azatutyun.am: Ընդդիմադիր պատգամավոր Արծվիկ Մինասյանն ընդգծում է՝ Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպության՝ մարդու իրավունքների վիճակի մասին տարեկան զեկույցում գրվել է այն, ինչ իրենք բարձրաձայնում էին մեկ տարի առաջ «Դիմադրության» շարժման հավաքներին՝ ահազանգելով՝ իրավապահները չափից ավելի ուժ են կիրառել կառավարության դեմ ուղղված բողոքի ցույցերի ընթացքում։
«Այո՛, հիմնականում մի քիչ ավելի մեղմ, բայց նույն գծի մեջ է։ Այո՛, կիրառվել է անհամաչափ ուժ, կիրառվել է չթույլատրված կամ անհարկի միջամտություն», - ասաց Մինասյանը։
Հայաստանում հավաքների ազատության վերաբերյալ զեկույցի հեղինակները գտնում են, որ հավաքների ազատությունը սահմանափակվել է բողոքի ցույցերի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից բռնի և անհամաչափ արձագանքի պատճառով։
Կառավարության դեմ ուղղված մի շարք բողոքի ցույցերն անցած տարվա ապրիլից հունիսի ընթացքում էին, երբ ընդդիմադիրները 44-օրյա պատերազմում պարտությունից հետո պահանջում էին վարչապետ Փաշինյանի հրաժարականը։
Միջազգային հեղինակավոր կազմակերպությունը հիշատակել է հունիսի 3-ի ընդդիմադիրների երթը կառավարական առանձնատների մոտ։
«Ես ոստիկանությանը կոչ եմ անում՝ հենց հիմա բացե՛ք էդ փողոցը, մենք էս փողոցով գնում ենք դեպի խորհրդարան։ Կանայք, աղջիկները թող էս կողմ գան, էս փողոցը հենց հիմա պիտի բացվի, մեր դիմաց փակ փողոց չկա։ Գնացի՛նք փողոցը բացելու, էդտեղով գնում ենք խորհրդարան», - «Դիմադրության» շարժման առաջնորդ Իշխան Սաղաթելյանի այս խոսքերից հետո ընդհարում էր սկսվել, ու ոստիկանությունը հանրահավաքը ցրելու համար լուսաձայնային նռնակներ էր արձակել։
«Ամենադաժան բախումներից մեկի ժամանակ, որը տեղի է ունեցել հունիսի 3-ին, ոստիկանությունն արձակել է խլացուցիչ նռնակներ և կիրառել չափից ավելի ուժ, որպեսզի թույլ չտան հազարավոր ցուցարարների մոտենալ Հայաստանի խորհրդարանի շենքին», - ասված է զեկույցում։
comment.count (0)