Չարենցավանի համայնքապետարանը կառավարող խմբաԿՑության հետ կնքել է 478 մլն դրամի պայմանագրեր

Չարենցավանի համայնքապետարանը 2023-2025 թվականների ընթացքում ընդհանուր շուրջ 478 մլն դրամի 4 պայմանագիր է կնքել համայնքում կառավարող խմբակցության ավագանու անդամ Տարոն Եփրեմյանին պատկանող ընկերության հետ։ 

Տարոն Եփրեմյանը 2005 թվականին հիմնադրել է շինարարական աշխատանքներ կատարող «Աշկար» ընկերությունը, որի անփոփոխ սեփականատերը և տնօրենն է։ Եփրեմյանը Չարենցավան համայնքի ավագանու անդամ է 2017 թվականից: Այդ ժամանակ նա եղել է Հայաստանի  Հանրապետական կուսակցությունից, այժմ անկուսակցական է։ 2022 թվականի ՏԻՄ ընտրությունների արդյունքում Եփրեմյանը կրկին ստացել  է ավագանու մանդատ` այս անգամ հաղթած «Միասնական համայնք» դաշինքի ցուցակով։ 

2023 թվականի մայիսին Եփրեմյանի ընկերությունը համայնքում իրականացրել է ասֆալտապատման և փոսային նորոգման աշխատանքներ։ Ծառայության համար համայնքապետարանը վճարել է ավելի քան 24 մլն դրամ։ 

Ընթացիկ՝ 2025 թվականին արդեն  համայնքապետարանն ավագանու անդամի ընկերության հետ կնքել է ընդհանուր ավելի քան 453 մլն դրամ արժողությամբ 3 պայմանագիր։ Դրանցից առաջինը կնքվել է այս տարվա փետրվարին։ Ընկերությունը 389 մլն դրամի դիմաց պետք է իրականացնի «Լուսաբաց» մսուր մանկապարտեզի նորոգումը։

Մյուս երկու պայմանագրերը կնքվել են նույն օրը՝ սեպտեմբերին 4-ին։ Ընկերությունը պետք է հիմնանորոգի «Քաղաքային գրադարան» ՀՈԱԿ-ի մասնաշենքը և Բջնի գյուղում կառուցի խաղահրապարակ։ Գնման երկու ընթացակարգերում էլ միակ մասնակիցը եղել է Եփրեմյանի ընկերությունը։ Երկու պայմանագրերի ընդհանուր արժեքը շուրջ 64 մլն դրամ է։

Ընկերության սեփականատեր, ավագանու անդամ Տարոն Եփրեմյանն այստեղ շահերի բախում չի տեսնում։ Նրա խոսքով «Գնումների մասին» օրենքն իր ընկերության առջև մասնակցության որևէ սահմանփակում չի դնում, շեշտում է, որ ընկերությունը 15 տարուց ավելի մասնակցում է պետական գնումների։

«Այդ ընթացակարգերի ժամանակ եղել է հայտարարություն շահերի բախման, փոխկապակցված անձանց մասնակցության բացակայության վերաբերյալ: Ընկերության հայտերը գնահատվել են բավարար, և օրենքով հաստատված կարգով կնքվել են պայմանագրեր՝ որպես ամենացածր գնային առաջարկ ներկայացրած մասնակից»։

Չարենցավան համայնքի ղեկավար Հակոբ Շահգալդյանը նույնպես գնման այս ընթացակարգերը չի համարել շահերի բախման իրավիճակ առաջացնող և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով գրություն չի ներկայացրել։ 

Մեզ ուղղված գրավոր պատասխանում Հակոբ Շահգալդյանը նշել է, որ հանձնաժողով հայտարարություն չի ներկայացրել՝ հիմք ընդունելով «Հանրային ծառայության մասին» (1, 2, 3) և «Գնումների մասին» օրենքների որոշ կետեր (1, 2, 3, 4

