Ընտանեկան տեխհսկողություն պետական գնումներում․ որդին վերահսկում է հոր շինարարությունը

«Արտակ Մարտիրոսյան Համլետի» անհատ ձեռնարկատերը շինարարական աշխատանքների տեխնիկական հսկողության պայմանագրեր է կնքել և վերահսկել շինարարություններ, որոնք իրականացվել են նրա հորը՝ Համլետ Մարտիրոսյանին պատկանող «Լուսի-Արեգ» ՍՊԸ-ի և պետական մարմինների միջև կնքված պայմանագրերով։

2019-ին պետական գրանցում ստացած «Արտակ Մարտիրոսյան Համլետի» Ա/Ձ-ն 2021 թվականից ակտիվ մասնակցում է պետական գնումներին՝ մատուցելով շինարարական աշխատանքերի տեխնիկական և հեղինակային հսկողության ծառայություններ։ Շինարարական աշխատանքներով զբաղվող «Լուսի-Արեգ» ընկերությունն էլ հիմնադրվել է 2008 թվականին, 2009-ից ընկերության սեփականատերը Համլետ Մարտիրոսյանն է՝ Արտակ Մարտիրոսյանի հայրը։

Պետական գնումների հաշվետվողականության համակարգում հրապարակված տվյալների համաձայն՝ «Լուսի-Արեգ» ընկերությունը 2021-2025 թվականներին հայտ է ներկայացրել 90 գնման ընթացակարգերի, հաղթել և պայմանագիր կնքել դրանցից 12-ում։ «Արտակ Մարտիրոսյան Համլետի» Ա/Ձ-ն, ըստ նույն հարթակում հրապարակված տվյալների, 198 հայտ է ներկայացրել, որոնցից 38-ի դեպքում ճանաչվել հաղթող մասնակից։ 

«Ինֆոքոմը» երկու դեպք է նույնականացրել, երբ պետական գնումներում հաղթած «Լուսի-Արեգ» ընկերության շինարարության տեխնիկական հսկողությունն իրականացրել է դրա սեփականատիրոջ որդու ընկերությունը՝ «Արտակ Մարտիրոսյան» Ա/Ձ-ն։

Տեխհսկողություն իրականացնողները ներգրավվում են շինաշխատանքների որակը, ճարտարապետաշինարարական նախագծին, օրենսդրական պահանջներին համապատասխանությունը ստուգելու, թերությունների և խախտումների հայտնաբերման դեպքում այդ մասին պայմանագրերի կողմերին տեղեկացնելու, դրանց վերացման ժամկետներ սահմանելու և այլ գործառույթների համար։

Ներկայումս որևէ իրավական ակտ չի արգելում փոխկապակացված ընկերություններին իրականացնել շինարարությունը և այդ շինարարության տեխնիկական հսկողությունը։ «Քաղաքաշինության մասին» օրենքը միայն սահմանում է, որ շինարարությունն իրականացնող ընկերությունը չի կարող իրականացնել տվյալ շինարարության տեխնիկական հսկողությունը։ 

Քաղաքաշինության կոմիտեում կարծում են՝ ոլորտը կարգավորող դրույթները ձևակերպված են այնպես, որ տեխհսկող և շինարար ընկերությունների միջև կապը չի կարող ազդել շինարարության որակի վրա։ Միևնույն ժամանակ, Կոմիտեից հայտնում են՝ օրենսդրական փոփոխությունների նախագիծ են քննարկում՝ տեխհսկող և շինարար փոխկապակցված ընկերությունների համատեղ աշխատանքը բացառելու համար։

Միաժամանակ 2025 թվականի ապրիլին հաստատված «Քաղաքաշինության բնագավառի պատասխանատու մասնագետի էթիկայի կանոններով» սահմանված է, որ մասնագետն իր պարտականությունները կատարելու ընթացքում պարտավոր է բացառել շահերի բախումը, այն է՝ իրավիճակը, երբ հասարակության, շրջակա միջավայրի, պետական կամ համայնքային մարմնի կամ պատվիրատուի շահերից գործելու պարտավորությունը վտանգվում է կամ կարող է վտանգվել մասնագետի, նրան փոխկապակցված և այլ երրորդ անձանց միջև առկա մասնավոր հարաբերությունների հետևանքով։

Պետական ֆինանսական կառավարման փորձագետ Արտակ Քյուրումյանը կարծում է, որ սա օրենսդրական բաց է, որը կոռուպցիայի լայն հնարավորություններ է տալիս.

