armtimes.com: ՀՀ ՊԵԿ-ը Թուրքիայի հետ սահմանին «Մարգարա» անցման կետի հնարավոր վերագործարկման համար նախապատրաստական աշխատանքներ է սկսել։
Այս մասին այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։
Նշենք՝ նշված անցակետից կարող են օգտվել երրորդ երկրի քաղաքացիներն ու դիվանագիտական անձնագիր ունեցող անձինք։ Ըստ Բադասյանի՝ աշխատանքներ են տարվում, որպեսզի այս որոշումը իրականացվի։
«Իրականացնում ենք նախապատրաստական աշխատանքներ, որպեսզի հնարավոր գործարկման դեպքում մաքսային ընթացակարգերը սահուն կերպով իրականացնենք»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան, իսկ սահմանը 1993 թվականից փակ է Անկարայի նախաձեռնությամբ։
Երկար տարիներ անց «Մարգարա» անցակետը առաջին անգամ գործարկվեց, երբ Հայաստանը փետրվարին Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժից հետո հումանիտար աջակցություն ուղարկեց:
comment.count (0)