1lurer.am: Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին արձագանքել է Իսրայելի արտգործնախարարի՝ Ադրբեջանի հետ Իրանի դեմ միասնական ճակատ ստեղծելու հայտարարությանը և խստորեն դատապարտել է այն, գրում է ISNA գործակալությունը:
«Սա Ադրբեջանի տարածքն Իրանի ազգային անվտանգության համար սպառնալիքի վերածելու՝ սիոնիստական ռեժիմի չարամիտ մտադրությունների հերթական ապացույցն է»,-ասել է Քանանին:
Նա նշել է, որ Իսրայելի ու Ադրբեջանի արտգործնախարարների հայտարարություններն այդ երկրների «ռազմավարական գործընկերության նոր փուլի» վերաբերյալ անուղղակի հաստատում են նրանց համագործակցության հակաիրանական կողմնորոշումը, և Ադրբեջանի իշխանություններից բացատրություն են պահանջել:
Քանանին, ընդգծելով, որ Իրանի ու Ադրբեջանի ժողովուրդները պատմական ու կրոնական անքակտելի կապեր ունեն, հավելել է. «Իրանը միշտ փորձել է խափանել երկու հարևան երկրների միջև բաժանում առաջացնելու չարակամների ջանքերը, և ակնկալվում է, որ Ադրբեջանի կառավարությունը նույնպես կխուսափի երկու երկրի թշնամիների լարած թակարդից։ Ակնհայտ է, որ Իրանը չի կարող անտարբեր մնալ Ադրբեջանի տարածքից իր դեմ ուղղված դավադրության նկատմամբ»։
Հիշեցնենք, որ մարտի 29-ին հանդիպել էին Իսրայելի ԱԳ նախարար Էլի Քոհենն ու Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը, որի ժամանակ Իսրայելի ԱԳ նախարարը հայտարարել էր․ «Իսրայելն ու Ադրբեջանը նույն կերպ են ընկալում Իրանից եկող սպառնալիքը: Իրանական ռեժիմը սպառնում է մեր տարածաշրջաններին, մեր ֆինանսական հնարավորություններին, զբոսաշրջությանը և ապակայունացնում է ողջ Մերձավոր Արևելքը: Դրա համար անհրաժեշտ է կիրառել քաղաքական, տնտեսական գործիքներ, ինչպես նաև ձևավորել հուսալի և ուժեղ ռազմական ուժեր»։
comment.count (0)