news.am: Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը բացելու վերաբերյալ Հաագայի դատարանի որոշումը չի կատարվում, որովհետեւ Ադրբեջանի վարքագիծը իր ողջ տրամաբանությամբ հակասում է միջազգային իրավունքին: Այս մասին, այսօր՝ մարտի 20-ին, ԱԺ –ում լրագրողների հետ զրույցում ասաց միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։
Նրա խոսքով, Ադրբեջանը ոչ միայն չի կատարում այդ որոշումը, այլեւ աղավաղում է դրա բովանդակությունը, որի դեմ ՀՀ պետական մարմինները պետք է իրականացնեն հակընդդեմ պայքար, ներկայացնեն որոշման իրական բովանդակությունը:
«ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն է այն հարթակը, որ նմանատիպ հարցերը քննարկելու համար լավագույն տեղն է, այդ ուղղությամբ պետք է աշխատանքներ տանել, որ հարցը մտնի ՄԱԿ-ի ԱԽ օրակարգ: Բացի այդ, երկկողմ մակարդակում պետք է տարբեր գործընկեր պետությունների հետ աշխատել, հարցը անընդհատ բաց պահելու, նաեւ միջազգային հանրությանը որոշման բովանդակության աղավաղման փորձերը կանխելու համար»,-ասաց նա:
Կիրակոսյանը ընդգծեց, որ Հաագայի դատարանի որոշումն ունի մեծ քաղաքական կշիռ եւ նաեւ դաշտ է բացում քաղաքական ու դիվանագիտական աշխատանքի համար. «Մենք ունենք շատ հստակ, իրավական առումով լավ հիմնավորված որոշում»:
Հարցին, թե ինչ կլինի, եթե Ադրբեջանը այդպես էլ չկատարի այդ որոշումը, Եղիշե Կիրակոսյանը պատասխանեց. «Միջազգային հանրության կողմից արդեն հնչել են արձագանքներ: Մի շարք երկրների ԱԳՆ-ներ հնչեցրել են կոչեր, հայտարարելով, որ Արդարաատության միջազգային դատարանի որոշումը պետք է կատարվի, նույնիսկ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կողմից արվեց հայտարարություն: Պետք է աշխատել այս տրամաբանության մեջ: Ուրիշ ճանապարհ չկա, պետք է աստիճանաբար աշխատել, Սփյուռքն էլ իր դերն ունի այստեղ»:
Նա նկատեց, որ Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ միշտ էլ հնարավոր են, բայց դրանք ունեն կիրառման որոշակի նախապայմաններ. «Սանկցիաների հարցերը ունեն որոշակի իրավական մեխանիզմներ, կախված նրանից, թե ինչ սանկցիաների մասին է խոսքը: Ես որեւէ բան չեմ բացառում, բայց դա ավելի շատ վերաբերում է մարդասիրական օրենքի կոպիտ խախտումներին, պատերազմական հանցագործություններին կամ մարդկության դեմ ուղղված հանցագործություններին: Այո, այդ իրականությունը, ցավոք, ունենք, բայց դե սա նաեւ մի քիչ այլ հարթության աշխատանք է»:
comment.count (0)