Իմ դիմումը ՀՀ գլխավոր դատախազին վերջապես ուղարկվեց. Թագուհի Թովմասյան
10:27 - 08 ապրիլի, 2023

Իմ դիմումը ՀՀ գլխավոր դատախազին վերջապես ուղարկվեց. Թագուհի Թովմասյան

ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 4-ի նիստը պատմական խայտառակություն էր, որի մասով իմ դիմումը ՀՀ գլխավոր դատախազին վերջապես ուղարկվեց։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Թագուհի Թովմասյանը:

Հիշեցնենք, որ երեկ Թովմասյանը լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ իր՝ գլխավոր դատախազին ուղղված դիմումը, որտեղ 7 էջ շարադրված է, թե «ինչ ենթադրյալ հանցանքներ է թույլ տվել ՔՊ-ի քարտուղար Արթուր Հովհաննիսյանը ապրիլի 4-ին կայացած հանձնաժողովի նիստում, չի գնացել»․ «Աշխատակազմից ասում են՝ մենք չգիտեինք, որ մինչև հիմա հանձնաժողովի նախագահը բլանկ չունի: Մենք պետք է հանձնաժողովի բլանկ սարքենք, դրանով ուղարկեք, որովհետեւ եթե հանձնաժողովի բլանկով եք ուղարկում, պետք է հանձնաժողովի բոլոր անդամները քվեարկեն: Այսինքն ես հիմա պետք է սա ուղարկեմ ՔՊ-ին, ասեմ՝ ՔՊ-ի պատգամավորները կողմ քվեարկեն, որ Արթուր Հովհաննիսյանին պատժեն: Տաֆտալոգիա է»։

Ավելի վաղ պատգամավորը հայտնել էր, որ ընդդիմադիրները գրություն են ուղարկելու դատախազինԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստին տեղի ունեցածին քրեաիրավական գնահատական տալու համար։

«Իհարկե ԱԺ-ը փորձեց խոչընդոտել գլխավոր դատախազին ուղղված իմ գրության ուղարկմանը, բայց դիմումն արդեն Աննա Վարդապետյանին հասել է։

Բայց դրանից՝ այդ օրը տեղի ունեցավ մեկ այլ քաղաքական պլանի ձախողում, որի մասին տեսանյութ եմ պատրաստել։ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում առաջադրված խորհրդարանական երկու ընդդիմադիր խմբակցությունների միասնական թեկնածուին թույլ չտրվեց ներկայացնել իր ծրագրային ելույթը։ Երբ նա նախադասություն էր ձևակերպում, իշխանական պատգամավորներն անմիջապես բղավում էին 15-20 հոգով, որոնք մեր հանձնաժողովի անդամներ չէին, վիրավորում՝ ծաղրածու, խեղկատակ, արա լեզուդ կկտրեմ, ականջներդ կկտրեմ և այլ՝ պատգամավորին ոչ հարիր բառեր արտաբերելով։

Այդ օրը իշխանական 4 պատգամավորներ ինձ ակնարկեցին, առաջարկեցին և սպառնացին, որ իմ հետագա պաշտոնավարման հարցը պետք է բարձրացնեն, քանի որ ինձ պաշտոնազրկելու քաղաքական որոշմամբ էին եկել այդ նիստին»,- գրել է Թովմասյանը և մեջբերել իր հասցեին հնչած սպառնալիքները.

  • ««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյան - Մենք ձեզ ընտրել ենք հանձնաժողովի նախագահ, այստեղ հավաքվածներն են մեր խմբակցության պատգամավորները․․ եթե նիստը չվարեք այնպես, ինչպես հարկն է, մենք հանգիստ կարող ենք ձեր անվստահության հարցը բարձրացնել։
  • «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյան - Դուք չեք կարողանում իրացնել հանձնաժողովի նախագահի ձեր պարտականությունները․․․ Նախորդիվ էլ կար հանձնաժողովի նախագահ, ով փորձեց անվանարկել ժողովրդին, և ըստ էության երբ դուք չեք զսպում թեկնածուին, նշանակում է՝ կիսում եք պատասխանատվությունը։
  • «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյան - կարող եմ առաջարկել նաև, որ կոնսենսուսային քվեարկություն լինի, և դուք էլ քվեարկեք կողմ տիկին Մանասյանին։ Տվյալ պարագայում ճանապարհ կհարթեք և ձեր հետագա գործունեության համար․․․
  • «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյան - Ձեզանից առաջ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահը հայ ժողովրդին, ՀՀ քաղաքացիներին անվանում է ժեխ, և Ձեր գլխավորած նիստին և մեր մասնակցությամբ նիստին թեկնածուներից մեկը մեր ժողովրդին՝ 100000-ավոր ՀՀ քաղաքացիների և հայերի անվանում ադրբեջանա-թուրքական, ես կարծում եմ՝ ձեր կողմից հստակ գնահատականներ պետք է հնչեն՝ որպես մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ, այս արտահայտությունը անթույլատրելի է և դատապարտելի»:

