Իրավաբան Լեւոն Գեւորգյանն ազատ է արձակվել
19:25 - 24 մարտի, 2023

Իրավաբան Լեւոն Գեւորգյանն ազատ է արձակվել

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալված փաստաբան Լեւոն Գեւորգյանը երեկ ազատ է արձակվել։

Գեւորգյանին մեղադրանք առաջադրվել է թե ոչ՝ առայժմ հայտնի չէ։ Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը մեր հարցին ի պատասխան ասաց, որ այս պահին վարույթի վերաբերյալ հրապարակման ենթակա տեղեկություն չկա։

Մենք փորձեցինք կապ հաստատել նաեւ Լեւոն Գեւորգյանի հետ, սակայն նրա հեռախոսահամարները անհասանելի են։

Հիշեցնենք՝ մարտի 22-ին՝ ժամը 01։25-ին, ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության ծառայողները Հրազդանի կիրճում ստուգում կատարելու նպատակով կանգնեցրել են «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենա, որի վարորդը իր մոտ չի ունեցել վարորդական իրավունքի վկայական։ Նույն մեքենայում գտնվող ուղեւորը, որ Լեւոն Գեւորգյանն է եղել, ըստ ոստիկանության, դրա համար 40 հազար դրամ կաշառք է առաջարկել, ինչից հետո կաշառք տալու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել է։

Դեպքի առթիվ Քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի՝ կաշառք տալու հոդվածով, որն ավելի ուշ ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե՝ նախաքննության։

Լեւոն Գեւորգյանը միջազգային իրավունքի մասնագետ է, իրավաբանական գիտությունների թեկնածու։

 

Միլենա Խաչիկյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել