news.am: ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն այսօր լրագրողներին ասաց, թե պաշտոնական գրություն են ուղարկել ՀՀ ԶՈւ ԳՇ պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանին՝ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստերին մասնակցելու համար։
«Հանրային ասել ենք, պաշտոնական գրություն էլ ենք ուղարկում բոլոր նրանց, ովքեր չգիտես ինչու խուսափում են քննիչ հանձնաժողով ներկայանալուց»,- ասաց Քոչարյանը։
Հարցին, թե դեռևս արձագանք չկա՞՝ կմասնակցեն հարցաքննությանը, թե ոչ, ՔՊ-ական պատգամավորը պատասխանեց. «Պրոբլեմը դա չի, տեսեք, թե ինչքան վախերի մեջ հայտնվեցին, երբ Օնիկ Գասպարյանը ցանկացավ գալ և աշխատել: Նույնիսկ մեր հանձնաժողովի անդամներից մեկն այսօր գրառում էր արել՝ չգիտակցելով, թե Օնիկ գասպարյանն իր նշած գեներալների մասին ինչ է ասել: Ես արձագանքում եմ՝ Տիգրա՛ն Աբրահամյան, բարի եղիր ոչ թե մեծամիտ տեսակետներ հայտարարել, այլ արի հանձնաժողովի աշխատանքներին, որպեսզի տեղյակ լինես՝ նույն գեներալ-գնդապետն ինչպես է նկարագրել իրողությունները եւ ինչպիսի տեսակետներ է ասել իր կողմից շատ սիրված գեներալների մասին: Կարող է լավ բանե՞ր է ասել»:
Հիշեցնենք, ավելի վաղ Անդրանիկ Քոչարյանն ասել էր, թե զինվորականներ կան, որոնք վախեցած են և հրաժարվել են մասնակցել քննիչ հանձնաժողովի նիստին։
Նշենք, որ այսօր առավոտյան «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրառում էր արել, որտեղ մասնավորապես, հարց էր հնչեցրել, թե ինչո՞ւ է մինչև այժմ լուռ Օնիկ Գասպարյանը:
Ավելի ուշ Աբրահամյանը արձագանքել է Անդրանիկ Քոչարյանի հայտարարությանը՝ իր ֆեյսբուքյան էջում գրելով․
«Օնիկ Գասպարյանի վերաբերյալ առավոտյան գրածս գրառմանը զարմանալիորեն օպերատիվ արձագանքեց ոչ թե գեներալ Գասպարյանը, այլ քննիչ հանձնաժողովի նախագահը՝ անուղղակի պաշտպանության տակ վերցնելով վերջինիս:
Այն, որ այս իշխանությունը քննիչ հանձնաժողովի միջոցով բացառապես քաղաքական, քարոզչական նպատակներ է հետապնդում՝ տխրահռչակ հանձնաժողովը վերածելով կոնկրետ անձանց թիրախավորելու հիմնարկի, բոլորը գիտեն:
Զարմանալի է իշխանությունը ներկայացնող այն դեմքերի ինքնավստահ տոնն ու պահվածքը, ովքեր պատասխանատու են 44-օրյա պատերազմի ու դրան հետևած ժամանակահատվածում Հայաստանի ու Արցախի հսկայական տարածքային ու մարդկային կորուստների, երկրի անվտանգության համակարգը «պռախադնոյ դվոռի» վերածելու մեջ, սակայն շարունակում են դաշտը լցնել անիմաստ դատարկաբանություններով:
Այս իշխանության նպատակը ոչ թե երկրի պաշտպանությունն է, այլ հերթական կորուստները առավելագույնս «սվաղելը», իսկ բանակում տեղի ունեցած/ունեցող «փոփոխությունները» իրենց դրսևորումը ստանում են ծառայության ընթացքում մարտական խնդիրներ լուծելիս:
Ոչ մարտական պայմաններում, միայն մեկ միջադեպի ժամանակ, 15 զոհ տվող և զինծառայողներին թղթե դոմիկներում պահողներն եկել են կոչեր ու հորդորներ են հնչեցնում:
Ձեր ներկայությունն Արցախին ու Հայաստանին միայն ողբերգություն, զիջում և անդառնալի կորուստներ է բերել, իսկ երկիրը հրել եք դեպի անդունդ, հիմա էլ թե բա՝ քննիչ հանձնաժողով, քննարկում»։
comment.count (0)