Պատմական փնտրտուքների պարագայում կարող է այնպես ստացվել, որ ինչ-որ մեկն իր հայրենիքը գտնի Ալթայում. Ալեն Սիմոնյանը՝ Ալիևի հայտարարության մասին | armenpress.am

armenpress.am Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մեկնաբանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարությունը, ըստ որի՝ Հայաստանի մի շարք շրջաններ, այդ թվում՝ Սևանը, իբր ունեն «ադրբեջանական ծագում»։

Լրագրողների հետ ճեպազրույցում Սիմոնյանը նշեց, որ նման հայտարարություններն ուղղված են Ադրբեջանի ներքին լսարանին։

«Ես դա վաղուց եմ մեկնաբանել և ասել եմ, որ պատմական փնտրտուքների մեջ ընկնելու պարագայում կարող է այնպես ստացվել, որ ինչ-որ մեկն իր հայրենիքը գտնի Ալթայում։ Դրան ավելացնելու որևէ բան չունեմ։ Համարում եմ, որ այդ հայտարարությունը չի բխում այն տրամաբանությունից, որը գոյություն ունի, բայց միևնույն ժամանակ պետք է ասեմ, որ դա նախատեսված է ներքին լսարանի համար։ Նրա ներքին լսարանի տեղը պատասխանել չեմ ցանկանում»,– ասաց Սիմոնյանը։

ԱԺ նախագահը նաև արձագանքեց այն մեկնաբանություններին, թե Ալիևը խոսել է տարածքներ «ազատագրման» մասին։

Անդրադառնալով այսպես կոչված ադրբեջանցի փախստականների՝ Հայաստանի տարածքում իրենց բնակավայրեր վերադառնալու մասին Ալիևի հայտարարություններին ու այդ համատեքստում լրագրողներից մեկի դիտարկմանը, թե Ալիևը խոսել է «տարածքներ ազատագրելու մասին»՝ Ալեն Սիմոնյանը պատասխանեց.

«Ես նրա խոսքում ազատագրելու մասին բան չեմ տեսել։ Ընդհակառակը՝ տեսել եմ, որ ասում է՝ մենք պետք է մեքենաներով վերադառնանք, ոչ թե տանկերով։ Ես չեմ հասկանում, թե ինչու եք դրան «ազատագրել» ասում»։

Ավելի վաղ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, թե «ներկայիս Հայաստանի տարածքում գրեթե բոլոր տեղանուններն ադրբեջանական ծագում ունեն»՝ նշելով, որ «չկա Սևանա լիճ, կա Գոյչայի լիճ»։ Ալիևը նաև պնդել էր, թե «ռուսական կայսերական քարտեզները» իբր հաստատում են այդ «պատմական ճշմարտությունը»։

Ալիևը նաև հայտարարել էր, թե «ադրբեջանցիների՝ Հայաստանի ներկայիս տարածքում իրենց պատմական հողեր վերադարձը չպետք է վախեցնի հայ ժողովրդին»։ Ալիևը հիշեցրել էր նախկինում իր արած հայտարարությունը, որ «իրենք այդ տարածքներ պետք է վերադառնան ոչ թե տանկերով, այլ ավտոմեքենաներով»։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն