22:54- Կորոնավիրուսային հիվանդությունից մահերը 1 մլն բնակչի հաշվով առ 22.05.2020թ.
Բելգիա` 795
Իսպանիա`612
Իտալիա` 539
Մեծ Բրիտանիա` 536
Ֆրանսիա` 432
Շվեդիա` 389
Նիդեռլանդներ` 338
Իռլանդիա` 329
ԱՄՆ` 294
.
Համաշխարհային միջին` 43
Հայաստան` 24 [Արսեն Թորոսյան]


22:00- Չեմ ժխտում, որ Վրաստանում սահմանափակող միջոցառումներն ավելի լավ, խիստ ու ուժեղ են իրականացվել, այդ թվում մինչ օրս։ Կա նաև մեթոդաբանության տարբերություն. նախ Վրաստանի առողջապահական համակարգը և հատկապես հակահամաճարակային համակարգը էականորեն տարբերվում է մեր հակահամաճարակային համակարգից, ոչ լավ իմաստով իհարկե։ Մեր հակամաճարակային համակարգն ավելի ուժեղ է և ես դա չեմ ասում, որպես հպարտանալու մի բան, այլ պարզապես փաստ եմ արձանագրում՝ մասնագիտական մակարդակի, ոչ քաղաքական։ [Արսեն Թորոսյան]


19:13- Կորոնավիրուսային վարակի հաղթահարման հաշվին 22.05.20թ. ժամը 18:00-ի դրությամբ մուտքերը կազմել են 1,093,409,645.2 դրամ, իսկ մուտքերի ընդհանուր քանակը 4295։ [ՀՀ ֆինանսների նախարարություն]


14։54 - Հնարավոր է գնանք խորը սորտավորման, որը արվում է նաև պատերազմների ժամանակ։ Երբ բուժման են վերցնում այն պացիենտներին, որոնք շանս ունեն բուժվելու և հակառակը։ Չի բացառվում, որ այս թվերի տեմպի պահպանման ժամանակ մենք գնանք դրան, բայց ամեն ինչ անում ենք դրան չհասնելու համար։ Օրինակ ավելացնում ենք մահճակալային ֆոնդերը։ [Արսեն Թորոսյան]

 

14։35 - Կրկնավարակի դեպք չենք արձանագրել, և համաշխարհային ակադեմիական հանրույթը աստիճանաբար հանգում է այն մտքին, որ կրկնավարակները կարճ ժամանակում հնարավոր չեն, և մարդը երկրորդ անգամ առնվազն մոտակա մի քանի ամիսներին չի կարող վարակվել կորոնավիրուսով։ [Արսեն Թորոսյան]

 

14։29 - Արարատի մարզում, վերջին տվյալներով, կորոնավիրուսով հաստատված վարակակիրների թիվը 522 է, որոնցից 213-ը՝ առողջացած, 8-ը՝ մահվան ելքով։
Այս պահին փաստացի բուժում է ստանում 331 քաղաքացի: [Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյան]

 

14։28 - Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանում կորոնավիրուսային հիվանդության 10 հաստատված դեպք կա, որից 9-ը հաստատվել է այս գիշեր։ Վարակվածները մեկ ընտանիքից են, այս պահին պարզվում է նրանց շփման շրջանակը։ [Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյան] |news.am|

 

13։56 - Վրացական իշխանությունների հետ բանակցությունների արդյունքում այսօր՝ մայիսի 22-ին, հնարավոր դարձավ Թուրքիայում գտնվող ՀՀ 168 քաղաքացիների տեղափոխման համար Վրաստանի տարածքով միջանցքի տրամադրումը և նրանց՝ Հայաստան տեղափոխումը (4 ավտոբուսներով): [  Վրաստանում ՀՀ դեսպանություն]

 

