azatutyun.am: Միջադեպ իշխանական և ընդդիմադիր պատգամավորների միջև Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովի այսօրվա նիստի ժամանակ․ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն «Ազատությանը» փոխանցեց, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅ Դաշնակցության անդամ Մհեր Սահակյանը քննարկման ժամանակ հարձակվել է Վլադիմիր Վարդանյանի վրա, մարմնական վնասվածք պատճառել։
«Տեղի է ունեցել քննարկում արտաքին քաղաքական հարցերի վերաբերյալ, հրավիրված է եղել նաև Եղիշե Կիրակոսյանը, ներկայացրել է իր գործունեությունն, անելիքները, քննարկման ընթացքում, բնականաբար, և՛ բանավեճ, և՛ քննարկումներ են տեղի ունեցել, որի ընթացքում «Հայաստան» դաշինքի պատգամավոր Մհեր Սահակյանն, առանց որևէ հիմնավորման, դրդապատճառի, բառիս ուղիղ իմաստով, հարձակվել է Վլադիմիր Վարդանյանի վրա, հասցրել է մարմնական վնասվածք հոնքի հատվածում, անհրաժեշտ է բժշկական միջամտություն, կարեր դնելու անհրաժեշտություն կա։ Մենք հրավիրել ենք ոստիկանությանը, դիմել ենք դատախազություն», - ասաց Հովհաննիսյանը՝ նշելով, որ «Մհեր Սահակյանը հարվածելուց անմիջապես հետո վազելով փախել է սնեյակից, թաքնվել է Ազգային ժողովի որևէ մի անկյունում, հիմա ոստիկանությունը նրան է փնտրում»։
Սահակյանի հետ խոսել «Ազատությանը» դեռ չի հաջողվել։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աշոտ Սիմոնյանը փոխանցեց, որ Մհեր Սահակյանին ոստիկանները բերման են ենթարկել ոստիկանության Արաբկիրի բաժին, այլ հարցերի չպատասխանեց։
Դիտարկմանը, թե ՔՊ-ականների խոսքով, Մհեր Սահակյանն է հարձակվել Վլադիմիր Վարդանյանի վրա, Սիմոնյանն արձագանքեց, թե տեղյակ չէ։
comment.count (0)