Մարզահամերգային համալիրում այսօր մեկնարկեցին «Դիջիթեք 2022» ցուցահանդեսը և համանուն վեհաժողովը։
Ցուցահանդեսը, որը կազմակերպում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ), այս տարի անցկացվում է արդեն է 17-րդ անգամ։
Վերջին «Դիջիթեք»-ը տեղի էր 2021-ին, իսկ 2022-ի ցուցահանդեսը հետաձգվել էր՝ սահմանային իրավիճակով պայմանավորված։ Այս օրերին անցկացվում է հետաձգված «Դիջիթեք 2022»-ը։ Իսկ սեպտեմբերին տեղի կունենա «Դիջիթեք 2023»-ը, որի սպասվող գլխավոր միջոցառումն է «Դիջիթեք վեհաժողովը» (Digitec Summit)։
«Դիջիթեք 2022»-ի բացմանը ներկաներին ողջունեց ԱՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը։ Նա կարևորեց ԱՏՁՄ-ի և կառավարության համագործակցությունը տեխնոլոգիական կրթության ուղղությամբ, ինչպես նաև կրթության մեջ կատարվող ներդրումները։
Ալեքսանդր Եսայանը
«Գլոբալ տեխնոլոգիական կենտրոններից մեկը դառնալու առաքելությունն իրականացնելու համար մենք չպետք է կրթենք միայն ինժեներների․ մենք նաև կարիք ունենք բժիշկների, արվեստագետների, իրավաբանների, որոնք ունակ են զարգանալու և միասին աշխատելու»,- նշեց Ալեքսանդր Եսայանը։
Բացման արարողությանը ներկա էր նաև բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը, որը նշեց՝ կառավարությունը տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչների հետ համագործակցությամբ տարբեր ծրագրեր է մշակում, ինչպես նաև փորձում է ակտիվ շփումներ ունենալ՝ ոլորտի խնդիրները հասկանալու համար։
Ռոբերտ Խաչատրյանը
Նախարարն ասաց, որ այս տարվա ցուցահանդեսին փորձել են նաև ստարտափների ներգրավել, Վրաստանի գործընկերների աջակցությամբ նաև այնտեղից են ստարտափների հրավիրել։
Հայաստանում Եվրամիության դեսպան Անդրեա Վիկտորինն էլ խոսեց այն մասին, թե ինչ խնդիրներ կարող են լուծել զարգացող տեխնոլոգիաները։ Նա նշեց, որ ԵՄ-ն աջակցում է կլիմայի փոփոխության դեմ պայքարին, իսկ տեխնոլոգիաները կարևոր դեր ունեն կանաչ տնտեսությունների զարգացման գործում։
Անդրեա Վիկտորինը
«Դիջիթեք» վեհաժողովի նախագահ Րաֆֆի Քասարջյանն իր ելույթում շեշտեց՝ տեխնոլոգիաների զարգացումն ազդեցություն ունի կյանքի բոլոր ոլորտների վրա՝ կրթություն, առողջապահություն, քաղաքականություն, պաշտպանություն։
Նրա խոսքով տեխնոլոգիական արդյունաբերությունը, որ հիմնված է կրթական ամուր համակարգի վրա, ինչպես նաև գիտության մեջ ներդրումները երիտասարդ կանանց և տղամադրկանց համար հնարավորություններ են ստեղծում դառնալու ավելի տեղեկացված և ներգրավված քաղաքացիներ։
Րաֆֆի Քասարջյանը
Այս տարվա «Դիջիթեք» վեհաժողովի թեման է «Ամբիցիոզ թեք. բաց տնտեսությունների դիմակայունությունն աշխարհի աճող անկայունության պայմաններում»։ «Դիջիթեք 2022» ցուցահանդեսին կմասնակցի ավելի քան 120 ընկերություն, իսկ այս տարվա առանձնահատկությունն այն է, որ բացի տեխնոկոգիական ընկերություններից՝ ցուցահանդեսին ներկայացված են նաև Հայաստանի գիտական մի քանի ինստիտուտներ։ Այս նախաձեռնությունն իրականացվում է «Գիտուժի» հետ համագործակցությամբ։
«Դիջիթեք 2022»-ը կշարունակվի նաև մարտի 11-ին և 12-ին։
Աննա Սահակյան
comment.count (0)