«Գնումների մասին» օրենքի տեսանկյունից, իսկապես, կնքված պայմանագրերում որևէ խնդիր չկա։ Օրենքն «Աշկար» ընկերությանը չի արգելում մասնակցել գնման ընթացակարգերին, շահերի բախումն էլ նշված օրենքով սահմանափակվում է հայտը գնահատող հանձնաժողովի անդամների միջև ազգակցական կապով կամ տվյալ ընկերությունում մասնաբաժին ունենալով։ Եվ ըստ այդ հայտերը գնահատող հանձնաժողովի անդամների ստորագրած հայտարարության՝ հանձնաժողովի անդամների և Եփրեմյանի միջև նման կապ չկա, այսինքն՝ այս օրենքի տեսանկյունից շահերի բախում առկա չէ։ 

Մինչդեռ «Հանրային ծառայության մասին» օրենքը շահերի բախման վերաբերյալ այլ շրջանակ է սահմանում։ Օրենքը շահերի բախումը սահմանում է որպես  իրավիճակ, երբ պաշտոն զբաղեցնող անձի մասնավոր շահերն ազդում են կամ կարող են ազդել վերջինիս պաշտոնեական պարտականությունների անաչառ և օբյեկտիվ կատարման վրա։ Մասնավոր շահը կարող է լինել որևէ արտոնություն ոչ միայն իր հետ փոխկապակցված անձանց, այլ նաև այն անձանց կամ կազմակերպություններին, որոնց հետ ինքը կամ իր հետ փոխկապակցված անձն ունի գործարար, քաղաքական կամ այլ գործնական կամ անձնական հարաբերություններ։ Համայնքապետ Հակոբ Շահգալդյանը և ավագանու անդամ Տարոն Եփրեմյանը նույն՝ «Միասնական դաշինք» խմբակցությունից են, այսինքն՝ Շահգալդյանը և Եփրեմյանն ունեն քաղաքական հարաբերություններ։ 

Հաշվի առնելով այս փաստը՝ Շահգալդյանը պարտավոր էր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացնել հայտարարություն։ 

«Ինֆոքոմի» նմանօրինակ նախորդ հոդվածների հիման վրա հարուցված վարույթների արդյունքում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն արձանագրել է, որ համայնքների ղեկավարները նման իրավիճակում պարտավորություն են ունեցել ներկայացնելու շահերի բախման իրավիճակի վերաբերյալ հայտարարություն։ Արդյունքում վարույթներ են հարուցվել և 300 հազար դրամ վարչական տույժի ենթարկվել Ստեփանավան համայնքի ղեկավար Արմեն Գրիգորյանը, Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը, Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը, Արթիկ համայնքի ղեկավար Անանիկ Ոսկանյանը, Աշտարակ համայնքի ղեկավար Թովմաս Շահվերդյանը, Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանը և Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանը։

Տարոն Եփրեմյանը հայտարարատու պաշտոնյա է, և որպես Չարենցավան համայնքի ավագանու անդամ, յուրաքանչյուր տարի պարտավոր է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացնել գույքի, եկամուտների, ծախսերի ու շահերի հայտարարագիր։ Ի թիվս այլ տվյալների պաշտոնյան պարտավոր է հայտարարագրում նշել նաև համայնքի հետ իր կամ իրեն պատկանող ընկերությունների կնքած 5 մլն դրամը գերազանցող պայմանագրերի առկայության մասին, ինչը Եփրեմյանը չի արել։ 2023 թվականի հայտարարագրում Եփրեմյանը չի նշել այդ տարի Չարենցավանի համայնքապետարանի հետ կնքած 24 մլն դրամի պայմանագրի մասին։

Այսպիսով, Չարենցավանի համայնքապետարանը շուրջ 478 մլն դրամի պայմանագրեր է կնքել ավագանու կառավարող խմբակցության անդամի ընկերության հետ, սակայն համայնքապետն այդտեղ շահերի բախում չի տեսնում և շահերի բախման իրավիճակի մասին հայտարարություն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով չի ներկայացրել։ 

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն