Մարտունու համայնքապետարանը 2022-2025 թվականներին շուրջ 741 մլն դրամի պայմանագրեր է կնքել «Կոթաշին» ընկերության հետ, որի սեփականատերը և տնօրենը մինչև 2025 թվականը եղել է համայնքի ավագանու անդամ Պապ Դանիելյանը, իսկ 2025 թվականի ապրիլից` վերջինիս կինը։
2021 թվականի վերջին ՏԻՄ ընտրությունների արդյունքում Պապ Դանիելյանը Մարտունի համայնքում հաղթած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով ընտրվել է համայնքի ավագանու անդամ։ Հաջորդ տարի վերջինս դարձել է 2021 թվականին Մարտունիում հիմնադրված «Կոթաշին» ընկերության սեփականատերն ու տնօրենը։
2022 թվականին ընկերության և համայնքի միջև կնքվել է երկու պայմանագիր՝ 41.5 մլն դրամի՝ մանկապարտեզում խաղահրապարակի, և ավելի քան 38 մլն դրամի՝ ոռոգման կառուցման համար։ 2023 թվականին ընկերությունը մի քանի փողոցներում կատարել է փոսալցման աշխատանքներ՝ համայնքի հետ կնքելով 46.5 մլն դրամի պայմանագիր։
Միայն 2024 թվականին «Կոթաշին» ընկերության և համայնքապետարանի միջև կնքվել է ընդհանուր 398 մլն դրամի 4 պայմանագիր։ Ընկերությունը տարբեր բնակավայրերում կառուցել է ջրագիծ, խաղահրապարակ, ոռոգման համակարգեր, տեղադրել կանգառատեղիներ։
2025 թվականի ապրիլին ընկերության սեփականատեր և տնօրեն է դարձել Դանիելյանի կինը՝ Լիանա Սերոբյանը, և հենց հաջորդ ամիս համայնքի հետ կնքվել է 216 մլն դրամ արժողությամբ պայմանագիր։
Դեռևս հունիսին գրություն էինք ուղարկել Պապ Դանիելյանին՝ խնդրելով պատասխանել՝ շահերի բախում չի՞ տեսնում արդյոք այս իրավիճակում։ Վերջինս մինչ օրս չի արձագանքել։
Հարցեր ենք ուղարկել նաև Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանին՝ ճշտելու վերջինիս կարծիքը կնքված պայմանագրերի և հնարավոր շահերի բախման մասին։ Համաձայն «Հանրային ծառայության մասին» օրենքի` համայնքի ղեկավարը պարտավոր էր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին (ԿԿՀ) ներկայացնել հայտարարություն՝ շահերի բախման իրավիճակի վերաբերյալ։ Օրենքը շահերի բախումը սահմանում է որպես իրավիճակ, երբ պաշտոն զբաղեցնող անձի մասնավոր շահերն ազդում են կամ կարող են ազդել վերջինիս պաշտոնեական պարտականությունների անաչառ և օբյեկտիվ կատարման վրա։ Մասնավոր շահը կարող է լինել որևէ արտոնություն ոչ միայն իր հետ փոխկապակցված անձանց, այլ նաև այն անձանց կամ կազմակերպություններին, որոնց հետ ինքը կամ իր հետ փոխկապակցված անձն ունի գործարար, քաղաքական կամ այլ գործնական կամ անձնական հարաբերություններ։ Իսկ քաղաքական հարաբերությունները, ի թիվս այլնի, ներառում են որևէ կուսակցության մասնակցությունը։
Համայնքապետ Հովհաննես Հովեյանը և ավագանու անդամ Պապ Դանիելյանը ավագանու կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից են և համանուն կուսակցության անդամներ։
Համայնքի ղեկավարը շահերի բախման իրավիճակի վերաբերյալ հայտարարություն չի ներկայացրել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին։ Մեր հարցերին ի պատասխան վերջինս, հղում անելով «Գնումների մասին» և «Հանրային ծառայության մասին» օրենքներին, նշել է, որ այս իրավիճակում շահերի բախում չկա։
«Գնահատող հանձնաժողովի համար որևէ կաշկանդվածություն չի եղել, իսկ գնումների գործընթացը եղել է էլեկտրոնային եղանակով, պատվերների տեխնիկական բնութագրին համապատասխան ամենացածր գին է առաջարկվել նշված կազմակերպության կողմից, որի արդյունքում համայնքը զգալի ֆինանսական միջոցներ է տնտեսել»։
Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյան
Նշենք, սակայն, որ մեր նախորդ հոդվածների հիման վրա համանման իրավիճակներում ԿԿՀ-ն արձանագրել է, որ համայնքների ղեկավարները պարտավորություն են ունեցել ներկայացնելու շահերի բախման իրավիճակի վերաբերյալ հայտարարություն։ Արդյունքում վարույթներ են հարուցվել և 300 հազար դրամ վարչական տույժի ենթարկվել Ստեփանավան համայնքի ղեկավար Արմեն Գրիգորյանը, Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը, Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը, Արթիկ համայնքի ղեկավար Անանիկ Ոսկանյանը, Աշտարակ համայնքի ղեկավար Թովմաս Շահվերդյանը, Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանը և Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանը։