Թագուհի Թովմասյանը նշում է, որ ինքը նիստի ընթացքում 4-5 անգամ ներողություն է խնդրել հնչած բոլոր վիրավորանքների և անթույլատրելի բառերի համար, և իշխանական պատգամավորների սցենարը չիրականացավ. «ՆՐԱՆՔ ՉՈՒՆԵՆ ՀԻՄՔ՝ ընդհանրապես խոսելու իմ հրաժարականի մասին։
Ընդհակառակը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը պետք է օրենքով կրի իր բաժին պատիժը, քանի որ նա իր պահվածքով և գործունեությամբ խախտեց ՀՀ օրենսդրությունը։ Այդ օրը Արթուր Հովհաննիսյանի կողմից խախտվեց ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածը՝ Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք (…), «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 3-րդ հոդվածի շատ կետեր․ մասնավորապես՝ դրսևորել պատգամավորին հարիր վարքագիծ, պահպանել ԱԺ հանձնաժողովի նիստերի անցկացման կարգը, ՀԱՐԳԱԼԻՑ վերաբերմունք ցուցաբերել քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ։

Վնաս հասցվեցին նաև ՀՀ քրեական օրենսգրքով պաշտպանվող իրավահարաբերություններին, մասնավորապես` ՀՀ քրեական օրենսգրքի 194-րդ հոդվածով սահմանված, երբ հնչեց մարդու առողջությանը վնաս պատճառելու սպառնալիք՝ պայմանավորված ՄԻՊ թեկնածուի հայացքներով՝ (...) լեզուդ կկտրեմ, ականջներդ կկտրեմ և այլն, ոտնահարվեցին ՀՀ քրեական օրենսգրքի 203-րդ հոդվածով պաշտպանող անձի սահմանադրական իրավունքներն ու ազատությունները՝ օգտագործելով իշխանական լիազորությունները, և վերջապես ակնհայտ դրսևորվեց նույն օրենսգրքի 297-րդ հոդվածով նախատեսված խուլիգանություն։ Ահա գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին հասցեագրված գրության հիմնավորումներից մի հատված»։

Հիշեցնենք՝ ապրիլի 4-ին ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նիստում քննարկվում էր ԱԺ-ին ՄԻՊ թեկնածու առաջարկելու հարցը։ Ընդդիմության միասնական թեկնածուն Էդգար Ղազարյանն էր, իսկ ՔՊ առաջադրած թեկնածուն ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանը։

Էդգար Ղազարյանն իր ելույթի ժամանակ քննադատում էր իշխանությանը՝ նրանց անվանելով «հանցավոր ռեժիմ», «խուլիգանական խմբակ», ինչի հետևանքով նիստին ներկա ՔՊ պատգամավորները աղմուկ էին բարձրացնում ու կոչ անում Թագուհի Թովմասյանին թույլ չտալու նման արտահայտություններ անել։ Վերջինս միայն իշխանական պատգամավորների խոսքերից հետո, Ղազարյանին դիմելով, կոչ էր անում որակավորումներ չտալու։ Ղազարյանի եզարափակիչ ելույթի ժամանակ ՔՊ պատգամավորները դուրս եկան նիստերի սենյակից ու վերադարձան ելույթների ժամանակ։

Այնուհետև ՔՊ-ն առաջադրեց Անահիտ Մանասյանի թեկնածությունը ՄԻՊ պաշտոնում առաջարկելու համար, ինչը դրական եզրակացություն ստացավ։ Էդգար Ղազարյանի թեկնածության կողմ քվեարկեց միայն Թագուհի Թովմասյանը։ Ընդդիմադիր այլ պատգամավոր նիստին ներկա չէր։

ՔՊ պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը, ի պատասխան իր ու իր ելույթի մասին Թագուհի Թովմասյանի խոսքերի, ապրիլի 5-ին հայտարարել է, որ «հանձնաժողովի ընդդիմադիր նախագահը ծրագրված չի ապահովել նիստի բնականոն ընթացքը, իր գործողություններով հնարավորություն է ստեղծել վիրավորել հայ ժողովրդին ու ծաղրել մարդու իրավունքները։ Ինքս՝ որպես հանձնաժողովական, շարունակելու եմ ուշիուշով հետևել և կարգի հրավիրել առաջին հերթին հանձնաժողովի նախագահին և նաև այլոց, ովքեր կփորձեն ապալեգիտիմացնել ԱԺ-ն կամ, առավել ևս, վիրավորել մեր ժողովրդին»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել