news.am: Տեղի է ունեցել աննախադեպ բան. խայտառակություն: Այս մասին այսօր՝ ապրիլի 7-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը:
«Ես 1 տարի 7 ամիս է հանձնաժողովի նախագահ եմ եւ մարդու իրավունքներին առնչվող տարբեր հարցերով օրական միջին 3-4 գրություն ուղարկում եմ պետական կառույցներին: Ապրիլի 5-ին գլխավոր դատախազին ուղարկել եմ մի գրություն Սպարտակ անունով մի քաղաքացու մասին, որին այսօր գլխավոր դատախազը շատ օպերատիվ պատասխանել է:
Նույն ձեւով գրել եմ նաեւ երեկ եւ մուտքագրել ենք ընդհանուր բաժին գլխավոր դատախազին ուղղված դիմումը, որտեղ 7 էջ շարադրված է, թե ինչ ենթադրյալ հանցանքներ է թույլ տվել ՔՊ-ի քարտուղար Արթուր Հովհաննիսյանը ապրիլի 4-ին կայացած մեր հանձնաժողովի նիստում: Այսօր գալիս եմ, պարզում եմ, որ նամակը չի գնացել: Աշխատակազմից ասում են՝ մենք չգիտեինք, որ մինչեւ հիմա հանձնաժողովի նախագահը բլանկ չունի: Մենք պետք է հանձնաժողովի բլանկ սարքենք, դրանով ուղարկեք, որովհետեւ եթե հանձնաժողովի բլանկով եք ուղարկում, պետք է հանձնաժողովի բոլոր անդամները քվեարկեն: Այսինքն ես հիմա պետք է սա ուղարկեմ ՔՊ-ին, ասեմ՝ ՔՊ-ի պատգամավորները կողմ քվեարկեն, որ Արթուր Հովհաննիսյանին պատժեն: Տաֆտալոգիա է»,-ասաց նա:
Թովմասյանը նկատեց, որ ինքը կարող է այս նամակն ուղարկել որպես պատգամավոր, բայց ինքը գրել է որպես հանձնաժողովի նախագահ, քանի որ իր լիազորությունները որպես նախագահ չի կարողացել իրացնել. «Ես չեմ կարողացել նիստը այնպես վարել, որ վիրավորանք չհնչի: Ես ներկայացրել եմ մի շարք հանցագործություններ եւ օրինախախտումներ, այդ թվում պատգամավորի էթիկայի վարքականոնի խախտումը:
Ես այս քաշքշուկը համարում եմ քաղաքական հրահանգ, եւ սա խայտառակություն է ինստիտուցիոնալ առւմով, որովհետեւ ԱԺ-ն խորհրդարանական երկրում անկախ մարմին է, երկրորդ, ԱԺ աշխտակազմն ապաքաղաքական մարմին է, նրանք չպետք է մտնեն բովանդակության մեջ ու ասեն՝ վայ, սա Արթուր Հովհաննիսյանին է առնչվում, տեսնենք ինչ խնդիր կարանք սարքենք, որ չգնա դիմումը: Այսինքն ինստիտուցիոնալ առումով մեր երկիրը գահավիժում է: Բա եթե այս խնդիրը կար, 1,5 տարի ես դատախազին ուղարկում եմ գրություններ, բա ինչի՞ չէիք ասում՝ հանձնաժողովի նխագահի բլանկով չի:
Սա նշանակում է, որ ՔՊ խմբակցությունն ուղղակի աշխատակազմին վերահսկում է, ինչը չի կարելի»,-ասաց Թագուհի Թովմասյանը:
Հանձնաժողովի նախագահը մանրամասնեց, որ այդ 7 էջում ենթադրյալ հանցագործության մասին բոլոր հղումներն են, թե քանի օրենք է խախտվել, ինչպիսի արտահայտություններ են թույլ տվել, որոնք պարունակում են սպառնալիք:
comment.count (0)