factor.am: Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի խափանման միջոցի դեմ ներկայացված բողոքը: Վ. Սարգսյանին կալանավորելու վերաբերյալ կայացված դատական ակտը թողնվել է անփոփոխ:
Պաշտպանական գերատեսչության նախկին ղեկավարի նկատմամբ հետախուզում է հայտարարված։
Հիշեցնենք՝ ըստ մեղադրանքի, 2018 թվականի հունվարին ՊՆ հաշվեկշռում գտնվող, Երևանի Գ. Հասրաթյան փողոցի թիվ 25/6 հասցեի բազմաբնակարան շենքի բնակարանների բաշխման գործընթացում Սարգսյանը դիտավորությամբ կատարել է իր լիազորությունների շրջանակից դուրս գործողություններ: 2018 թվականի հունվարի 18-ի նիստին ընդառաջ նա նախարարության կենտրոնական բնակարանային հանձնաժողովի անդամներին հանձնարարել է առաջիկա նիստում բնակարաններ հատկացնել բնակարանային հաշվառման մեջ չգտնվող կամ ցուցակներում ավելի ուշ ընդգրկված, իր կողմից նախընտրած 26 զինծառայողների։
Բացի այդ, բնակարաններ են տրվել ՊՆ համակարգի զինծառայող չհանդիսացող երեք անձանց: Նրա հանձնարարությունը կատարվել է, ինչն էական վնաս է պատճառել անձանց իրավունքներին, օրինական շահերին, ինչպես նաև պետության օրինական շահերին՝ անզգուշությամբ առաջացնելով ծանր հետևանքներ: 2023 թվականի փետրվարի 8-ին քրգործով ընդգրկված դատախազի կողմից որոշում է կայացվել հանրային քրեական հետապնդում հարուցել ՀՀ պաշտպանության նախկին նախարարի նկատմամբ` գործող ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է այլ ծանր հետևանքներ)։ Նույն հոդվածով հանրային քրեական հետապնդում է հարուցվել նաև ՀՀ ՊՆ կենտրոնական բնակարանային հանձնաժողովի 5 անդամի նկատմամբ։ Նրանց նույնպես մեղադրանք է ներկայացվել։
Նշենք՝ այս քրեական գործի մասին խոսվում էր դեռ 2019 թվականից, երբ հարուցվեց այն։ Սակայն, դեռևս նախորդ տարի ՔԿ-ն հայտարարեց, որ Սարգսյանը գործով մեղադրյալ ներգրավված չէ։ Փաստացի, քրգործի հարուցումից 4 տարի անց, Վիգեն Սարգսյանը մեղադրյալի աթոռին է։
comment.count (0)