hetq.am: Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (ՔՊ) երեկ դիմել է վարչական դատարան՝ Սիսիանի ավագանու ընտրություններում մրցակից՝ «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության (ՔՈ) ցուցակը գլխավորած Ավագ Ասատրյանին, նույն կուսակցության ներկայացուցիչ Վարդան Բալյանին և «168 ժամ» լրատվամիջոցին վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջով:
ՔՊ-ի դիտարկմամբ՝ նշված անձիք և լրատվամիջոցը խախտել են Սիսիանի ավագանու ընտրության քվեարկության օրը կամ դրան նախորդող օրը քարոզչության արգելքը: Հետևաբար կուսակցությունը դիմել է վարչական դատարան, որպեսզի վերջինները Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 40.1 հոդվածով նախատեսված կարգով ենթարկվեն պատասխանատվության:
Հիշեցնենք՝ մարտի 26-ին, Սիսիանում տեղի են ունեցել արտահերթ ընտրություններ։ Ընտրության օրը Սիսիանում առաջադրված «Քաղաքացու որոշում» կուսակցության նախընտրական շտաբից հայտնել են. «Ընտրատեղամասերի հարակից տարածքներում անհասկանալի գործառույթով տևական ժամանակ գտնվող և ՔՊ կուսակցությունը ներկայացնող, համայնքային, պետական հիմնարկների աշխատող անձանց մոտ առկա են ինչ-որ ցուցակներ, որոնք, հնարավոր է, ընտրակաշառք ստացած քաղաքացիների տվյալներ են պարունակում»։
Այս հաղորդագրությունը տարածել են մի շարք ԶԼՄ-ներ՝ «ՔՊ-ն ընտրակաշառք է բաժանում» վերնագրով, ինչին արձագանքել է ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ու հերքել դրանք․ «Ես խոստանում եմ՝ վաղը բոլոր էն լրատվականները, ովքեր տպել են նման վերնագիր, ստանալու են համապատասխան դատական հայցեր, որովհետև նման կոպտագույն խախտում ուղղակի չի կարող լինել»։
Առավել մանրամասն՝ hetq.am-ում
comment.count (0)