Անիի ընտրություններից ստացվել է 3 հաղորդում, Սիսիանի ընտրությունների վերաբերյալ ուսումնասիրվել է 6 հրապարակում․ Դատախազություն
21:37 - 26 մարտի, 2023

Անիի ընտրություններից ստացվել է 3 հաղորդում, Սիսիանի ընտրությունների վերաբերյալ ուսումնասիրվել է 6 հրապարակում․ Դատախազություն

ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդագրություն է տարածել Շիրակի մարզի Անի և Սյունիքի մարզի Սիսիան համայնքներում ավագանու արտահերթ ընտրություններում ենթադրյալ խախտումների վերաբերյալ։

Հաղորդագրությունում նշվում է․

«Շիրակի մարզի Անի համայնքի ավագանու արտահերթ ընտրությունների ընթացքում լրագրողների կողմից ստացվել է երեք հաղորդում ենթադրյալ խախտումների վերաբերյալ: Երեք դեպքում էլ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել են քրեական վարույթներ՝ Քրեական օրենսգրքի 210-րդ հոդվածի առաջին մասով (անձի ընտրական կամ հանրաքվեին մասնակցելու իրավունքի ազատ իրականացումը՝ խմբ․):

Դատախազությունը նաև իրականացրել է զանգվածային լրատվության միջոցների մշտադիտարկում: Հրապարակումներից երեքի վերաբերյալ Դատախազության հանձնարարությամբ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Անիի բաժնում իրականացվել են ստուգողական գործողություններ: Հրապարկումներում առկա փաստական տվյալները որևէ հանցագործության հատկանիշ չեն պարունակել, հետևապես կազմված փաստաթղթերը թողնվել են անհետևանք:

Սիսիան համայնքում տեղի ունեցած ավագանու արտահերթ ընտրությունների ընթացքում Ոստիկանության Սյունիքի մարզային վարչությունում կամ ենթակա բաժիններում առերևույթ հանցագործությունների մասին զանգեր, հաղորդումներ չեն ստացվել:

Դատախազության կողմից իրականացված զանգվածային լրատվության միջոցների մշտադիտարկման արդյունքում ուսումնասիրվել է վեց հրապարակում։

Ներքին գործերի նախարարութան ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Սիսիանի բաժնի կողմից դրանց վերաբերյալ իրականացվել են ստուգողական գործողություններ: Արդյունքների վերաբերյալ տեղեկությունը կներկայացվի առաջիկայում»։

Հիշեցնենք, որ ՔՈ նախընտրական շտաբը հաղորդագրություն է տարածել, որ օպերատիվ ռեժիմով տեղեկություն է ստանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անունից ընտրողներին բաժանվող ընտրակաշառքի մասին։ Այս հաղորդագրությունը տարածել են մի շարք ԶԼՄ-ներ՝ «ՔՊ-ն ընտրակաշառք է բաժանում» վերնագրով, ինչին արձագանքել է ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ու հերքել դրանք՝ ընգծելով, որ դիմելու են դատարան։

Արձանագրած ընտրախախտումների վերաբերյալ նախնական տվյալներ է հրապարակել նաև «Անկախ դիտորդը»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել