Հայաստանի հավաքականը նահանջել է 2 հորիզոնական
 |hetq.am|
14:00 - 06 ապրիլի, 2023

Հայաստանի հավաքականը նահանջել է 2 հորիզոնական |hetq.am|

hetq.am: ՖԻՖԱ-ն այսօր հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման վարկանիշային հերթական ցուցակը: Հայաստանի ընտրանին դեկտեմբեր ամսվա համեմատ, երբ հրապարակվել էր նախորդ աղյուսակը, նահանջել է 2 հորիզոնական ու հիմա 97-րդն է 211 հավաքականների շարքում: 

Հիշեցնենք, որ հաշվետու ժամանակահատվածում մեր ընտրանին «Եվրո-2024»-ի ընտրական փուլի շրջանակներում Երեւանում 1-2 հաշվով պարտվել է Թուրքիային, ապա 2-2 խաղացել Կիպրոսի հետ: 

Համաշխարհային ցուցակը գլխավորում է աշխարհի չեմպիոն Արգենտինան, որին հաջորդում են փոխչեմպիոն Ֆրանսիան, ապա՝ Բրազիլիան, Բելգիան, Անգլիան, Նիդերլանդները, Խորվաթիան, Իտալիան, Պորտուգալիան, Իսպանիան։

«Եվրո-2024»-ի ընտրական փուլում մեր մրցակիցներից լավագույնը, ինչպես տեսնում ենք, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Խորվաթիան է, որը նախորդ ցուցակի համեմատ պահպանել է իր 7-րդ հորիզոնականը: Ուելսը հայտնվել է 26-րդ տեղում (+2), Թուրքիան՝ 43-րդ (+1), Լատվիան՝ 132-րդ (+1): Փաստորեն, Հայաստանն այս խմբում միակն է, որ նախորդ ցուցակի համեմատ նահանջել է: 

Նախկին ԽՍՀՄ երկրներից լավագույն ցուցանիշն ունի Ուկրաինան, որը 30-րդն է, Ռուսաստանը, որը զրկված է միջազգային մրցաշարերին մասնակցելու իրավունքից, 37-րդն է, Ուզբեկստանը՝ 74-րդը, Վրաստանը՝ 77-րդը, Ղրղզստանը՝ 96-րդը, մյուսները մեր ընտրանուց ավելի ցածր հորիզոնականներում են։

Տարածաշրջանում մեր հարեւաններից ամենաբարձր վարկանիշն ունի Իրանը, որը 24-րդն է, Թուրքիան ու Վրաստանը, ինչպես ասվեց, 43-րդ եւ 77-րդ տեղերում են, իսկ Ադրբեջանը՝ 124-րդ։  

Հաջորդ վարկանիշային աղյուսակը կհրապարակվի հուլիսի 20-ին: Մինչ այդ՝ հունիսի 16-ին, մեր թիմն արտագնա հանդիպում կանցկացնի Ուելսի հետ, ապա հունիսի 19-ին տանը կընդունի Լատվիային:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել