Ադրբեջանը հայտնել է, թե Իրանի ռազմական ինքնաթիռը թռիչք է կատարել ադրբեջանա-իրանական պետական ​​սահմանի երկայնքով․ Բաքվում Իրանի դեսպանին բողոքի նոտա է հանձնվել
16:59 - 11 մարտի, 2023

Ադրբեջանը հայտնել է, թե Իրանի ռազմական ինքնաթիռը թռիչք է կատարել ադրբեջանա-իրանական պետական ​​սահմանի երկայնքով․ Բաքվում Իրանի դեսպանին բողոքի նոտա է հանձնվել

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ու արտաքին գործերի նախարարությունը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ նշելով, որ Իրանի Իսլամական Հանրապետությանը պատկանող ռազմական ինքնաթիռը այսօր՝ մարտի 11-ին, ժամը 09:44-ից 10:26-ը ընկած ժամանակահատվածում շարունակաբար թռիչքներ է իրականացրել ադրբեջանա-իրանական պետական ​​սահմանի երկայնքով՝ Արցախի գրավյալ Զանգիլանի (Կովսական) և ադրբեջանական Բիլյասուվար շրջանների ուղղությամբ։

Ըստ հաղորդագրության՝ ինքնաթիռը թռել է երկու երկրների պետական ​​սահմանից 3-5 կմ հեռավորության վրա, իսկ որոշ հատվածներում նույնիսկ պետական ​​սահմանի վրայով։

Նշվում է, որ Ադրբեջանում Իրանի դեսպան Սեյիդ Աբբաս Մուսավին կանչվել է Ադրբեջանի ԱԳ նախարարություն, որտեղ նրան բողոքի նոտա է հանձնվել։

«Իրանի ռազմական ինքնաթիռի այդքան մոտ գտնվելը երկու երկրների պետական ​​սահմանին և սահմանային գծի վրայով թռիչքը, սպառնում են քաղաքացիական ավիացիայի անվտանգությանը և ծառայում են երկու երկրների հարաբերությունների էլ ավելի լարմանը։ Կես ժամից ավել ռազմական ինքնաթիռի թռիչքը Ադրբեջանի կողմից ազատագրված տարածքների մոտ սադրիչ և անբարյացակամ քայլ է Ադրբեջանի նկատմամբ»,- նշված է հաղորդագրության մեջ։ 

Գերատեսչությունները նաև հիշեցրել են, որ «անցյալ տարի իրանական կողմը լայնածավալ զորավարժություններ է անցկացրել Արաքս գետի երկայնքով՝ Ադրբեջանի հետ սահմանի մոտ»։ 

«Մենք խստորեն դատապարտում ենք իրանական կողմի նման սադրիչ քայլը։ Կոչ ենք անում համապատասխան բացատրություններ տալ և հետագայում զերծ մնալ նման սադրիչ քայլերից»,- ասված է հաղորդագրության մեջ։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել