Ադրբեջանը փորձում է ԼՂ-ում ցեղասպանություն կամ էթնիկ զտում իրականացնելու մանդատ ձեռք բերել, այդ թվում՝ ՀՀ-ի ստորագրությամբ․ Նիկոլ Փաշինյան
12:33 - 14 մարտի, 2023

Ադրբեջանը փորձում է ԼՂ-ում ցեղասպանություն կամ էթնիկ զտում իրականացնելու մանդատ ձեռք բերել, այդ թվում՝ ՀՀ-ի ստորագրությամբ․ Նիկոլ Փաշինյան

Փետրվարի կեսերին ՀՀ-ի հերթական արձագանքը խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ փոխանցվել է Ադրբեջանին և երկու-երեք օր առաջ ՀՀ-ն ստացել է Ադրբեջանի արձագանքը։ Այս մասին այսօր՝ մարտի 14-ին հրավիրված ասուլիսում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

«Ես ուզում եմ հավաստիացնել, որ եթե մենք ունենանք իրավիճակ, որ մնացել է մեկ-երկու օր, որ մենք թուղթ ենք ստորագրել, իրականում շատ լավ նորություն է, ոչ թե վատ, դա նշանակում է, որ մենք բանակցային գործընթացներում մենք ունեցել ենք առաջընթաց ու հասել ենք արդյունքի, որը մեր երազանքների արդյունքը չէ, բայց որը պետք է ապահովի երկարաժամկետ խաղաղություն, կայություն և զարգացում։
Կա՞ արդյոք փաստաթուղթ․ փետրվարի կեսերին մենք մեր հերթական արձագանքը խաղաղության պայմանագրի նախագծի վերաբրյալ փոխանցել ենք Ադրբեջանին և երկու-երեք օր առաջ ստացել ենք Ադրբեջանի արձագանքը։ Պետք է ընդգծել, որ որոշակի առաջընթաց (փաստաթղթում) մենք տեսնում ենք, բայց ինչքան առաջ ենք գնում, այնքան առաջ են գալիս ֆունդամենտալ խնդիրներ»,- ասա Նիկոլ Փաշինյանը։ 

Վարչապետի խոսքով՝ Ադրբեջանը մի քանի հարց է փորձում լուծել խաղաղության պայմանագրի ստորագրումով։
 
«Ադրբեջանը փորձում է խաղաղության հնարավոր պայմանագրի միջոցով ՀՀ-ի տարածքային պահանջներ կամ նկրտումներ ձևակերպել, ինչը կարմիր գիծ է մեր համար, հաջորդը Ադրբեջանը փորձում է ԼՂ-ում ցեաղսպանություն կամ էթնիկ զտում իրականացնելու մանդատ ձեռք բերել, այդ թվում՝ ՀՀ-ի ստորագրությամբ, դա նույնպես կարմիր գիծ է ՀՀ-ի համար (համենայն դեպս դա մեր ընակալումն ու մեր մեկնաբանությունն է, որը չի կարող, բնականաբար, հիմնազուրկ լինել), և Ադրբեջանը հետապնդում է այնպիսի գիծ, որ մենք պայմանագրի կատարման երաշխիքների համակարգ չունենանք, ինչը նույնպես կարմիր գիծ է մեզ համար»- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը հիշեցրեց, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրվել է փաստաթուղթ, որով պետք է Լաչինի միջանցքը փակ չլիներ, սակայն մենք տեսնում ենք, որ այն փակ է։ 

«Հետևաբար, սա ավելի  ընդգծում ՀՀ-ի զգայնությունը այն հարցում, որ որևէ փաստաթուղթ, որը պետք է ստորագրվի, պետք է ունենան իրականացման երաշխիքներ, ցանկալի է միջազգային երաշխիքներ․ այս ամենը բացակայում են»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանը նշեց՝ չեն պատրաստվում որեւէ կերպ Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ կամ ցեղասպանություն իրականացնելու մանդատ տալ։

«Մենք մանդատ չենք տա, էդ պարզ ա, ակնհայտ ա։ Բայց նաեւ մենք տեսնում ենք, որ Լաչինի միջանցքի փակման կապակցությամբ ինչ մեծ միջազգային արձագանք եղավ եւ շարունակում է լինել։ Սա նշանակում է, որ միջազգային հանրությունտ տեսնում է սպառնալիքը եւ նաեւ իր պատասխանատվությունն է զգում այս իրավիճակի վերաբերյալ։ Մենք ասում ենք, որ պետք ա լինի էդ միջազգային մեխանիզմը, որ ապահովի էդ խոսակցության շարունակականությունը։ Մենք ունենք դրա մասին մեր պատկերացումները, եւ նաեւ մեր առաջարկներն ենք արել։ Կոռեկտ չէ, որ բարձրաձայնենք էդ առաջարկները։

Ընդ որում, էդ մեխանիզմը միաշերտ կարող է չլինել, նույն փաստահավաք առաքելությունը, որի մասին խոսում ենք, դա էլ կարող է լինել այդ միջազգային երաշխիքի մեխանիզմի մաս։ Բայց, ասում եմ, գոնե մենք մի քանի գաղափար ենք առաջարկել եւ պիտի շարունակենք աշխատանքն այդ ուղղությամբ»,- ասաց Փաշինյանը։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել