Արթիկի համայնքապետարանը 2022-2024 թվականներին 492 միլիոն դրամի գնումներ է կատարել ավագանու անդամի եղբորը պատկանող ընկերությունից։
2024 թվականին «Այ քոնսթրաքշն» ՍՊԸ-ն մասնակցել է Արթիկի համայնքային գնումներին և հաղթել 2 ընթացակարգում։ Ընկերությունը 2024 թվականի հուլիսին և օգոստոսին համայնքի հետ կնքել է ընդհանուր 87 մլն դրամի պայմանագրեր։ Ըստ կնքված պայմանագրերի՝ «Այ Քոնսթրաքշն» ընկերությունը պարտավորվել է նորոգել համայնքի երկու մանկապարտեզների ցանկապատերը, կառուցել ոռոգման ցանց և հողանցման կոնտուր, ինչպես նաև տուֆ քարով սալապատել համայնքի Մեծ Մանթաշ բնակավայրի 2 փողոցները։ Երկու ընթացակարգերի դեպքում էլ «Այ Քոնսթրաքշնը» եղել է 7 մասնակիցների մեջ ամենացածր գին առաջարկած ընկերությունը։
Բնակելի, հասարակական և արտադրական շենքերի շինարարությամբ զբաղվող «Այ քոնսթրաքշն» ընկերությունը 2020 թվականի սեպտեմբերին հիմնադրել են Պավլիկ Ռափյանը, Էդգար Փոթոյանն ու Արթուր Աստոյանը։ Երկուսուկես տարի անց՝ 2023-ի փետրվարին, Փոթոյանն ու Աստոյանը դուրս են եկել ընկերությունից, և ընկերության 100% բաժնետերեր է դարձել Պավլիկ Ռափյանը։ 2022 թվականից ընկերության տնօրենը վերջինիս եղբայրն է՝ Արթիկ համայնքի «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» խմբակցության ավագանու անդամ Արտակ Ռափյանը։
Հատկանշական է, որ չնայած Արտակ Ռափյանը Արթիկի ավագանու կառավարող խմբակցությունից չէ, սակայն 2021 թվականին համայնքի ղեկավարի ընտրության ժամանակ «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» խմբակցությունը պաշտպանել է ներկայիս համայնքապետ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Անանիկ Ոսկանյանի թեկնածությունը։
Նշենք, որ ընկերության նախկին բաժնետեր Արթուր Աստոյանը նույնպես համայնքի ավագանու անդամ է՝ «Ապրելու երկիր» խմբակցությունից։
«Այ քոնսթրաքշն» ընկերությունը Արթիկ համայնքի հետ պայմանագրեր է կնքել նաև 2022 և 2023 թվականներին։
Դեռևս 2023 թվականին «Հետքն» անդրադարձել էր այս ընկերության՝ համայնքի հետ կնքած շուրջ 370 մլն դրամի պայմանագրին․ սուբվենցիոն ծրագրի շրջանակում հայտարարված մրցույթը վերաբերել է Արթիկի երկու մանկապարտեզների վերանորոգմանը, հարակից տարածքների բարեկարգմանը, խաղահրապարակների և պարիսպների կառուցմանը։ Մրցույթին մասնակցել է չորս ընկերություն։ «Այ քոնսթրաքշն» ՍՊԸ-ն հաղթել է մրցույթի երկու չափաբաժիններով։
2022-ին ընկերությունը նույնպես հաղթել է երկու մրցույթներում և համայնքի հետ կնքել ընդհանուր 36․4 մլն դրամի պայմանագրեր։ Մի դեպքում «Այ Քոնսթրաքշն» ՍՊԸ-ն վերանորոգել է բազմաբնակարան շենքի տանիքը, մյուս դեպքում իրականացրել համայնքի գյուղերից մեկի մշակույթի տան վերանորոգման 2-րդ փուլի աշխատանքները։
Նշենք, որ «Այ քոնսթրաքշն» ՍՊԸ-ն պետական և համայնքային գնումների ընթացակարգերին սկսել է մասնակցել 2021 թվականի մայիսից։ Այս տարիների ընթացքում ներկայացրել է 32 հայտ, որոնցից կեսը՝ 16-ը, Արթիկ համայնքի կազմակերպած ընթացակարգերին։
Պետական գնումների հաշվետվողականության համակարգի տվյալներով՝ «Այ քոնսթրաքշնը» հաղթել է այս ընթացակարգերից 10-ում և կնքել է համապատասխան պայմանագրեր, որոնցից 5-ը՝ Արթիկ համայնքի հետ։ Համայնքի հետ կնքված պայմանագրերի գումարային գինը կազմում է 492 մլն դրամ։
«Հանրային ծառայության մասին» օրենքի համաձայն, եթե վերադաս չունեցող պաշտոնյայի կողմից կամ նրա մասնակցությամբ իր լիազորությունների շրջանակում գործողության կատարումը (անգործությունը) կամ որոշման ընդունումը կարող է հանգեցնել շահերի բախման իրավիճակի առաջացման, ապա նա պարտավոր է այդ մասին 10-օրյա ժամկետում գրավոր տեղեկացնել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով։