13։37 - Ինչքան էլ մենք մամուլում տեսնում ենք պատվաստանյութի կլինիկական   փորձարկումների փոքր հաջողությունները, սակայն  լայնածավալ օգտագործմանը կա շատ երկար ժամանակ։ Դրանք պետք է դեռ տասնյակ հազարավորների վրա փորձարկվեն, հետագայում դրվեն արտադրության, ինչը էլի բարդ պրոցես է։ Ես սա ասում եմ , որպեսզի մենք չպատկերացնենք, որ մի քանի ամսից ամեն ինչ լավ  է լինելու։Վրաստանում սահմանափակող միջոցառումները ավելի խիստ և ավելի լավ, բացի այդ կա նաև մեթոդաբանության տարբերություն։ [Արսեն Թորոսյանը՝ Վրաստանի վարակի ցուցանիշների մասին]

 

13։31 - Գեղարքունիքի մարզում մայիս ամսվա ընթացքում փակված են եղել եղել երկու բնակավայր՝ Վարդենիս քաղաքը և Դդմաշեն գյուղը: Վարդենիս քաղաքի արգելանքը հանվել է մայիսի 9-ից, Դդմաշենինը՝ մայիսի 14-ից: Մայիսի 21-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 309 դեպք, որոնցից 121-ն` առողջացած, 4-ը` մահվան ելքով: [Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Լուսինե Վարդանյան] |armenpress.am|

 

13։05 - Կորեայում բնակվող, մուտքի երկարաժամկետ արտոնագիր ունեցող  բոլոր օտարերկրացիները ԿՀ-ից  մեկնելու և կրկին վերադառնալու դեպքում պետք է նախորոք դիմեն իմիգրացիոն ծառայության տարածքային գրասենյակ՝ համապատասխան թույլտվություն ստանալու նպատակով: Նախորոք չդիմելու և երկրից մեկնելու դեպքում քաղաքացիները կզրկվեն իրենց գործող կարգավիճակից և ԿՀ վերադառնալու համար ստիպված կլինեն ստանալ նոր մուտքի արտոնագիր: [Ճապոնիայում ՀՀ Դեսպանություն]

 

12։43 - Երևանի Նորքի տուն-ինտերնատում այս պահին կա կորոնավիրուսով վարակված 15 տարեց, որոնցից 12-ը գտնվում են հիվանդանոցներում: Մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, մյուսների վիճակը կայուն է: Մահվան նոր դեպքեր չունենք: [ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյան] |tert.am|

 

12։21 - Մայիսի 22-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 99 հիվանդ է բուժում ստանում։ Կորոնավիրուսից առողջացել և հիվանդանոցից մինչ օրս դուրս է գրվել 115 պացիենտ։ Հիվանդության անախտանիշ ընթացքով 62 պացիենտներ տեղափոխվել են հյուրանոցներ։ Արձանագրվել է մահվան 7 դեպք։ [Շիրակի մարզպետարան

 

11: 02 - Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 52 (տղամարդ), 81 (տղամարդ), 61 (տղամարդ), 82 (տղամարդ) տարեկան և ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:
Արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 28 է։

 

11: 00 - Թարմացվել է 22.05.2020թ․ ժամը 11։00-ին

Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը - 5928 (+322)
Առողջացածներ - 2874 (+293)
Փաստացի բուժվողներ -2952
Ընդհանուր թեստեր - 47654
Մահվան ելքեր - 74 (+4)
Մահվան ելքեր այլ պատճառով –28 (+) [ԱՆ]

 

11:00 - #Արցախ Թարմացվել է 22.05.2020թ․ ժամը 11։00-ին

Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը - 33
Առողջացածներ - 8
Մեկուսացվածներ -69
Ընդհանուր թեստերավորված - 669
[Արցախի տեղեկատվական շտաբ]

 

10։50 - Նախարար Սուրեն Պապիկյանը երեկ կորոնավիրուսի երկրորդ թեստն է հանձնել, որի արդյունքները ևս բացասական են:
Բացասական են նաև նախարարության մյուս աշխատակիցների թեստերը, որոնք շփում էին ունեցել վարակակիրների հետ և այդ պատճառով գտնվում էին ինքնամեկուսացման մեջ:
[ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի խոսնակ Արմինե Մուրադյան]