Որպես Մարտունի համայնքի ավագանու անդամ՝ Պապ Դանիելյանը պարտավոր է յուրաքանչյուր տարի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացնել գույքի, եկամուտների, ծախսերի ու շահերի հայտարարագիր։ Համաձայն վերջինիս ներկայացրած 2024 թվականի տարեկան հայտարարագրի՝ տարեվերջին աճել են ի սկզբանե ունեցած թե՛ կանխիկ, թե՛ անկանխիկ միջոցները։ Այդ տարվա եկամուտը կազմել է 3 մլն 306 հազար դրամ, որը ստացել է «Կոթաշին» ընկերությունից որպես աշխատավարձ, իսկ ծախսը՝ 7 մլն 138 հազար դրամ՝ ուղղված վարկի մարմանը։ Ստացվում է, որ Դանիելյանը շուրջ 5 մլն 282 հազար դրամով ավելի շատ է ծախսել (ներառյալ գույքի փոփոխությունը), քան տարեսկզբին ունեցած գումարն ու ստացած եկամուտն է։ Այսինքն՝ տարվա ընթացքում ծախսած ավելի քան 5 մլն դրամի աղբյուրը տեսանելի չէ։
Դանիելյանն այս հայտարարագրում չի նշել նաև այդ տարի իր ընկերության և համայնքի միջև կնքված 165 մլն դրամ արժեցող պայմանագրի մասին, մինչդեռ պաշտոնատար անձինք պարտավոր են հայտարարագրել իրենց կամ իրենց ընկերությունների՝ համայնքների հետ կնքված՝ 5 միլիոն դրամը գերազանցող պայմանագրերը։
Հունիսին ուղարկված մեր գրությամբ Պապ Դանիելյանին խնդրել էինք նաև մեկնաբանել այս անհամապատասխանությունները։ Ինչպես նշել ենք, Դանիելյանն անպատասխան է թողել մեր գրությունը, սակայն հասցրել է դիմել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով՝ փոփոխություններ կատարելու իր հայտարարագրում։
Այսպիսով՝ Դանիելյանի՝ խմբագրված հայտարարագրում հայտնվել է 5.8 մլն դրամի եկամուտ։ Որպես եկամուտի աղբյուր նշված է «այլ», իսկ որպես եկամուտ վճարող՝ «-»։ Ստացվում է՝ եկամուտով չհիմնավորված ողջ գումարը Դանիելյանը պարզապես լրացրել է որպես «այլ եկամուտ»։
Խմբագրված հայտարարագրում Դանիելյանը ոչ միայն չի ավելացրել իր ընկերության և համայնքի միջև կքնված 165 մլն դրամի պայմանագիրը, այլև հեռացրել է այդ տարի կնքված մյուս պայմանագրերի մասին նշումը։
Ուսումնասիրել ենք նաև Դանիելյանի հետ համատեղ բնակվող անձանց հայտարարագրերը։ Դրանց ուսումնասիրության պահին Պապ Դանիելյանի հետ որպես համատեղ բնակվող անձ նշված էր հայրը՝ Շիրակ Դանիելյանը, Արմինե Գրիգորյանը և եղբայրը՝ Արտակ Դանիելյանը։ Շիրակ Դանիելյանի հայտարարագրի ուսումնասիրության արդյունքում արձանագրել էինք, որ ունեցած միջոցներով և ստացած եկամուտով չէր հիմնավորվում շուրջ 1.6 մլն դրամի գույքի փոփոխությունը։ Մեր գրությունից հետո Շիրակ Դանիելյանի հայտարարագրում ևս փոփոխություններ են կատարվել. ավելացել է շուրջ 4.3 մլն դրամի եկամուտ՝ կրկին «այլ» աղբյուրից։
Պարզել էինք նաև, որ Արտակ Դանիելյանն ու Արմինե Գևորգյանը չեն ներկայացրել 2024 թվականի տարեկան հայտարարագիր։ Մեր գրությունից հետո նրանց հայտարարագրերը հայտնվել են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ռեեստրում։
Պապ Դանիելյանի խմբագրված հայտարարագրում ավելացել են ևս երկու համատեղ բնակվող անձինք՝ կինը՝ Լիանա Սերոբյանը և Մարինե Առաքելյանը։ Վերջիններս 2024 թվականի տարեկան հայտարարագրեր չեն ներկայացրել։
Այսպիսով՝ չորս տարիների ընթացքում Մարտունու համայնքապետարանը շուրջ 741 մլն դրամի 8 պայմանագիր է կնքել կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ավագանու անդամին, ապա նրա կնոջը պատկանող ընկերության հետ, սակայն համայնքի ղեկավարն այդտեղ շահերի բախում չի տեսնում։ Ավագանու անդամն առհասարակ չի մեկնաբանում ոչ շահերի բախման հնարավոր իրավիճակը, ոչ էլ իր և ընտանիքի անդամների հայտարարագրերում առկա անհամապատասխանությունները։