«Ինֆոքոմը» հարցում էր ուղարկել համայնքապետ Անանիկ Ոսկանյանին, փորձելով հասկանալ, թե արդյո՞ք համայնքապետը շահերի բախում տեսնում է ավագանու անդամին փոխկապակցված ընկերության՝ համայնքային գնումներին մասնակցելու և հաղթելու մեջ։ Հարցրել էինք նաև, թե ինչու համայնքապետը շահերի բախման իրավիճակով պայմանավորված Հանձնաժողովին հայտարարություն չի ներկայացնել։ Համայնքապետարանը չի պատասխանել մեր հարցմանը։
Նշենք, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը 2022-2024 թվականներին Արթիկ համայնքի ղեկավար Անանիկ Ոսկանյանի կողմից շահերի բախման իրավիճակների վերաբերյալ գրավոր հայտարարություններ չի ստացել։
Արթիկ համայնքի ավագանու «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» խմբակցության ավագանու անդամ Արտակ Ռափյանը, որը նաև «Այ Քոնսթրաքթ» ՍՊԸ-ի տնօրենն է, չի հայտարարագրել իր ներկայացվածությունը այս ընկերությունում։
Հանրային ծառայության մասին օրենքը սահմանում է, որ պաշտոնատար անձը պետք է հայտարարագրի իր և իր ընտանիքի անդամների մասնակցությունը առևտրային կազմակերպություններում և ներկայացվածությունը դրանց կառավարման մարմիններում։ Սակայն, Արտակ Ռափյանի ներկայացրած հայտարարագրերում (2022, 2023, 2024) առկա չեն նշումներ «Այ Քոնսթրաքթ» ՍՊԸ-ի տնօրեն տնօրեն լինելու մասին։ Չնայած դրան, ավագանու անդամը հայտարարագրել է այդ ընկերությունից որպես աշխատավարձ ստացած իր եկամուտները։
Մեր հարցին, թե ինչու նա չի հայտարարագրել ընկերության տնօրեն լինելու փաստը, Արտակ Ռափյանը պատասխանեց, որ չլրացնելը հավանաբար բացթողման արդյունք է։
«Էդ նո՞ր բան է, չեմ մտածել, որ պետք է դա էլ լրացնել։ Բան չունեմ ասելու, եթե պահանջ կա, որ պետք է լրացվի, որ ես էդ ընկերության տնօրենն եմ, կանեմ»։
Ավագանու անդամ Արտակ Ռափյան
Արտակ Ռափյանը շահերի բախման ռիսկ չի տեսնում իր ղեկավարած ընկերության՝ համայնքային գնումների մասնակցության մեջ։
«Դե էդտեղ շահերի բախում իրականում չկա, որովհետեւ գնումները օրենսդրությունով, մրցութային եղանակով են տեղի ունեցել։ Ընթացակարգերին մեր ընկերությունը մասնակցում է, ոնց որ մյուս բոլոր կազմակերպությունները, եւ շահերի բախում չկա այնքանով, որ այդտեղ որպես պաշտոնյա ազդեցությունը կարելի է ասել, ընդհանրապես բացակայում է։ Իմ մասով՝ ես՝ որպես ավագանու անդամ, հաստատ չեմ կարողանա որեւէ ազդեցություն ունենամ։ Շատ մրցույթներ կան, որոնց չենք կարողանում դիտարկվել շահող կազմակերպություն, քանի որ մեզանից ավելի ցածր գներով մասնակցող կազմակերպություններ են լինում, իսկ էն մրցույթները, որոնք մենք ենք ցածր գներ առաջարկում, էդ մրցույթների արդյունքում արդեն պայմանագրեր կապվել են, աշխատանքները կատարվել են»։
Ավագանու անդամ Արտակ Ռափյան
«Այ Քոնսթրաքշն» ՍՊԸ-ի կողմից Արթիկում իրականացված բոլոր աշխատանքների տեխհսկողությունը իրականացրել է «Վահրամ Կնյազյան» Ա/Ձ-ն։ Այս անհատ ձեռներեցը Արթիկ համայնքի գնումների ընթացակարգերին սկսել է մասնակցել 2017 թվականից՝ կնքելով տեխնիկական հսկողության խորհրդատվական ծառայություններ մատուցելու ավելի քան 22․7 միլիոն դրամ ընդհանուր գնով 34 պայմանագիր։
Այս Ա/Ձ-ի՝ կասկածելի գնառաջարկներով մրցույթներում հաղթելու դեպքներին անդրադարձել ենք մեր նախորդ հրապարակումներում (1, 2):
Այսպիսով՝ Արթիկ համայնքի ավագանու անդամին փոխկապակցված ընկերությունը մասնակցում և հաղթում է համայնքի հայտարարած գնման ընթացակարգերին՝ 3 տարում կնքելով 492 մլն դրամի պայմանագրեր։ Սա Արթիկ համայնքի՝ ավագանու անդամին փոխկապակցված ընկերություններից գնումներ կատարելու միակ դեպքը չէ։ «Ինֆոքոմն» ավելի վաղ անդրադարձել էր համայնքի ավագանու անդամներից ևս մեկին փոխկապակցված «Ճանշին» ընկերությանը, որը համայնքի հետ կնքել էր 358 մլն դրամի պայմանագրեր։