«Օրենսդրությունն ասում է՝ որոշակի փոխկապակցվածություն ունեցող մարդիկ իրար դեմ ցուցմունք չեն կարող տալ, բայց հարազատիդ կատարած աշխատանքը պետական պատվերի շրջանակում կարող ես հսկողության ենթարկել։ Դա ճիշտ չէ, էդտեղ հսկայական շահերի բախումներ կան, որոնք նաև ֆինանսական հետևանքներ կարող են ունենալ»։

Փորձագետի պնդմամբ՝ կազմակերպությունը, որը իր ընտանքի անդամի շինարարությունը պետք է վերահսկի, շահագրգռված է ցածր գին ներկայացնելու՝ մրցույթներում հաղթելու համար, որպեսզի հսկի բարեկամի աշխատանքը և դրական եզրակացություն տա, որի արդյունքում իր հարազատը շահույթ է ստանալու։

Կասկածելի ցածր գնով տեխնիկական հսկողություն

Որդին առաջին անգամ հոր ընկերության կողմից իրականացվող աշխատանքները վերահսկել է 2022 թվականի սեպտեմբերին․  Մյասնիկյան գյուղի մանկապարտեզի զուգարանի վերանորոգման և ջեռուցման համակարգի կառուցման համար հայտարարված մրցույթում հաղթել է «Լուսի-Արեգ» ընկերությունը՝ Արմավիրի համայնքապետարանի հետ կնքելով 11.6 մլն դրամի պայմանագիր։ Նույն ամսում՝ տեխնիկական հսկողության ծառայությունների մատուցման համար հայտարարված մրցույթում էլ հաղթել է «Արտակ Մարտիրոսյան Համլետի» Ա/Ձ-ն՝ կնքելով 285 հազար դրամի պայմանագիր։

Երկրորդ անգամ այս ընկերություններն առնչվել են 2023-ի սեպտեմբերին, երբ Երևանի քաղաքապետարանի հետ  կնքված պայմանագրով «Լուսի-Արեգ» ընկերությունը պարտավորվել է իրականացնել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի «Երիտասարդական» այգու արտաքին լուսավորության ցանցի կառուցման աշխատանքները։ Պայմանագրի գինը կազմել է շուրջ 12․7 մլն դրամ։

Նույն ամսում քաղաքապետարանի հետ կնքված մեկ այլ պայմանագրով «Արտակ Մարտիրոսյան Համլետի» Ա/Ձ-ն էլ պարտավորվել է վերահսկել այդ շինարարությունը։ Պայմանագրով սահմանված էր, որ ընկերությանն այս ծառայության մատուցման համար կվճարվի 70 հազար դրամ։

Շինարարության գնի շուրջ 0․6%-ով տեխնիկական հսկողություն իրականացրած Արտակ Մարտիրոսյանը վստահեցնում է, որ միշտ էլ ցածր գնով են մասնակցում գնումներին։ Նա պնդում է, որ տեխնիկական հսկողությունն իրականացվում է պատշաճ կերպով։

«Եթե ուսումնասիրել եք մեր կազմակերպության գնումները, մենք ավելի էժան գներով էլ ենք հաղթել։ Տեխհսկողությունը իմ համար ապրուստի միջոց չի, տեխհսկողությունը իմ համար շինարարության որակը Երևանում ու Հայաստանում բարելավելն է»։

«Արտակ Մարտիրոսյան Համլետի» Ա/Ձ-ն էականորեն ցածր գնով տեխհսկողության պայմանագիր է կնքել նաև 2022 թվականին․ նա ընդամենը 950 դրամով է իրականացրել «Ավանգարդ Շին» ՍՊԸ-ի՝ Արտաշավանի «Կակաչ» մանկապարտեզի՝ 205 մլն դրամ արժեքով հիմնանորոգման աշխատանքների տեխհսկողությունը։։ 

Հայաստանում չեն գործում հստակ կարգավորումներ, թե որքան պետք է կազմի շինարարական և դրանց վերահսկողության աշխատանքների գների հարաբերակցությունը, սակայն, ըստ բյուջեների կազմման համար խորհրդատվական բնույթ կրող շինարարական աշխատանքների գնագոյացման նախահաշվային նորմերի,  տեխնիկական հսկողության ծախսերը տատանվում են շինարարության արժեքի 1-2 %-ի սահմաններում։

Այսպիսով՝ գնումների և քաղաքաշինության ոլորտների կարգավորումներում առկա բացերը տեխհսկողություն իրականացնողներին հնարավորություն են տալիս վերահսկել իրենց փոխկապակցված շինարարական ընկերությունների աշխատանքները՝ մեծացնելով պետական շինարարության ոլորտում  շահերի բախման ռիսկերը։