝ օրենքի գործողությունը տարածվում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պետական հիմնարկների, բյուջեներից ֆինանսավորվող կազմակերպությունների, ինչպես նաև հանրային նշանակության կազմակերպությունների և դրանց պաշտոնատար անձանց վրա։ Ազգային ժողովը օրենսդիր իշխանություն իրականացնող պետական մարմին է, եւ թե՛ ԱԺ աշխատակազմը, թե՛ պատգամավորները գրավոր հարցումների հիման վրա պարտավոր են եւ մշտապես տեղեկություններ տրամադրում են։
Միլենա Խաչիկյան
comment.count (0)