Ըմբշամարտի Մ23 ԵԱ․ Մեժլում Մեժլումյանը՝ արծաթե մեդալակիր |armsport.am|
20:40 - 19 մարտի, 2023

Ըմբշամարտի Մ23 ԵԱ․ Մեժլում Մեժլումյանը՝ արծաթե մեդալակիր |armsport.am|

armsport.am: Ազատ ոճի ըմբշամարտի Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, 61 կգ քաշային Մեժլում Մեժլումյանը արծաթե մեդալ է նվաճել՝ եզրափակչում զիջելով ուկրաինացի Անդրի Ձելեպին։

Մեժլումյանը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ 10-0 հաշվով հաղթել էր ֆրանսիացի Ադամ Բիբուլատովին, քառորդ եզրափակչում նույն հաշվով առավելության էր հասել ռումինացի Դանիել Ռիտերի նկատմամբ, իսկ կիսաեզրափակչում 6-5 հաշվով հաղթել էր Իտալիայի ներկայացուցչին։

Քիչ անց Մ23 ԵԱ-ի հաղթողի կոչման համար կպայքարի նաև 86 կգ քաշային Կնյազ Իբրոյանը։

Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 92 կգ քաշային Սերգեյ Սարգսյանը սփոփիչ գոտեմարտում 7-0 հաշվով առավելության էր հասել Շվեդիայի ներկայացուցիչ Ֆարհադ Անոշեհի նկատմամբ և բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն է ստացել։ Երրորդ տեղի համար գոտեմարտում Սարգսյանը կմրցի Ադրբեջանի ներկայացուցիչ Աբդուլալի Շաբանովի հետ։

Հիշեցնենք՝ Հայաստանի ներկայացուցիչներից ավելի վաղ արծաթե մեդալ էր նվաճել Հայկ Պապիկյանը (70 կգ), իսկ Էդիկ Հարությունյանը (57 կգ) և Մարտին Սիմոնյանը (125 կգ) դարձել էին բրոնզե մեդալակիրներ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել