Տարոն Մարգարյանից և նրա ընտանիքի անդամներից առանձնատներ և այլ անշարժ գույք բռնագանձելու պահանջ է ներկայացվել |hetq.am|
22:02 - 06 մարտի, 2023

Տարոն Մարգարյանից և նրա ընտանիքի անդամներից առանձնատներ և այլ անշարժ գույք բռնագանձելու պահանջ է ներկայացվել |hetq.am|

hetq.am: Դատախազությունը պահանջում է Երևանի նախկին քաղաքապետ, այժմ Ազգային Ժողովի պատգամավոր Տարոն Մարգարյանից և նրա ընտանիքի անդամներից օգուտ Հայաստանի բռնագանձել ապօրինի ծագում ուենցող մի շարք գույքեր և դրամական միջոցներ։ Այդ ցանկում է Երևանի Ավան վարչական շրջանում գտնվող հայտնի Բաբաջանյան 77/7 հասցեի առանձնատունը։

Հայցապահանջն այսօր Հակակոռուպցիոն դատարանում ներկայացրեց Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքերի բռնագանձման գործերով վարչության դատախազ Ռուզաննա Խուդավերդյանը։ Դատական նիստին չէր ներկայացել ո՛չ Տարոն Մարգարյանը, ո՛չ նրա ընտանիքի անդամներից որևէ մեկը։

Ստորև ներկայացնում ենք Տարոն Մարգարյանի և նրա հետ փոխկապակցված անձանցից, ըստ դատախազության, hօգուտ պետությանը բռնագանձման ենթակա ապօրինի ծագում ունեցող գույքն ու դրա ձեռքբերման մանրամասները։ 

Տարոն Մարգարյանից և կնոջից՝ Գոհար Սարգսյանից դատախազությունը պահանջում է բռնագանձել Ջերմուկ քաղաքում գտնվող առանձնատունը, իսկ անհնարինության դեպքում՝ գույքի միջին շուկայական արժեքը` 67 միլիոն 893 հազար դրամ գումար։ Տարոն Մարգարյանը 2007թ.-ին է գնել Ջերմուկի առանձնատունը, որն այն ժամանակ արժեցել է 5 միլիոն 200 հազար դրամ։ Գույքը գնելիս Տարոն Մարգարյանը օրինական եկամուտի մնացորդ չի ունեցել։ Այդ պայմաններում, ըստ դատախազության, այս գույքն ամբողջությամբ հանդիսանում է ապօրինի ծագում ունեցող գույք։

Տարոն Մարգարյանի որդուց՝ Անդրանիկ Մարգարյանից և նրա կնոջից՝ Կարինե Մարգարյանից դատախազությունը պահանջում է բռնագանձել Երևան քաղաքի Ավան վարչական շրջանում գտնվող առևտրի և հասարակական կենտրոնը, Ավան վարչական շրջանի Սայաթ-Նովա թաղամասի 8-րդ շենքի 7-րդ ավտոտնակը և «Տոյոտա կորոլա» տեսակի ավտոմեքենան։ Նշված գույքերի բռնագանձման անհնարինության դեպքում դատախազությունը պահանջում է Տարոն Մարգարյանից բռնագանձել համապատասխանաբար՝ 295 միլիոն 865 հազար դրամ, 6 միլիոն 50 հազար դրամ և 9 միլիոն 800 հազար ՀՀ դրամ գումար։

Տարոն Մարգարյանը 2004թ․-ի օգոստոսի 17-ին 5 միլիոն դրամով է ձեռք բերել Ավանում գտնվող առևտրի և հասարակական կենտրոնը, որի արժեքի 98.2 %-ը չի հիմնավորվել նրա այդ ժամանակ ունեցած օրինական եկամուտներով։ Նույն գույքը 2019թ․-ի հուլիսի 18-ին նվիրատվությամբ փոխանցվել է Անդրանիկ Մարգարյանին։

Տարոն Մարգարյանի մյուս որդուց՝ Նահապետ Մարգարյանից և նրա կնոջից՝ Աստղիկ Մարգարյանից դատախազությունը պահանջում է բռնագանձել Երևան քաղաքի Բաբաջանյան փողոցի 77/7 հասցեի տունը, իսկ անհնարինության դեպքում Տարոն Մարգարյանից բռնագանձել գույքի միջին շուկայական արժեքը՝ 295 միլիոն 260 հազար դրամ։  Բացի այդ Նահապետ և Աստղիկ Մարգարյաններից հօգուտ Հայաստանի պահանջվում է բռնագանձել Բաբաջանյան փողոցի 24/1 հասցեի գույքի միջին շուկայական արժեքը՝ 99 միլիոն 850 հազար դրամ, Սայաթ-Նովա թաղամասի 8-րդ շենքի 3-րդ ավտոտնակը և «Տոյատո Քեմրի» տեսակի ավտոմեքենա։ Անհնարինության դեպքում Տարոն Մարգարյանից պահանջվում է բռնագանձել 5 միլիոն 990 հազար դրամ (ավտոտնակի համար) և 13 միլիոն 375 հազար ՀՀ դրամ (Ավտոմեքենայի համար)։

Տարոն Մարգարյանը 2005թ․-ի օգոստոսի 17-ին 6 միլիոն 825 հազար դրամով ձեռք է բերել Երևան քաղաքի Բաբաջանյան փողոցին հարող տարածքում գտնվող 8-րդ հողամասը։ Ըստ դատախազի, Տարոն Մարգարյանը տվյալ օրվա դրությամբ կարող էր ունենալ օրինական եկամուտի մնացորդ ընդամենը 93 հազար 957 դրամ գումար։ Հետևաբար, Երևան քաղաքի Բաբաջանյան փողոցին հարող տարածքում գտնվող 8-րդ հողամասի 98.6%-ը ձեռք է բերվել ապօրինի միջոցներով։ 

2005թ․-ի օգոստոսի 23-ին Երևան քաղաքի Բաբաջանյան փողոցին հարող հողատարածքում գտնվող 7-րդ և 8-րդ հողամասերը միավորվել են, իսկ դեկտեմբերի 21-ին Տարոն Մարգարյանը, չունենալով օրինական եկամուտի մնացորդ, ընդլայնել է Բաբաջանյան փողոցին հարող հողատարածքում գտնվող 7-րդ և 8-րդ հողամասերը, որոնց համար վճարել է 3 միլիոն 619 հազար 200 դրամ։ Նշված հողամասերի վրա 2005-ից 2007թթ․-ին կառուցվել են անշարժ գույքեր, որոնք ստացել են Բաբաջանյան 77/7 հասցեն։ 2020թ․-ի հուլիսին այս հասցեում գտնվող օժանդակ շինություններն առանձնացվել են և դրանց տրվել է Բաբաջանյան 24/1 հասցե, որոնք նվիրատվությամբ փոխացնվել են Տարոն Մարգարյանի որդուն՝ Նահապետ Մարգարյանին։

Ավելի մանրամասն` hetq.am-ում։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել