Անվճար բաժանորդագրություն, զեղչեր, բոնուսային միավորներ և ոչ միայն․ ի՞նչ են առաջարկում «Դիջիթեք 2022» ցուցահանդեսի մասնակիցներն այս օրերին
22:55 - 10 մարտի, 2023

Անվճար բաժանորդագրություն, զեղչեր, բոնուսային միավորներ և ոչ միայն․ ի՞նչ են առաջարկում «Դիջիթեք 2022» ցուցահանդեսի մասնակիցներն այս օրերին

Այսօր տրվեց «Դիջիթեք 2022» ցուցահանդեսի և համանուն վեհաժողովի մեկնարկը։ Ցուցահանդեսին այս տարի մասնակցում են ավելի քան 120 կազմակերպություններ և ստարտափներ, որոնցից շատերը «Դիջիթեք»-ի մասնակիցների համար ակցիաներ և հատուկ առաջարկներ ունեն։ Infocom-ն առանձնացրել է այդպիսի ընկերություններից մի քանիսին։

Staff.am-ն այս տարի «Դիջիթեք»-ի հետ համագործակցում է մի քանի ֆորմատով։ Առաջինը «Դիջիթեք» ցուցահանդեսին մասնակցող ընկերությունների համար կարիերայի հարթակն է, որտեղ ներկայացված են նաև այդ ընկերությունների թափուր հաստիքների մասին հայտարարություններ:

Staff.am-ը «Դիջիթեք» ցուցահանդեսին նաև տաղավար ունի, որտեղ այս օրերին կազմակերպում է տարբեր թեմաներով վորքշոփներ, օրինակ՝ ինչպես մասնագիտություն ընտրել, ինչպես պատրաստվել աշխատանքի ընդունվելու համար հարցազրույցին։ Բացի այդ՝ նրանց լուսանկարիչը ցուցահանադեսի մասնակիցների համար պրոֆեսիոնալ լուսանկարներ է անում, որոնք նրանք կարող են օգտագործել իրենց CV-ներում։

Mamble ընկերությունն օգնում է ընկերություններին նրանց թվային աճի զարգացման գործում։ Mamble-ն աշխատում է երեք հիմնական ուղղություններով․ ընկերությունների համար առաջարկում է թվային լուծումներ, թվային մարքեթինգի միջոցով ապահովում է նրանց առաջխաղացումը, վերլուծական տվյալների հիման վրա անալիտիկա է իրականցնում։ 

Հասկանալով, որ այս հիմնական ուղղություններն են կարևոր ընկերությունների համար, Mamble-ը որոշել է «Դիջիթեք»-ի մասնակիցներին Speed Date կոչվող 15 րոպեանոց խորհրդատվական ծառայությունը մատուցել։ Այս անվճար խորհրդատվությունից կարող են օգտվել այն ընկերությունների ներկայացուցիչները, որոնք ցանկանում են իրենց աճի ռազմավարությունը մշակել։ Խորհրդատվությունը նրանց հնարավորություն կտա հասկանալու՝ ինչի կարիք ունեն, որտեղ բացեր ունեն, նրանց ռազմավարությունն ինչ ուղղությունների վրա է պետք կենտրոնացնել։

Անցած տարվա վերջին ստեղծված Emplojee ստարտափը «Դիջիթեք»-ի մասնակիցներին առաջարկում է 6 ամսվա անվճար փաթեթ։ Ստարտափը մարդկային ռեսուրսների կառավարման (HR) և տաղանդների ներգրավման մասնագետներին (recruiter) առաջարկում է գործիք, որը ավտոմատացնում և ավելի հեշտ ու արագ է դարձնում թափուր հաստիքները համալրելու և նոր աշխատակիցներ ներգրավելու գործընթացը։

Իսկ 6-ամսյա անվճար փաթեթն ընտրվել է նրա համար, որ դրանից օգտվողները հասցնեն Emplojee-ի օգնությամբ մի քանի թափուր հաստիքներում նոր աշխատողների ընդունել։

«Դիջիթեք 2022» ցուցահանդեսի ID տաղավարում ներկայացված են «Իդրամը», IDBank-ը, idplus լոյալության համակարգը, Idram Junior ֆինանսական հավելվածն ու IDBusiness հարթակը։ Այս տաղավար այցելելով՝ «Դիջիթեք»-ի մասնակիցները հնարավորություն կունենան ստանալու բոնուսներ, ինչպես նաև մասնակցելու դեպի Մոնտենեգրո և Դուբայ խաղարկություններին։

«Դիջիթեք» ցուցահանդեսին մասնակցում է նաև ֆիլմերի և հեռուստաալիքների Wink հավելվածը, որը մի քանի ամիս է, ինչ Հայաստանում է։ «Դիջիթեք»-ի մասնակիցները Wink-ի տաղավարում կարող են զար նետել։ Եթե, օրինակ, զարը նետելուց հետո նրանց բաժին ընկավ 5 կամ 2 թիվը, ապա նրանք հնարավորություն կստանան, համապատասխանաբար, 5 կամ 2 ամիս Wink-ի փաթեթից օգտվելու ամսական 1 դրամով։

Hybrid Technologies-ի տաղավարում «Դիջիթեք 2022»-ի մասնակիցներն այս օրերին կարող են բերանի խոռոչի անվճար սկանավորում իրականացնել․ սա հնարավորություն է տալիս պարզելու, թե խնդիրներ ունեցող մարդիկ ինչպիսի բուժման կարիք ունեն։

Hybrid Technologies-ում միավորված են DDC դիագնոստիկ կենտրոնը, «Կարեն» լաբորատորիան, «Հիբրիդ» լաբորատորիան և MDS օնլայն շոփը։ Նրանք բոլորը համատեղ 3D տպիչների միջոցով ստեղծում են տիտանից իմպլանտներ այն մարդկանց համար, որոնք ոսկրային հյուսվածքի խնդիրներ ունեն։ 

Hybrid Technologies-ը նաև աճող իմպլանտ ստեղծելու նախադեպ ունի։ Իմլանտը, որն աճին զուգընթաց բացվում է, ստեղծվել է 6 տարեկան երեխայի համար։

Տեքստերի սրբագրման Armenian PowerSpell ծրագիրը ցուցահանդեսի մասնակիցներին առաջարկում է իր ծրագիրը ձեռք բերել 20% զեղչով։

Սրբագրման այս գործիքը, որ Հայաստանում հասանելի է 2000 թվականից, ստեղծվել է լեզվաբանների, թարգմանիչների և ծրագրավորողների համագործակցությամբ։

«Դիջիթեք 2022»-ին ներկայացված է նաև Telcell-ը, որի տաղավարում ցուցահանդեսի՝ Telcell Wallet ունեցող մասնակիցները կարող են նվերներ շահել, որոնց թվում են ինչպես բոնուսային միավորներ, այնպես էլ Telcell-ի գործընկերների առաջարկած նվերները։



«Դիջիթեք 2022»-ը կշարունակվի նաև մարտի 11-ին և 12-ին։

Աննա Սահակյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել