aravot.am «Այս փաստերը կարելի է շարունակել, բայց հայտարարության մեջ ներկայացված են ամենաաղաղակող եւ ամենացավոտ հարցերը»,- ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։ Նա ներկայացնում էր «Ազգային ճգնաժամի եւ կառավարման ձախողման մասին» ԱԺ հայտարարության նախագիծը:
Ապա հայտարարության նախագծի «արկածախնդրություն եւ զիջումներ» բաժնում, ասաց կարելի էր հավելել վաշինգտոնյան համաձայնագրերից հետո անորոշությունները, իսկ մարդու իրավունքների եւ ժողովրդավարության նահանջի հատվածում էլ հավելեց Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ կալանքի որոշումը։
Հայկ Մամիջանյանի դիտարկմամբ՝ լավ սկիզբ է, քանի որ հարցի շուրջ համախմբում է նկատվում եւ դա ցույց տվեցին խորհրդարանական լսումները։ Հստակեցրեց՝ սա ընդամենը հայտարարության տեքստ է, իսկ իմպիչմենթի գործընթացը բնականոն ընթանում է։
ՔՊ-ական պատգամավոր Ալխաս Ղազարյանը առաջարկեց՝ բովանդակային քննարկման մեջ չմտնել, եթե խնդիրը հարցին հնչեղություն տալն է, դա անել միանգամից լիագումար նիստերի դահլիճում։ Հայկ Մամիջանյանն առարկեց՝ ասելով՝ եթե ՔՊ-ական պատգամավորը պատրաստ է իր հետ բովանդակային քննարկման մեջ մտնել ազգային ճգնաժամի եւ կառավարման ձախողման մասին հարցերով, ինքը պատրաստ է իր ժամանակից մի քանի ժամ տրամադրել այդ գործին։ Ու առաջարկեց՝ «դպրոցական ձեւակերպումներից զերծ մնալ»։
ՔՊ խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ Անուշ Քլոյանը հետաքրքրվեց, ինչո՞ւ է հայտարարության մեջ գրված միայն 2021-ի պատերազմից հետո ՀՀ տարածքների բռնազավթման մասին։ Արծվաշենի մասին խոսք չկա։ Հայկ Մամիջանյանն ասաց՝ ճիշտ է եւ եթե ՔՊ-ականները բովանդակային քննարկման մեջ մտնեին, ապա իրենք պատրաստ են համալրել հայտարարությունը։ Նաեւ պարզաբանեց՝ հայտարարության մեջ իրենք անդրադարձել են 44-օրյայից հետո ստեղծված իրավիճակին եւ այդ ժամանակ բռնազավթված ՀՀ տարածքներին, նկատեց, սահմանազատման-սահմանագծման գործընթացը գնում է այնպես, որ համոզմունք է ստեղծում՝ ՀՀ բռնազավթված տարածքների ազատագրումը ՀՀ իշխանության առաջնահերթությունների մեջ չէ։ ՔՊ-ական պատգամավորը համամիտ չէ, վստահեցրեց՝ բռնազավթված տարածքները ազատվելու են եւ դիվանագիտական, խաղաղ ճանապարհով։
Մամիջանյանի կարծիքով՝ բռնազավթված տարածքները ազատագրվում են ուժային ճանապարհով, բայց ինքը իր ելույթում նման կոչեր չի անում։ Նա իր տարակուսանքը հայտնեց, որ սահմանազատում-սահմանագծում գործընթացը սկսվեց Տավուշից, ինչը ձեռնտու էր բացառապես Ադրբեջանին, քանի որ Տավուշում մեր պաշտպանական դիրքերն ամենալավն էին։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում