Ճապոնիան 470 միլիոն դոլարի անհատույց օգնություն կտրամադրի Կիևին․ կայացել է Ճապոնիայի վարչապետի ու Զելենսկիի հանդիպումը
13:50 - 22 մարտի, 2023

Ճապոնիան 470 միլիոն դոլարի անհատույց օգնություն կտրամադրի Կիևին․ կայացել է Ճապոնիայի վարչապետի ու Զելենսկիի հանդիպումը

Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիշիդան չհայտարարված այցող մեկնել է Կիև G7 գագաթնաժողովին ընդառաջ, որը հյուրընկալելու է Տոկիոն մայիսին։

Նշենք, որ Կիշիդայի այս այցը տեղի է ունենում Չինաստանի նախագահի՝ Ռուսաստան կատարած այցի ֆոնին։ 

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ հանդիպումից հետո տեղի ունեցած համատեղ ասուլիսի ժամանակ Կիշիդան հայտարարել է, որ Զելենսկիին հրավիրել է մասնակցելու Հիրոսիմայում կայանալիք «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովին՝ միաժամանակ խոստանալով 30 միլիոն դոլարի ոչ մահաբեր սարքավորումներ մատակարարել Ուկրաինային ՆԱՏՕ-ի հիմնադրամի միջոցով։ Այս մասին գրում է ճապոնական Kyodo-ն։

Nikkei թերթի փոխանցմամբ Ճապոնիայի վարչապետը Կիևին խոստացել է 470 միլիոն դոլարի անհատույց օգնություն էներգետիկ ոլորտում։

Համատեղ հայտարարության մեջ Կիշիդան ու Զելենսկին խոստացել են անպատիժ չթողնել ռուսական ներխուժման ժամանակ իրականացված «ռազմական հանցագործություններն ու վայրագությունները»։ Նրանք նաև հաստատել են իրենց «անսասան համերաշխությունը» և պահանջել են Մոսկվայից «անհապաղ և առանց նախապայմանների» հետ քաշել զորքերը Ուկրաինայից։

Կիև այցից հետո Կիշիդան մեկնել է նաև Բուչա քաղաք, որտեղ, հիշեցնենք, բազմաթիվ քաղաքացիական դիեր էին հայտնաբերվել, երբ ռուսական զորքերը լքել էին քաղաքը, ու այն կրկին անցել էր ուկրաինական կողմի վերահսկողության ներքո։

Բուչայում Ճապոնիայի վարչապետը լրագրողների հետ զրույցում ասել է, որ «շարունակելու է առավելագույն ջանքեր գործադրել՝ աջակցելու Ուկրաինային խաղաղությունը վերականգնելու հարցում»։

Ճապոնիան ֆինանսական աջակցություն է առաջարկել Ուկրաինային, ինչպես նաև մարդասիրական և բժշկական պարագաների, պաշտպանական սարքավորումների մատակարարում, ինչպիսիք են զրահաբաճկոնները և սաղավարտները:

Սակայն Տոկիոն զենք չի մատակարարել Ուկրաինային, քանի որ Ճապոնիայի հետպատերազմյան պացիֆիստական Սահմանադրությունը փաստացի արգելում է Ինքնապաշտպանության ուժերին ռազմական սպառազինություն տրամադրել օտար ուժերի։ Կիշիդան պատրաստակամություն է հայտնել աջակցելու հակամարտությամբ ավերված Ուկրաինայի վերականգնմանը։

Երկու ղեկավարները հաստատել են, որ միասին աշխատելու են օրենքի գերակայության վրա հիմնված միջազգային կարգը պահպանելու համար՝ միևնույն ժամանակ համաձայնելով, որ իրենք դեմ են ստատուս քվոն միակողմանիորեն փոխելու Ռուսաստանի փորձին:

Սպասվում է, որ Ուկրաինայի հետ կապված հարցերը կդառնան Հիրոսիմայում կայանալիք «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովի օրակարգային հիմնական կետը, քանի որ Չինաստանը ճգնաժամը լուծելու համար երկխոսության կոչ է արել։

Չինաստանի ԱԳՆ խոսնակը երեքշաբթի օրը քննադատել է Կիշիդային՝ ասելով, որ միջազգային հանրությունը պետք է արագացնի խաղաղության բանակցություններն ու պայմաններ ստեղծի Ուկրաինայի կոնֆլիկտի քաղաքական կարգավորման համար։ Նա նշել է, որ Ճապոնիան «պետք է աջակցի իրադրությունը դեէսկալացնելուն հակառակն անելու փոխարեն»։

Ճապոնիայի վարչապետը խոստացել է G7 գագաթնաժողովին ներկայացնել առանց միջուկային զենքի աշխարհի իր տեսլականը այն վախերի ֆոնին, որ Ռուսաստանը կարող է ընթացող պատերազմում կիրառել այն։

Ճապոնիայի ու Ռուսաստանի հարաբերությունները վատթարացել են, քանի որ Տոկիոն միացել է «Մեծ յոթնյակի» երկրներին ու տնտեսական պատժամիջոցներ սահմանել Մոսկվայի դեմ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել